...

Աղետի պատճառն էլ, մեղավորն էլ դո՛ւք եք

Աղետի պատճառն էլ, մեղավորն էլ դո՛ւք եք

Նիկոլ Փաշինյանը, չնայած քաղաքական տարբեր վերուվարումներին, մի հաստատուն «խասիաթ» ունի․ շարքային գրագող է, ընդ որում, բառիս ուղիղ իմաստով։ Այսպես, «դուխով» կոչ-հորդորը նա լսել էր Վանո Սիրադեղյանից, «սերմացու գողացող մկան պես» համեմատությունը Հրանտ Մաթևոսյանինն է, «Արցախը Հայաստան է, և վերջ»-ը Լեոնիդ Ազգալդյանինն էր, իսկ հայտնի «դըմփ-դըմփ-հու»-ն՝ ֆուտբոլի՝ Իսլանդիայի հավաքականի գյուտն էր Եվրո-2016-ի ժամանակ։ Գրագողերին հատուկ է նաև նույն միտքը պատճենելու, copy paste անելու բնավորությունը։ Նկատենք, որ նույն արտահայտությունը կրկնում են տարբեր նպատակներով՝ ա) երբ նոր ասելիք չեն ունենում, բ) երբ ուզում են արտահայտությունը դաջել լսարանի ուղեղում, գ) երբ այն պարզապես կպչուն գաղափար է, որ մատնում է հեղինակի հոգեվիճակը։ Դիտարկենք հետևյալ օրինակը։ 

Այսպես, ս․թ․ ապրիլի 30-ին Քաղաքացու օրվա առիթով Նիկոլ Փաշինյանը գրել է․

«Կոչ եմ անում, խնդրում եմ բոլորիդ, պահանջում եմ բոլորիցդ. մի երկմտեք, մի կասկածեք. մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի»: 

Իսկ այս մեջբերումն այսօրվա՝ մայիսի 9-ի՝ նրա ուղերձից է․

«Մենք մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը չենք, մենք արժանացել ենք դաժան ճակատագրի ու սրբագույն առաքելության. առաջնորդել մեր Հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով և նրան հասցնել խաղաղ, բարեկեցիկ, երջանիկ ապագայի»: 

Տեսա՞ք, կարո՞ղ եք ընդգծված հատվածում գոնե մեկ տարբերություն գտնել։ Չեք կարող։

Իսկ այժմ գտնենք այս արտահայտությունը նույնությամբ կրկնելու պատճառը։ Արդյո՞ք նոր ասելիք չունենալն է։ Այո՛։ ՀՀ վարչապետը պատերազմից հետո ընդհանրապես ասելիք և անելիք չունի, ուր մնաց, թե այն նոր լինի։ Իսկ գուցե սույն միտքը հասարակության «անհասկացող» գլուխը մտցնե՞լն է նպատակը։

Այո՛, որովհետև պատերազմից հետո հասարակության մեծամասնությունը աղետի պատճառներն է ուզում գտնել և մեղավորին։ Եվ վերջապես, հնարավո՞ր է, որ սա վարչապետին հետապնդող կպչուն գաղափարի հետևանք է։ Այո՛, որովհետև Նիկոլ Փաշինյանը շատ լավ է հասկանում, թե ինչ պատուհաս է բերել Հայաստանի և Արցախի գլխին, հասկանում է, բայց ամեն կերպ փորձում է կոծկել իր մեղքը։

Իսկ գիտե՞ք՝ ինչն է նրան «սփոփում» և թույլ տալիս, որ պնդի, թե իրենք՝ ինքն ու ՔՊ-ականները, «մեր երկրի վրա թափված աղետների հեղինակը» չեն, թե ինքը և իր թիմը պետք է առաջնորդեն «մեր Հայրենիքը անխուսափելի և երկար տարիներ բոլորիս աչքի առաջ նյութված աղետների միջով»։ Չգիտե՞ք։ Բացատրենք։

Նիկոլ Փաշինյանին նախ թև է տալիս մեր հասարակության մի մասի բացարձակ անգիտությունը և տասնամյակների բողոքը «30 տարվա թալանից»։ Չմոռանանք նաև այն, որ հաղթանակի տարիները հենց մեր քաղքենին էր կնքել «ցրտի ու մթի»՝ արժեզրկելով թե՛ Արցախյան առաջին պատերազմը, թե՛ անկախ պետության գաղափարը։

Երկրորդ սփոփանքը իշխանությունից կառչած վարչապետի համար, որքան էլ ցավալի է, անաչառ, մեր պատմությունը չկեղծող մարդկանց խոսքն ու գիրն է Արցախյան խնդրի մասին։ Ուրեմն անաչառ վերլուծաբանը, գիտնականը չի կարող չտեսնել 1998-ից հետո ՀՀ իշխանությունների վարած քաղաքականության բուն էությունը․ այն է՝ Արցախի խնդիրը շահարկելով իշխանությունը հավերժորեն պահելու նպատակը։ Ազնիվ գիտնականը չի կարող շրջանցել 1997-98 թթ․դեպքերը, չի կարող չասել, որ Վազգեն Սարգսյանի, Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի ձեռամբ կորցրինք արժանապատիվ խաղաղության հասնելու իրական հնարավորությունը։ Եվ ահա այս անաչառությունն է սնունդ տալիս ՀՀ այն արկածախնդիր ղեկավարին, որի «գործունեության» պատճառով Հայաստանն ու Արցախը հայտնվեցին աղետալի վիճակում։

Սակայն հիասափեցնենք Նիկոլ Փաշինյանին և ՔՊ-ականներին։ Աղետի պատճա՛ռն էլ, մեղավո՛րն էլ դուք եք։ Դո՛ւք եք եղել իշխանություն՝ 2018-ից սկսած։ Ավելին, Նիկոլ Փաշինյանն է եղել որոշում ընդունողը և որոշել է բանակցությունները «սկսել ի՛ր կետից», այսինքն՝ տապալել է այդ գործընթացը։ Նիկոլ Փաշինյանն էր, որ դեռ 2015-16 թթ․-ից դարձել էր աննախադեպ ոչմիթիզական, հայդատական։ Մի խոսքով՝ որոշել էր դաշնակցականների հացը կտրել։ Եվ ահա արդյունքը։ 

Մի բան էլ․ որքան էլ պնդաճակատ լինեք, որքան էլ փորձեք ուրիշների վրա բարդել ձեր մեղքը, որքան էլ հեռու լինեք ապաշխարանքից, միևնույն է, մեղավորության կպչուն գաղափարից չեք ազատվելու։ Ապացույցը տեսե՛ք վերևում։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1838 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ