Այն, ինչ տեղի ունեցավ Բյուրականում՝ «Ցանկապատ» ներկայացումից հետո, շատ լավ նկարագրված է խորհրդային հայտնի «Կառնավալային գիշեր» ֆիլմում։ Սյուժեն սա է՝ ինչ-որ պաթոլոգիկ ապուշ ժամանակավորապես դառնում է մշակույթի տան տնօրեն ու քիթը խոթում ամեն տեղ՝ փորձելով սեփական տխմար պատկերացումներով «հարամ անել» ամանորյա տոնական համերգը, բայց անձնակազմը դիմադրում է, ու այդ ապուշն անընդհատ դառնում է համընդհանուր ծաղրուծանակի առարկա։
Նիկոլ Փաշինյանը գրեթե նույնն արեց Բյուրականում՝ գրեթե նույնքան կոմիկական կերպարով քիթը խոթելով արվեստի ոլորտ ու «վերլուծելով» պիեսը, հետո հայտարարեց, թե պետք է ոչ թե քանդել ցանկապատները, այլ ֆիքսել՝ ինչպես, օրինակ, Կիրանցում, դրանից այն կողմ հայրենիք չփնտրել, որ մեր հայրենասիրության մոդելը խորհրդային կայսերապաշտական գաղափարներին է հարմարեցված ու դրանց է ծառայել, և այլն։ Դիմադրություն չեղավ։ Վերջում նույնիսկ ծափահարեցին։ Սա լավ նշան չէ, որովհետև մեր բաժին «Օգուրցովը» կարող է ոգևորվել դրանից ու վաղն էլ հայտարարել, օրինակ, որ Շեքսպիրի «Համլետը» սխալ ուղերձներ է հղում, ի՞նչ վրեժ, ի՞նչ բան, ի վերջո այդ երկրում արդարադատության համակարգ կար, դատարան կար, դատաբժկական փորձաքննություն կար, և ընդհանրապես՝ պետք էր հաշվի նստել իրողությունների հետ ու վայելել կյանքը․․․ Ինչևէ։
Իրականում Հայաստանի և Ադրբեջանի միջև «ցանկապատը», իհարկե, ոչ թե ինքն է դնում, այլ Ալիևը, ընդ որում՝ այնտեղ, որտեղ ինքն է հարմար գտնում։ Ավելին՝ այդ մենք ենք ասում «ցանկապատից այն կողմ Ադրբեջան է», իրենք չեն ասում «ցանկապատից այն կողմ Հայաստան է», իրենք ասում են «ցանկապատից այս կողմ Ադրբեջան է, ցանկապատից այն կողմ՝ Արևմտյան Ադրբեջան»։ Բայց սա դեռ մի կողմ թողնենք ու անդրադառնանք «մեր հայրենասիրության՝ ԽՍՀՄ Գլավլիտի կողմից ներդրված կայսերական մոդելին»։ Այո, դրանում ճշմարտության հատիկ կա, դրա համար էլ անկախանալուն պես Հայաստանում ստեղծվեց այդ մոդելի այլընտրանքը և ձևակերպվեց շատ հստակ՝ իսկական հայրենասերը պիտի ամեն ինչ անի, որպեսզի Հայաստանի անկախ պետականությունը լինի հարատև, Արցախն առնվազն ևս 3 հազար տարի լինի հայկական, հարևանների հետ էլ հարաբերությունները կարգավորվեն, բայց ոչ թե նվաստացման և անցյալն ուրանալու, այլ փոխադարձաբար պատմական ճշմարտությունների հետ առերեսվելու և առաջ շարժվելու ճանապարհով։ Հիմա այս մոդելի ո՞ր մասն է «ռուսական-կայսերապաշտական»։ Եվ ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը որպես մեր «գլավլիտային հայրենասիրության» միակ այլընտրանք տեսնում է Թուրքիայի և Ադրբեջանի «Գլավլիտներում» տասնամյակներով մշակված «հայկական հայրենասիրության մոդելի» ընդունումն ու տարածումը, որը կարելի է ձևակերպել ընդամենը մեկ նախադասությամբ․ «դուք ձեր սահմաններից դուրս ոչ մի հարցով ոչ մի ծպտուն հանելու իրավունք չունեք, իսկ ձեր սահմանները մե՛նք կորոշենք»։
Ի դեպ՝ ըստ Նիկոլ Փաշինյանի ստացվում է, որ խորհրդային տարիների բոլոր հայ հայրենասերները փաստացի «ռուսական գործակալներ» են եղել ու ծառայել են կայսրության շահերին։ Այդ թվում՝ տասնյակ հազարավոր կամավորները, որոնք մասնակցել են արցախյան առաջին պատերազմին ու թույլ չեն տվել, որ Ստեփանակերտը Սումգայիթ դառնա, հազարավոր զոհերը, և այլն։ Իսկ «իրական հայ հայրենասերները» պառկած են Բաքվի «Շահիդների պուրակում», որովհետև ուզում էին օր առաջ ոչնչացնել Արցախն ու այդպիսով իրական անկախություն պարգևել Հայաստանին։
Մարկ Նշանյան
Հ․Գ․ Իսկ նիկոլական պալատական մտավորականության համար ոսկե ժամանակներ են սկսվում։ Եթե նախորդ հարյուրամյակի «հայրենասիրության մոդելը» հռչակվում է կեղծ, պատկերացնո՞ւմ եք՝ ինչքան գործ է բացվում «իրական հայրենասիրությունը» գեղարվեստորեն արտահայտելու համար։ Ինչքան նոր «պատմավեպեր», «ժամանակակից արձակ», պիեսներ․․․ Ու հաստատ՝ բոլորն առատորեն կվարձատրվեն։ Թե ո՛ր երկրների բյուջեից՝ նրանց համար երևի արդեն էական չի լինի։