...

Երեխաների վաճառքի ընթացքում ԱԱԾ-ն խո՞տ էր ուտում-քաշում, թե՞ համագործակցում էր

Երեխաների վաճառքի ընթացքում ԱԱԾ-ն խո՞տ էր ուտում-քաշում, թե՞ համագործակցում էր

2015-2018թթ. ընկած ժամանակահատվածում օտարերկրյա քաղաքացի հանդիսացող անձանց կողմից ՀՀ քաղաքացի մանկահասակ երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրանք է առաջադրվել 11 անձի: Ամենաբարձր վճարները նախատեսված են եղել ՀՀ քաղաքացի հանդիսացող երեխաների համար՝ 15,000-25,000 եվրոյի չափով: Հայազգի երեխաների որդեգրելու ցանկություն ունեցողները դիմել են իտալական 3 ընկերությունների հայաստանյան ներկայացուցչին, ներկայացրել երեխայի՝ իրենց նախընտրած սեռը և այլ հատկանիշներ, որից հետո լրացրել և ներկայացրել են անհրաժեշտ դիմում ու այլ փաստաթղթեր, կատարել սահմանված վճարները, որից հետո Հայաստանում որդեգրում նախաձեռնելու պրոցեսն իրագործող հիշյալ անձը, իր հանցակիցների հետ, ստանձնել է իր կողմից մշակված սցենարով որդեգրման գործընթացը: Որդեգրման այդ պրոցեսի համար, արտաքուստ իբրև ծախսեր նախատեսված վճարները, իսկ իրականում իբրև յուրաքանչյուր երեխայի վաճառքի համար նախատեսված 15,000-25,000 եվրո գումարները, ստացել է բանկային փոխանցումների միջոցով կամ առձեռն՝ ինչպես կազմակերպություններից, այնպես էլ որդեգրողներից, որն ընդհանուր առմամբ, 15 տարվա ընթացքում կազմել է ավելի քան 1,200,000 եվրո: Գործել է կազմակերպված հանցավոր խմբավորում՝ ՀՀ ծննդօգնության բնագավառում գործունեություն իրականացնող հիմնարկի աշխատակիցներ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրենը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետը, ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության պետը, նույն գործակալության ապոստիլի և միջազգային պայմանագրերի բաժնի պետը, ինչպես նաև հիշյալ ընկերությունների ներկայացուցչի մտերիմ, թարգմանչական ծառայություններ մատուցող անձը: 

Այս հրեշավոր հանցագործության մասին երկար ու մանրամասն հաղորդագրություններ են տարածել ՀՀ քննչական կոմիտեն, ՀՀ գլխավոր դատախազությունը։ Դրանք մինչև կարդում ես, շնչահեղձ ես լինում։ Հայաստանի մասին շատ բաներ կարելի է լսել, հավատալ կամ չհավատալ դրանց, դրանք որոշակիորեն կապել այն մենթալիտետի հետ, որի կրողն է հայը։ Բայց երեխաների առուվաճա՞ռք, այն էլ՝ խաբեության, արտաամուսնական անցանկալի հղիությունը փողի դիմաց չընդհատելու, սոցիալապես աղքատ ու խոցելի շերտերի մայրերի մոլորված վիճակը շահադիտական նկատառումներով օգտագործելու գնո՞վ։ Դեմոգրաֆիական աղետի շեմին կանգնած հասարակության էլիտան տևական ժամանակ երեխա է վաճառել ու հարստացել։ Ցնդելու բան է։ Ոնց ուզում եք դիտարկեք. բոլոր մակարդակներով՝ անձնականից մինչև պետական, գործ ունենք հանցագործության այնպիսի տեսակի հետ, որը ծանրագույններից է։ Եվ ԱԱԾ-ն այստեղ ամենակարևոր օղակն է։ ԱՄԵՆԱԿԱՐԵՎՈՐ։ 

Գոհար Վեզիրյան 
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3966 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ