...

Կոճակը գտել է, մնաց` վերարկուն

Կոճակը գտել է, մնաց` վերարկուն

«Մենք խնդիր ենք դրել մինչև 2026 թվականը 500 մանկապարտեզ կառուցել. Եթե հաշվում ենք այս ծրագիրը, եթե նկատի ենք ունենում պետական բյուջեով և հիմնադրամներով նորոգվողները, մենք մինչև 2026-ը ակնհայտորեն 500-ից ավելի մանկապարտեզ կկառուցենք: Մանկապարտեզի կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման մեջ մտնում է շենքի ամբողջական նորոգում, հիմնովին նոր գույք և միջավայրի հիմնովին թարմացում կամ կառուցում»,- այսօր կառավարության նիստում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա հրահանգել է, որ հիմնանորոգված դպրոցներում չպետք է որևէ օգտագործված բան լինի, ամեն ինչ պետք է անել նորից. «Կարելի է մեկ, երկու միլիոն դրամ ավելի ծախսել ու ստանալ լիարժեք պատկեր: Խնդրում եմ մինչև վերջ ապահովել: Վերջերս մի դպրոց գնացինք, ամբողջ գույքը նոր էր, մտանք հանդերձարան, այնտեղ էլի օգտագործված գույք տեսանք»,- ընդգծել է նա:

Մեկը փողոցում քայլելիս կոճակ է գտնում, ուրախանում է, ասում է՝ կոճակը գտա, մնաց վերարկուն էլ գտնեմ։ Հիմա Փաշինյանինն է։ Կրթության բովանդակության հարցը թողած՝ մանկապարտեզ է կառուցում։ Կրթական ռեֆորմի անհրաժեշտության մասին ծպտուն անգամ չկա։ Հեղափոխությունն արվեց, տնտեսական հեղափոխության ցրցամը տրվեց, բայց կրթական համակարգի հեղափոխությունն ավարտվեց այն պահին, երբ Արայիկ Հարությունյանը դարձավ կրթության նախարար։ Մտքի հեղափոխությունից էր խոսում վարչապետը՝ բացարձակ կարևորություն չտալով կրթության հեղափոխությանը։ Մինչդեռ միտքը չէր կարող հեղափոխություն արձանագրել, առանց կրթական «շենքի» սպասարկման։ Այսօր կրթական ծրագրերը, մթնոլորտը, համակարգի բարքերը, մասնագետները նույնն են մնում՝ առանց «վերանորոգման», իսկ շենքերը, պարզվում է, էլ չեն կարող «ձգել»։

Իրականում պարզ է՝ շենքերի վերակառուցումից ու նորոգումից որոշ շրջանակներ կհարստանան, կառավարությունը մեկ անձից գնումներ կկատարի, այդ անձերն էլ օրինաչափորեն փոխկապակցված ազգականներ կունենան իշխանության մեջ, և հարցը սրանով կփակվի։ Բուն խնդիրը կմնա։

Թերուսներն էլի հմտորեն կդիրքավորվեն քաղաքական համակարգերում, բարձրագույն կրթությունից հեռու արարածները կմանդատավորվեն, դիպլոմով «շուստրիները» կքծնեն։ Ի՞նչ անենք, կարևորը՝ 2026 թվականին 500 մանկապարտեզ կունենանք։ Ոչինչ, որ այդ մանկապարտեզներում, հնարավոր է, կդրվեն Հայաստանի ապագա քաղաքացու դեգրադացման հիմքերը։ Ով կփրկվի՝ լավ, ով ոչ՝ գոնե հնարավորություն կունենա լավ կահավորված, թարմ շենքերում երջանիկ մանկություն ունենալ։

Գոհար Վեզիրյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1602 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ