...

Եկեղեցու հարցում Ալիևի և «մյուս տղայի» շահերը համընկել են

Եկեղեցու հարցում Ալիևի և «մյուս տղայի» շահերը համընկել են

Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ ԿԳԲ գործակալ լինելու վերաբերյալ ՀՀ ԱԱԾ հրապարակած «փաստաթուղթը», իհարկե, կարգին զվարճացրեց հայ հանրությանը։ Զվարճանալու պատճառ իսկապես էլ կար․ հրապարակված «փաստաթուղթը» ոչ միայն հայերեն էր (թեև խորհրդային ԿԳԲ-ի բոլոր փաստաթղթերը լրացվում էին ռուսերեն), այլև 1986-ի այդ «փաստաթղթում օգտագործված էր այնպիսի տառատեսակ, որը ստեղծվել է միայն դրանից 9 տարի անց՝ 1995-ին։

Իսկ ահա նիկոլական այդ խայտառակության բուն նպատակը կռահելու հարցում վրիպեց ոչ թե իշխանությունը, այլ ընդդիմությունը։ Առավել տարածված տեսակետն այն էր, թե Նիկոլ Փաշինյանը պարզապես Եկեղեցին քանդելու իր մոլագարության մեջ հերթական անգամ «ֆազերը քցել է» ու համապատասխան հանձնարարական տվել ԱԱԾ-ին՝ դրանով իսկ փորձելով ավարտին հասցնել Եկեղեցին ավերելու իր ծրագիրը, մինչդեռ իրականում բուն թիրախը ոչ թե Մայր Աթոռն էր, այլ ԱԱԾ-ն։ Պարզ ասած՝ այդ քայլի նպատակը ոչ թե ՀԱԵ-ն ոչնչացնելն էր, այլ ԱԱԾ-ն։

Կարող է հարց առաջանալ՝ իսկ Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ պիտի ձգտի ոչնչացնել ՀՀ ԱԱԾ-ն՝ մի կառույց, որը կարծես թե լիովին իր գրպանում է ու ծառայում է իր անձնական նպատակներին։ Պատասխանը, կարծում ենք, մեկն է՝ մեծ հավանականությամբ, դա նույնպես Ադրբեջանի և Թուրքիայի պահանջն է։ Մոտավորապես այնպես, ինչպես պահանջում են սահմանափակել բանակի թվակազմն ու սպառազինությունը։ 

Բանն այն է, որ խորհրդային ԿԳԲ-ում հայերը բավականին ծանրակշիռ դերակատարում ունեին՝ առաջին հերթին պայմանավորված Սփյուռքի գոյությամբ, և ԽՍՀՄ փլուզումից հետո ազգությամբ հայ գործակալների առնվազն մի մասը կարող էր աշխատել արդեն նորանկախ Հայաստանի հատուկ ծառայությունների համար, ինչի շնորհիվ էլ մեր հատուկ ծառայությունները որոշակի առավելություններ կունենային նախկին խորհրդային այլ հանրապետությունների (օրինակ՝ Ադրբեջանի) նկատմամբ։ Բանակի դեպքում, օրինակ, այդ սխեման շատ փայլուն աշխատեց։ ԽՍՀՄ փլուզումից հետո խորհրդային բանակում ծառայող հայ գեներալների ու բարձրաստիճան սպաների մի մասը ծառայության անցավ ՀՀ զինված ուժերում, ու նաև (գուցե նույնիսկ՝ առավելապես) հենց նրանց շնորհիվ էլ մենք հաղթեցինք արցախյան առաջին պատերազմում։ Ուրեմն ինչո՞ւ նույն սխեման չէր կարող աշխատել նաև հատուկ ծառայությունների դեպքում։ Կարող էր, և վստահաբար՝ աշխատել է։ 

Օբյեկտիվորեն՝ Ադրբեջանը չէր կարող և հիմա է՛լ չի կարող ունենալ նման աշխարհասփյուռ ցանցի գոնե տեսական հնարավորություն։ Փոխարենը՝ կարող է պահանջել, որ Հայաստանը նույնպես չունենա, այսինքն՝ իր իսկ ձեռքով ոչնչացնի արդեն իսկ առկա կամ տեսականորեն ձևավորվելու պոտենցիալ ունեցող կառույցը։ Ի վերջո՝ ցանկացած պետության հիմքերը խարխլելու համար անհրաժեշտ է քայքայել նաև այդ երկրի ուժային կառույցները, այդ թվում՝ նաև հատուկ ծառայությունները, իսկ դրա ամենակարճ ճանապարհը հատուկ ծառայությունների նկատմամբ սեփական ժողովրդի վստահությունը քայքայելն է։ Ինչը և տեղի ունեցավ՝ ԱԱԾ կողմից Կաթողիկոսի եղբոր մասին «փաստաթուղթը» հրապարակելու դեպքում։ 

Մի խոսքով՝ չի կարելի բացառել, որ այդ «օպերացիան» ոչ այնքան Նիկոլ Փաշինյանի կազմակերպածն էր՝ ընդդեմ Եկեղեցու, որքան Ադրբեջանի կազմակերպածը Նիկոլ Փաշինյանի միջոցով՝ ընդդեմ ՀՀ հատուկ ծառայությունների։ Պարզապես Ալիևի և «մյուս տղայի» շահերը հերթական անգամ համընկել են։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   563 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ