...

Ում է ձեռնտու խորհրդարանական ծեծը

Ում է ձեռնտու խորհրդարանական ծեծը

Խորհրդարանը վերջապես սկսեց արդարացնել իր հետ կապված հույսերը։ Եվ սա ամենևին էլ հեգնանք չէ: Հնարավոր չէր, որ մի տեղ հայտնվեին Նիկոլ Փաշինյանի, Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի գլխավորած ուժերը և գործը չհասներ ծեծուջարդի: Դա կլիներ անոմալիա, կստացվեր, որ այդ մարդիկ դավաճանում են իրենց էությանը, իրենց հետագծին: Իսկ ինչպես հայտնի է, իրենք ամենից կատաղի պայքարը մղում են դավաճանության դեմ: Դե իրենք իրենց ողջ էությամբ ատում են դավաճանությունը, երբեք չեն դավաճանել, հատկապես քաղաքական թիմերին, նրանց առաջնորդներին ու երբևէ հայտարարած սկզբունքներին:

Երեկվանից դիսկուրս է, թե ում էր ձեռնտու խորհրդարանում տեղի ունեցածը: Իշխանությունը հերթական անգամ շատ մեծ խնամքով, մեծ հնարամտությամբ մի պարտիա է խաղարկում, իսկ ընդդիմությունը, սովորության համաձայն, չի հասկացել, թե վերջում ինչ է ստանալու: Նույնը տեղի ունեցավ արտահերթ ընտրությունների պարագայում: Նիկոլ Փաշինյանը բեմադրեց խեղճություն, թուլություն, իսկ Ռոբերտ Քոչարյանը մեծ ախորժակով կուլ տվեց խայծը: Իրեն թվաց, թե Նիկոլը այնքան է թուլացել, որ կարող է ընտրությունների միջոցով առաջին անգամ հաղթանակ տանել: Իշխանությունը ամեն ինչ արեց, որ Քոչարյանի մոտ էյֆորիա ձևավորվի: Չխանգարեց, որ տարբեր մարդիկ ու ուժեր փողեր վերցնեն նրանից, չխանգարեց, որ սրտի ուզածի չափ շտաբներ ձևավորի, չխանգարեց բեմականացված քարոզարշավը, և Քոչարյանը թյուր կարծիք կազմեց հասարակական տրամադրությունների վերաբերյալ:

Հիմա էլ իշխանությունը ամեն ինչ անում է ստեղծելու այն առասպելը, թե խորհրդարանում տեղի ունեցողը առաջինը վնասում է իրեն: Անընդհատ կոչ է անում, որ պետք է վերադառնալ կոնստրուկտիվ դաշտ, համատեղ աշխատել մարտահրավերների ուղղությամբ և այլն: Բայց կա մի բայց:

Փաշինյանը գիտի, թե որքան և ինչ բովանդակության խոստումներ է տվել իրեն քվեարկած 670 հազար քաղաքացիներին: Որոշ ժամանակ հետո գալու է պահը, երբ այդ մարդիկ հարցնելու են, թե ինչ եղավ խոստումների հետ: Եվ այդ ժամանակ չափազանց կարևոր է լինելու կրկին քաղաքական իրողությունները վատ սերտած ընդդիմության անհեռատես վարքագիծը: Փաշինյանը օրերս հայտարարեց, որ մայիսին, իր խոսքերով Հայաստանի համար չափազանց բարենպաստ դելիմիտացիայի և դեմարկացիայի ծրագիրը տապալվեց, որովհետև Հայաստանից տեղի ունեցավ գաղտնազերծում: Իբր այդ հանգամանքը խանգարեց, որ Հայաստանի համար շատ ձեռնտու պայմաններով համաձայնություն ստորագրվի: Բոլոր հետագա ձախողումների մեղքը դրվելու է այս անհեռատես, միայն մի քանի վիրավորական բառեր թութակի պես արտասանող ընդդիմության վրա: Հաշվի առնելով Փաշինյանի հատուկ հմտությունները՝ հասարակության մի հատվածը համաձայն է լինելու է այդ տեսակետին, թե ձախողումների պատճառը Սեյրան Օհանյանի շիշ շպրտելն է կամ Աննա Մկրտչյանի հիստերիկ ներկայացումները: Ներդրումներ չեն լինելու, քանի դեռ խորհրդարանում իրար են ծեծում: Այսպես է բացատրվելու: Առաջին անգամ չէ:

Իրականում այս ընդդիմությունը նվեր է իշխանությանը: Թյուր է այն տեսակետը, թե նրանք խանգարում են կամ գլխացավանք են: Նրանք մտացածին ալիբի են առաջիկա անխուսափելի ձախողումները բացատրելու, հիմնավորելու և քողարկելու համար: Ժողովրդի մի հատվածն ասելու է՝ ի՞նչ անի այդ մարդը, թողնո՞ւմ են, որ աշխատի, չե՞ք տեսնում, թե ինչ են անում խորհրդարանում: Մինչդեռ տրված խոստումների առյուծի բաժինը որևէ կապ չունի օրենսդրական աշխատանքի հետ:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1297 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ