...

Աղետը՝ աղետ, բայց ճաշը՝ ըստ գրաֆիկի

Աղետը՝ աղետ, բայց ճաշը՝ ըստ գրաֆիկի

Ազգային ժողովի ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը գործողությունների ուղեցույց է հրապարակել «բոլոր այն մարդկանց համար, ովքեր ՀՀ պետականության կողքին են»։ Ամենաուշագրավն ուղեցույցի վեցերորդ կետն է՝ «վճարել հարկերը»։

Ուշադրություն դարձրեք՝ ընդդիմությունից որևէ մեկը կոչ չի արել չվճարել հարկերը, այսինքն՝ այս թեման ընդհանրապես չպետք է քննարկման առարկա դառնար։ Բայց հայտնի է նաև, որ տարբեր կենդանիներ վտանգի պահին տարբեր վարքագիծ են դրսևորում։ Քամելեոնը, օրինակ, փոխում է գույնը, ջայլամը գլուխը խոթում է ավազի մեջ, ժանտաքիսը վատ հոտեր է արձակում, ծովախոզուկը սկսում է ինքնամոռաց ուտել․․․ Ըստ երևույթին Հայկ Կոնջորյանն էլ, որպես «homo nikolus primitivus» տեսակի առանձնյակ, տագնապի պահին հանկարծ հասկացել է, որ եթե ներքաղաքական ցնցումների արդյունքում ՀՀ քաղաքացիները սկսեն հարկեր չվճարել՝ ինքը կզրկվի լափից, ու բնազդաբար «դուրս է գցել» իր ներքին ամենակարևոր վախը։ 

Ի դեպ՝ ճիշտ այդպիսի մի ՔՊ-ական «ծովախոզուկ» էլ 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ օրական միջին հաշվով 100-120 զոհ էինք ունենում, ՀՀ քաղաքացիներին կոչ արեց շարունակել այցելել ռեստորաններ ու սրճարաններ, որպեսզի իրենք կարողանան հարկեր հավաքել։ Ընդ որում՝ հաշվարկը ճիշտ դուրս եկավ։ Հետագայում իրենք հավաքված հարկերով կարողացան արտահերթ ընտրություններ կազմակերպել, բարձրացնել ուժայինների պարգևավճարները և այլն, ու այդ ամենի շնորհիվ էլ «ձգել» մինչև հաջորդ աղետը։ Ու քանի որ հաջորդ աղետն արդեն բերել են՝ գնում են փորձված ճանապարհով ու ևս մեկ անգամ կոչ անում անպայման վճարել հարկերը։

Հ․ Գ․ Հարկեր վճարելն այսպես թե այնպես պարտադիր է։ Առավել ևս՝ որ քրեակատարողական հիմնարկների բեռն ամբողջովին բյուջեի ուսերին է, իսկ առաջիկայում, ամենայն հավանականությամբ, այդ հաստատությունների ծախսերն էապես մեծանալու են։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3013 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ