«Լավ կյանքը հասանելի է բոլոր այն մարդկանց համար, ովքեր կարող են և ուզում են ընթանալ կրթության ճանապարհով, ընդ որում՝ անկախ տարիքից», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«ՉԻ»․ Նիկոլ Փաշինյանը, իհարկե, ուզում է լավ ապրել։ 8 տարի առաջ էլ էր ուզում։ Բայց որոշել էր դրա համար ոչ թե «կրթության ճանապարհով» ընթանալ, այլ Գյումրի-Երևան մայրուղով՝ հընթացս լվանալով բոլոր նրանց ուղեղները, ովքեր կրթության ճանապարհով չեն ընթացել։ Իսկ ահա նրա թիմակիցների դեպքում «լավ կյանքը հասանելի է դարձել» գրեթե բոլորին։ Այդ թվում՝ սեպտեմբերին «սեկտեմբեր» ասող ՔՊ-ական պատգամավորին, փետրվարի 31-ին ինչ-որ որոշում ընդունող կամ բազմապատկման աղյուսակը չիմացող նախարարներին, կոկորդիլոսը թռչուն համարող նախկին մարզպետին, և այլն։
Բայց որպեսզի հանկարծ բոլորը չսկսեն լավ ապրել՝ պետք է այնպես անել, որ «կրթության ճանապարհով ընթանալը» հասանելի լինի ո՛չ բոլորին։ Դրա համար էլ սեպտեմբերի 1-ից Հայաստանում գործող 231 դպրոցներ փակվելու են։ Բայց՝ ոչինչ։ Չէ՞ որ կրթվելը նորաձև է, իսկ նորաձևությանը, որպես կանոն, ոչ բոլորն են հետևում։ Եթե բոլորը բրենդային հագուստ հագնեին, ո՞ւր կհասներ։
Համ էլ՝ «կրթության ճանապարհով ընթացածների» ուղեղները լվանալը բարդ է։ Որպես ի՞նչ պիտի նիկոլական իշխանությունները կտրեն այն ճյուղը, որի վրա նստած են։