...

ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները

ԱԱԾ-ն պետք է կանխի Քոչարյանի գայթակղությունները

ԱԱԾ-ն բռնեց Դիանա Հարությունյան անվամբ ֆեյք օգտատիրոջը, որը կեղծ լուրեր էր տարածում: Ավելի ճշգրիտ, իրավական կարգավիճակը դժվարանում ենք նշել, քանի որ ԱԱԾ-ն ինքն է կամուկացի մեջ, թե ինչպես ներկայացնի «Դիանա Հարությունյանին»՝ բերման ենթարկված, ձերբակալված, թե՞ պարզապես կանչել են բացատրական զրույցի: 

Դրանից օրեր առաջ ձերբակալվեց ևս մեկը, ով փորձում էր Մարտի մեկի վկաներին հետ պահել դատարանում ցուցմունք տալուց: Ամանորից առաջ կալանավորվեց Հինգերորդ ալիքի տնօրեն Արմեն Թավադյանը, որը լրջագույն ստվերային ներգրավվածություն ուներ Քոչարյանի աջակիցների հետ տարվող աշխատանքներում:

Բայց խնդիրը մնում է: Եվ որքան մակերեսային դիտվեն այդ ճամբարից եկող վտանգներն ու մարտահրավերները, այնքան ավելի ծանր են լինելու այդ խմբակում նախապատրաստվող  դավադրությունների հարվածները և հետևանքները: 

Առ այսօր իշխանությանը չի հաջողվել լուծել ամենակարևոր խնդիրը: Չի կարողացել չեզոքացնել Քոչարյանի ամենամեծ կռվանը՝ փողի գործոնը: 

Փոքր երկիր, աղքատների մեծ շերտ, նախկին հանցագործություններով կապվածների լուրջ խումբ և անսահման ֆինանսական ռեսուրսներ: Ահա այս միքսը մի գեղեցիկ օր ոչ միայն մարտահրավեր է նետելու հեղափոխությանը այն սրբագրելու առումով, այլև որոշակի հանգամանքների դեպքում կարող է անգամ պատուհաս դառնալ պետականության համար:

Ժամանակն է, որ ԱԱԾ-ն դադարի շոուներ նկարել և հասարակությանը մանր ձկներ մատակարարելով՝ աշխատանքի իմիտացիա ստեղծել: Առավել քան հասունացել է պահը, որպեսզի բացահայտվի, թե ինչ նպատակով է ստեղծվել «Վերնատունը», ինչ ֆինանսական միջոցներով է աշխատում, և ամենակարևորը՝ ինչ խարդավանքներ են նախապատրաստվում նրա խոհանոցում: 

Ժամանակն է, որ ԱԱԾ-ն լրջագույնս հետաքրքրվի Քոչարյանի հարազատների գործունեությամբ և նրանց զրկի դավադրություններ կազմակերպելու մտադրությունից:

Ի վերջո, պետք է հստակություն մտցվի՝ ինստիտուտները աշխատո՞ւմ  են, թե՞ ժամանակ առ ժամանակ ցուցադրական ելույթներով են հանդես գալիս: 

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   90605 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ