...

Նիկոլ Փաշինյանի երազը

Նիկոլ Փաշինյանի երազը

Ինքը, ծղոտե շլյապան գլխին, շորտիկով ու չստիկներով, պեռաշկի կծելով մտնում է կառավարության նիստերի դահլիճ, ու ներս մտնելուն պես՝ նախարարները դժկամությամբ ոտքի են կանգնում։ Ինքը մի պահ զարմանում է․ «չհասկացա, էս դո՞ւք ստեղ ինչ եք անում, ձեզ չեմ ասե՞լ՝ կառավարությունը ե՛ս եմ։ Լավ, էկել՝ էկել եք, նստեք։ Աղջիկ ջան, մի հատ կոֆե դիր»։ Աղջիկը քթի տակ փնթփնթում է, որ ինքն այնուամենայնիվ արդարադատության նախարարն է․․․ «Հա՞, զարմանում է ինքը, դե որ տենց ա՝ մի հատ քո արդար ձեռով կոֆե դիր», բայց ոչ մեկը չի ծիծաղում, բոլորը թարս-թարս նայում են։

Ինքը զգում է, որ ինչ-որ բան այն չէ, բայց այդ պահին հեռախոսը զանգում է։ Ինքը վերցնում է, մի քանի անգամ գոռում «ալո՛, ալո՛», ապա մի կողմ շպրտում․ «զզվացրեցին, արա՛, սրանց ձեռը լրիվ ՔՊ-ն ենք ընկել, ռուսներն ասում են՝ Նժդեհի արձա՛նը քանդի, թուրքերն ասում են՝ Ծիծեռնակաբե՛րդը քանդի, ամերիկացիք ասում են՝ էն անտեր Գայի արձա՛նը քանդի․․․»։ «Շե՛ֆ, ի՞նչ էն անտեր Գայ, Թրամփն ա, ասում ա ընադեր գայ», ուղղում է Արարատ Միրզոյանը։ «Բա տենում ե՞ս, որ կրթվելը նորաձև ա», ոգևորվում է ինքը, «դե զանգեք էն համբալիչին՝ թող Գայի արձանը քանդի»։

Բայց ոչ մեկը տեղից չի շարժվում։ Միայն Անահիտ Ավանեսյանն է լուռ մոտենում, գրպանից մի բուռ դեղահաբեր հանում ու դնում սեղանին․ «պարոն վարչապետ, Աննան ասել ա՝ կհիշեցնեք, որ դեղերը չուշացնի»։ Այդ պահին սենյակ են մտնում երկու դիմակավորված ոստիկաններ, ետևից մոտենում, բռնում իր թևատակերից ու դուրս բերում։ Արսեն Թորոսյանը ետևից կանչում է․ «մի՛ լարվեք, պարոն վարչապետ, Ձեզ տանում են Ձեր առաջվա բանտախուցը, նախկին նախագահները համաձայնվել են այնտեղ բանավիճել Ձեզ հետ․․․»։ 

Բայց աչքերը բացում է ոչ թե բանտախցում, այլ հիվանդասենյակում։ Լուսամուտներն էլ, չգիտես ինչու, ճաղապատ են։ «Խաղաղությունը հիվանդանում է, բայց չի՛ մեռնում, ես պահանջում եմ դիագնո՛զ», սկսում է գոռգոռալ ինքը։ Աղմուկի վրա ներս են վազում մի քանի սանիտարներ, ու սրանցից մեկը, գնահատելով իրավիճակը, ասում է «ուրիշ ճար չկա, բերեք սրան քարաբաղնիս անենք»։ Անմիջապես մի 10-15 վերմակ են գցում գլխին, երկու հոգի էլ նստում են վրան, իսկ ինքը տակից շարունակում է գոռգոռալ․ «մենք խաղաղ էինք մեր լեռների պես, բայց մեզ ասեցին՝ ձեր լեռները տվեք մեզ, թե չէ էլ խաղաղ չեք լինի․․․ ու հիմա մենք խաղաղ ենք իրենց լեռների պես․․․ բա ես ինչի՞ համար եմ միշտ դուռումի օրինակը բերում․․․ ինչքան սաղմոս կա՝ սաղ հեծանիվ քշելով եմ անգիր արել․․․ կեցցե՛ ապագան, որ երեկ էր, կեցցե՛ էս ամեն ինչը․․․ վերմակները մի կողմ քաշեք՝ խոնարհվեմ․․․»։ 

Այդ պահին Արսեն Թորոսյանը ներս է մտնում, գլխի շարժումով ինչ-որ բան կարգադրում, ու սանիտարները վերմակները մի կողմ են շպրտում ու գրպաններից մի-մի հսկայական բիզ հանում։ «Աննան Չինաստանից զանգեց-ասաց եթե դեղերը ժամանակին չխմի՝ ասեղնաբուժության կուրս սկսեք», բացատրում է նա ու շարունակում․ «բայց էս եքյա ջանդաքին ասեղներն ի՞նչ անեն, ավելի լավ է բիզաբուժություն անենք»։ Ինքը, վախից համարյա կիսամեռ, մի կերպ հեռախոսով ինչ-որ համար է հավաքում․ «Իլհամ Հեյդարովիչ, փրկեք, ստեղ ինձ․․․ բիզ․․․ բիզ․․․»։ «Բիզիմդի՞ր», լսվում է հեռախոսից։ «Հա՛, հա՛, դրա նման մի բան», փրկության հույսով գոռում է ինքը, բայց սանիտարներից մեկը խլում է հեռախոսը։ Մյուս սանիտարները, ձեռքներին մեկական բիզ, սպառնալից տեսքով կռանում են մահճակալի վրա․․․ 

Արթնանում է սառը քրտինքի մեջ կորած։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ