...

ԱԱԾ-ն միշտ վերջում զգուշացնում է

ԱԱԾ-ն միշտ վերջում զգուշացնում է

Արցախի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո էլ Ադրբեջանը չի հրաժարվել իր նենգ ծրագրերից ու շարունակում է Արցախի Հանրապետության խաղաղ բնակչությանն ահաբեկելուն, արցախցիների մեջ պլանավորված խուճապ ձևավորելուն և այն պահպանելուն ուղղված քայլերը: Ըստ ԱԱԾ-ի՝ այդ մեթոդներն ու հնարքները պարբերաբար փոփոխվում, կատարելագործվում են: «Այս անգամ որպես թիրախ սկսել են ընտրվել ոչ միայն քաղաքացիական անձինք, այլև զինծառայողները, որոնց հետ Ֆեյսբուք, Վկոնտակտե, Թելեգրամ և սոցիալական այլ ցանցերում բացված կեղծ ու գայթակղիչ էջերով տևական ժամանակ շփվելուց և կապ ձևավորելուց հետո ձեռք են բերվել անձնական տվյալներ՝ անձնագրի, զինվորական գրքույկի լուսանկարներ, վարել ինտիմ բնույթի ու անպարկեշտ արտահայտություններ պարունակող գրագրություն, ստացել մարմնի տարբեր մասերի լուսանկարներ, որից հետո դրանք հրապարակելու սպառնալիքի գործադրմամբ մեր քաղաքացուն դարձրել սեփական պահանջները բավարարելու գործիք: Անձնական տվյալների և պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող տեղեկությունների հրապարակման վտանգի ռիսկով շղթայված անձանցից հետագայում փորձ է արվել ստանալ Արցախի Հանրապետության տարբեր վայրերի լուսանկարներ, զորամասերի տեղակայման վայրերի, սպառազինության մեջ մտնող զենքի ու զինամթերքի տեսակի և քանակի վերաբերյալ տեղեկություններ»,- նշել է Արցախի ԱԱԾ-ն:

Առաջին փուլով՝ անձնագրի տվյալներ, զինվորական գրքույկի լուսանկարներ, մարմնի տարբեր մասերի լուսանկարներ։ Երկրորդ փուլով՝ Արցախի տարբեր վայրերի լուսանկարներ, զորամասերի տեղակայման վայրերի, սպառազինության մեջ մտնող զենքի ու զինամթերքի տեսակի և քանակի վերաբերյալ տեղեկություններ։ Փաստորեն տեղահանված արցախցիները Երևանում՝ կառավարության շենքի առաջ, պայքարում են իրենց կորցրած սեփականության և ապրելու պայմանների համար, իսկ Ստեփանակերտում ոմանք նստած «ինտերնետներում տժժում են»՝ ինտիմ լուսանկարների հետ պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ հաղորդելով ադրբեջանցիներին։ Եվ այս ամենը պոստֆակտում արձանագրում է Արցախի ԱԱԾ-ն։ Շատ հուզիչ պատմություն է, որտեղ հեչ տեղին չէ ադրբեջանցիներին նենգ ու ստոր անվանելը։ Այդ երկրում հատուկ ծառայություններն աշխատում են՝ ի նպաստ իրենց երկրի շահի, իսկ ի՞նչ են անում մերոնք. այո, դեպքից դեպք հանդես են գալիս հայտարարությամբ՝ մարդկանց առաջարկելով աշխատել իրենց իրավագիտակցության բարձրացման ուղղությամբ։ Շատ օպերատիվ ԱԱԾ է, մնում է բարձրացնի պրոֆեսիոնալիզմը։

Գոհար Վեզիրյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1793 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ