...

ԱԱԾ-ն կանխե՞լ է

ԱԱԾ-ն կանխե՞լ է

Տարօրինակ գործընթացներ են տեղի ունենում ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի շուրջ։ Մասնավորապես այն լրատվամիջոցները, որոնք տարիներ շարունակ թիրախավորել էին Արթուր Դավթյանին, հիմա կտրուկ դիրքորոշում են փոխել՝ վերջինիս ներկայացնելով որպես անփոխարինելի կադր։ Մի մասն էլ, որ Դավթյանին անփոխարինելի էր համարում, հիմա սկսել է նրա անվանարկման գործընթացը։ Ի՞նչն է պատճառը՝ փորձենք հասկանալ։

ԱԱԾ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս այսպես կոչված իշխանական հեղաշրջման փորձ է կանխվել։ Համաձայն մեր աղբյուրի՝ Արթուր Դավթյանի վրա որոշ շրջանակներ կարողացել են ազդել՝ նրան սարեր խոստանալով ապագայի համար։ Մասնավորապես՝ որոշված է եղել, որ Արթուր Դավթյանը իքս գործի շրջանակներում (չի բացառվում, որ խոսքը արցախյան 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների ծնողների՝ հանցագործության մասին հաղորդման մասին է) պետք է Նիկոլ Փաշինյանի մասով անսպասելի վատ որոշում կայացներ։ Որոշումը, բնականաբար, սատարում էր ստանալու փողոցում, և գործընթացին միանալու էին ուժային այլ կառույցների նախկին ու ներկա պաշտոնյաներ։ Սակայն ԱԱԾ-ն արագորեն կարողացել է «խեղդել հեղաշրջման փորձը» հենց բնում, և Արթուր Դավթյանին լիարժեքորեն վերցնել վերահսկողության տակ։ Այսօր արդեն մամուլը, հղում անելով քաղաքական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իրավաբան Լիլիթ Մանասերյանին, գրել է, թե իշխանությունը հիշել է մի կարճված առևանգման քրեական գործի մասին, որում ներգրավված կասկածյալները Արթուր Դավթյանի հարազատ հորեղբոր տղաներն են:

«Քրեական գործն իբրև տուժողի բողոքի հիման վրա կրկին վերաբացվել է, և կատարվում է քննություն: Առաջիկա օրերին սպասվում է, որ ականատես կլինենք հերթական շոուին, որի ի սկզբանե գլխավոր նպատակը գլխավոր դատախազին «զսպելն» է` Նիկոլ Փաշինյանի դեմ ներկայացված հաղորդում տալու մասին իրենց ցանկալի ելք ունենալու համար: Մնում է հուսալ, որ Արթուր Դավթյանը կղեկավարվի միայն օրենքով»,- հայտարարել է Մանասերյանը «Իրավունքի» հետ զրույցում:

Դեռևս հայտնի չէ, թե իշխանությունը ինչպես է պատրաստվում պատժել Դավթյանին, բայց մի բան հստակ է՝ մամուլի այն հրապարակումները, համաձայն որոնց՝ Դավթյանը պաշտոնավարելու է նաև երկրորդ անգամ, և հենց նա է ՔՊ թեկնածուն, առնվազն բարի ցանկություններ են՝ ուղղված առ Դավթյան։ Վերջինս հիմա պարզապես շարունակում է աշխատանքի գնալ ու գալ, բայց արդեն կոնկրետ վերահսկողության ներքո, կոնկրետ հրահանգավորմամբ և օրակարգով։ 

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   8296 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ