...

Ադրբեջանում ավելանալու են հայատյացության ու խելագարության նոպաները

Ադրբեջանում ավելանալու են հայատյացության ու խելագարության նոպաները

Արտաքին գործերի նախարարի պաշտոնից պաշտոնանկ անելով Էլմար Մամեդյարովին՝ Իլհամ Ալիևը խոստովանում է արցախյան հարցով տապալված արտաքին քաղաքականության ու դիվանագիտության մասին և այս ճակատում կրած բոլոր անհաջողությունների համար քավության նոխազ դարձնում նախկին արտգործնախարարին։ Ալիևը այս թեմայով խոսելով՝ նշել է, թե Մամեդյարովն ակտիվ ու ագրեսիվ արտաքին քաղաքականություն չի վարել, Հայաստանի հետ չափազանց փափուկ ու «կառուցողական» է եղել, նաև մեղադրանքներ է ներկայացրել իր դեսպաններից ոմանց, որոնք, ըստ իրեն, ծառայել են արտաքին ուժերին ու օտար երկրներին, վերջիններիս օգտին լրտեսություն արել։

Հատկանշական է, որ Ալիևը արտաքին գործերի նախարարության ձախողումների մասին խոսում է այն օրերին, երբ իր բանակը տավուշյան ճակատում խայտառակ պարտություններ է կրում, այսինքն՝ մի այնպիսի ժամանակահատվածում, երբ ակնհայտ ձախողումներ են լինում ռազմական ասպարեզում։ Այս պարագայում թերևս տրամաբանական կլիներ, որ Ալիևը նախ մեղադրանքներ ներկայացներ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին ու բանակի ղեկավարությանը, որոնք տապալում են ցանկացած գործողություն, ոչնչացնում ուժեղ բանակ ունենալու առասպելը, ջուրը լցնում ռազմական տեխնիկայի ու սպառազինությունների համար ծախսված միլիոնավոր դոլարներ։

Մենք գիտենք, որ Ալիևը Մամեդյարովի վրա ատամ ուներ անկախ Տավուշում սկսված մարտական գործողություններից։ Նրա պաշտոնանկությունը, այսպես, թե այնպես, լինելու էր։ Ուղղակի վերջին իրադարձությունները լավ առիթ էին դա կոնկրետ պահին իրագործելու համար։ Իսկ Մամեդյարովի «անհետանալը» ու դրա մասին հրապարակավ բարձրաձայնելը՝ պաշտոնանկության գործընթացին ուղեկցող կծու սոուս էր։
Չի բացառվում, որ տավուշյան մարտական գործողությունների ավարտից հետո նույն բախտին արժանանան նաև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ու բանակային որոշ ղեկավարներ, մանավանդ որ, տևական ժամանակ Ադրբեջանում ընթացող ներքաղաքական, ավելի ճիշտ՝ ներիշխանական պայքարում, նրանց վրա էլ է ինտենսիվորեն տակառ գլորվում։

Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը հայտարարել է, թե Ադրբեջանում տեղի ունեցող զարգացումներում խնդիրը ոչ այնքան արտաքին է, որքան ներքին. «Ադրբեջանում վաղուց են տեղի ունենում կադրային փոփոխություններ և այնպիսի տպավորություն է, որ այդ կադրային փոփոխությունները շատ հեռահար նպատակներ ունեն, ընդհուպ մինչև նախագահի փոփոխություն»: Թերևս նկատի ունի այն կանխատեսումները, որ նախագահի պաշտոնում Ալիևին փոխարինելու է նրա կինը՝ Մեհրիբան Ալիևան։ Եվ ընդհանրապես, Ադրբեջանում ընթացող ներիշխանական խմորումները, ըստ ամենայնի, կապվում են երկու կլանների՝ Ալիևների (նախիջևանյան կլան) ու Ալիևի կնոջ գերդաստանի՝ Փաշաևների կլանի միջև ընթացող պայքարի հետ, ինչից կարելի է ենթադրել, որ տեղի ունեցող փոփոխությունների ետևում կանգնած են Փաշաևները:
Մինչ այդ, մեզ համար առավել հետաքրքիր է, թե արտաքին գործերի նախարարի փոփոխությունից հետո ինչ փոխակերպումների է ենթարկվելու Ադրբեջանի արտաքին քաղաքականությունը, մասնավորապես՝ արցախյան հարցում։ Ուշագրավ է, որ նորանշանակ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դիվանագետ չէ, երբևէ չի աշխատել արտաքին քաղաքական ճակատում, որևէ փորձառություն չունի դիվանագիտական աշխատանքում, բանակցություններ վարելու ասպարեզում։ Նա մասնագիտությամբ տնտեսագետ-իրավաբան է, վերջին շրջանում եղել է կրթության փոխնախարար ու նախարար։ 

Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը մեկնաբանելով Ջեյհուն Բայրամովի նշանակումը Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի պաշտոնում, իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ցանկանո՞ւմ եք իմանալ, թե ով է Ադրբեջանի նոր արտգործնախարարը: Ջեյհուն Բայրամովը եղել է կրթության նախարարը և փոխնախարարը, երբ ուսուցիչներն ու դաստիարակները երեխաներին սովորեցնում էին ատել Հայաստանը: Հայատյացությունը, կարծես, նրա բնույթն է, և նոր պաշտոնում առաջին պաշտոնական հանդիպումը Հունգարիայի դեսպանի հետ խորհրդանշական է, իսկ կարող է և դիտավորյալ է կազմակերպվել՝ հաշվի առնելով հայատյացության քաղաքականության մեջ կացնով զինված Սաֆարով հանցագործի դերը»:

Այսինքն՝ կարելի է ենթադրել, որ այս նշանակումով Ադրբեջանում էլ ավելի է մեծանալու հայատյացության քարոզը ու էլ ավելի է սրվելու Արցախի հարցում ադրբեջանցիների՝ առանց այն էլ ընդգծված ապակառուցողականությունը։

Հ.Գ. Արտաքին գործերի նախարարի պաշտոնում Բայրամովի բենեֆիսը «նշանավորվեց» միջազգային խոշոր սկանդալով, երբ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն տարածեց Մեծամորի ատոմակայանը հրթիռակոծելու մասին։ Սա ոչ միայն տարրական անգրագիտություն է (քանի որ նման խելագար քայլի դեպքում խոշոր վնասներ կկրեն նաև Ադրբեջանն ու իր մեծ եղբայր Թուրքիան, էլ չասած Իրանի մասին), այլ նաև հաղորդում մարդկության դեմ հնարավոր հանցագործության մասին։ Պատահական չէ, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն անմիջապես հայտարարություն տարածեց այդ սպառնալիքի մասին. «Այն գործողությունները, որոնցով սպառնում է Ադրբեջանի ՊՆ-ն, հանդիսանում են ընդհանուր առմամբ միջազգային հումանիտար իրավունքի և, մասնավորապես, Ժնևյան կոնվենցիայի առաջին լրացուցիչ արձանագրության աղաղակող խախտում: Նմանօրինակ սպառնալիքները պետական ահաբեկչության ուղղակի դրսևորում են և արտահայտում են Ադրբեջանի ցեղասպան մտադրությունները»:

Համլետ Կիրակոսյան

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ