Ինքն ու Աննան պատրաստվում են գնալ Գյումրի՝ պատարագի մասնակցելու։ «Հա, բայց ինչի՞ հենց Յոթ Վերք եկեղեցի», տրտնջում է Աննան, «եթե վերք ասելով մեր վարչապետության յոթ տարիները նկատի ունեն՝ մենք յոթուկես տարի՛ է, ինչ վարչապետ ենք»։ Ապա շարունակում է․ «էդ ճիշտ ա՞, որ որոշել ես հոգևորականներին է՛լ վեթինգ անել»։ «Չէ, վեթինգ չեմ անելու, «Բենթլինգ» եմ անելու», առանց հայացքը սմարթֆոնից կտրելու՝ պատասխանում է ինքը։ «Յա՛, «Բենթլիները» վերադարձնելու ես ժողովրդի՞ն», աշխուժանում է Աննան, «ես էլ կակռազ շուտվանից սպիտակ «Բենթլի» էի ուզում․․․»։
Հասնում են Գյումրի։ Եկեղեցին արդեն երեք օղակով շրջափակված է ԱԱԾ աշխատակիցներով, Ալեն Սիմոնյանն անձամբ շրջում է մարդկանց մեջ, որպեսզի պարզի, թե ո՞ւմ երեսին արժե թքել անվտանգության նկատառումներից ելնելով, Տիգրան Ավինյանը հատ-հատ ստուգում է տարածք մտնող ավտոմեքենաների «Անիֆ»-ները, որպեսզի հանկարծ որևէ համբալ իրա գեղի «Օպել»-ով չհարամի պատարագը․․․
Իսկ եկեղեցու ներսում ամեն ինչ պատրաստ է։ Նույնիսկ քահանա են գտել։ «Էն քահանայի կողքի սարկավագի դեմքը ծանոթ ա», թեքվելով Աննայի ականջին՝ շշնջում է ինքը, «էն 88 սուպերմարկետի ջրեղենի բաժնի մենեջերը չի՞»։ Աննան քթի տակ խորհրդավոր ժպտում է․․․
Պատարագը սկսվում է։ Քահանայի թիկունքին կանգնած են ԱԱԾ երկու աշխատակիցներ, որոնցից մեկն ատրճանակի փողը սեղմել է նրա մեջքին, իսկ մյուսը ձեռքին պատրաստ պահել է թմրանյութ հիշեցնող ինչ-որ փոշի՝ անհրաժեշտության դեպքում նրա գրպանը գցելու համար։ Խորանի առջև էլ՝ ամենաերևացող տեղում, կանգնած է դատավոր Մասիսը, ձեռքին՝ կալանքի որոշման պատրաստի տեքստը։ Եվ ահա պատարագի ամենալարված հատվածն է․․․ «Տե՛ր, պահեա-պահպանեա զՆիկոլն․․․», վախեցած հայացքը Մասիսի ձեռքի թղթին հառած՝ խեղճացած ձայնով ասում է քահանան, ու բոլորը միանգամից թեթևացած շունչ են քաշում․․․
Աննան արմունկով թեթևակի խփում է իր կողին․ «Նիկոլ, պրծի դուրս գանք, էլի, էն աղավնի վարժեցնողը վռազացնում ա, կամերաները պատրաստ սպասում են»։ Եկեղեցուց դուրս են գալիս, բայց վարժեցված աղավնին, ըստ երևույթին ծափահարություններից շփոթված, իր ուսին իջնելու փոխարեն ծրտում է պիջակի վրա․․․ «Հարստանալո՛ւ ես, հարստանալո՛ւ ես», հրճվանքից տեղում ցատկոտում է Աննան, իսկ ինքը նայում է տեսախցիկներին ու ասում․ «ես հենց նոր հասկացա, որ մինչև վարչապետ դառնալս չեմ հարստացել աղավնիների՝ ինձ վրա ծրտելու հմտությունների բացակայության պատճառով»։ Բայց Աննայի ոգևորությունը չի մարում։ Մատով կանչում է Խաչատուր Սուքիասյանին ու ցույց տալիս Նիկոլի պիջակը․ «հարստանալո՛ւ է, հարստանալո՛ւ է, ես նույնիսկ գիտեմ, թե կոնկրետ երբ և ինչ գումարի չափով․․․»։ «Դե հերիք էղավ-բոլ էղավ, էլի», քթի տակ փնթփնթալով՝ մի կողմ է քաշվում Խաչատուր Սուքիասյանը, «վե՛րջ, էլ չե՛մ առաջադրվելու»․․․
Արթնանում է հակասական զգացողություններով։