...

Ագիտպրոպի* հետևանքը

Ագիտպրոպի* հետևանքը

Զավեշտ է, բայց փաստ․ Նիկոլ Փաշինյանի ընդդիմությունը պնդում է՝ հայաստանցիների մեծամասնությունն անտարբեր է իրենց շարժման և Արցախի ճակատագրի նկատմամբ, քանի որ տասնամյակների քարոզչության զոհն է։ 

Բացատրենք՝ ինչու է այս պնդումը զավեշտալի։

Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, դաստիարակված լինելով բոլշևիկյան սկզբունքներով (չմոռանանք՝ երկուսն էլ Ադրբեջանի կոմկուսի գործիչներ էին), իշխանությունը զավթելուց անմիջապես հետո, այսինքն՝ 1998 թ․-ից ձեռնամուխ եղան լրատվական ամբողջ դաշտը, հեռուստաընկերությունները իրենցով անելու գործին։ 

Ստացվեց։ Շատ արագ եթերից վերանում էին քիչ թե շատ օբյեկտիվ հեռուստահաղորդումները, ծաղկում էր ագիտպրոպը, այսինքն՝ խորհրդային մարդկանց լավ ծանոթ ագիտացիան և պրոպագանդան։ Նպատակը մեկն էր՝ ամրապնդել իշխանությունը, նենգափոխել անկախ Հայաստանի գոյության առաջին տարիների պատմությունը, Արցախյան առաջին պատերազմի հաղթանակը վերագրել իրենց և միայն իրենց։ Հա՛, մեկ-մեկ հիշում էին Վազգեն Սարգսյանին, մանավանդ ողբերգական մահից հետո, քանի որ նա այլևս վտանգ չէր ներկայացնում։

Սա՛ էլ կարծես ստացվեց։ Օր․՝ Պարզունակ, բութ համառությամբ հասարակությանը համոզեցին, որ Շուշին գրավել են ՀՀ առաջին նախագահի «ինադու», որ Լևոն Տեր-Պետրոսյանն իբր Սերգո ջանին ասել է, թե նա լավ չի ապրելու, մինչև Արցախը չտանք (այս տխմարությունը կրկնում են մինչ օրս), որ արժանապատիվ խաղաղության մասին խոսողը թուրք է, դավաճան և ապազգային։ Իսկ ազգայինը միայն ու միայն իրենք են՝ վոյին, միակտղամարդ Ռոբերտ Քոչարյանը, իմաստուն շախմատիստ Սերժ Սարգսյանը և, իհարկե, դաշնակները։ 

ՀՀ առաջին իշխանավորներին, հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու համար մեր խիստ ազգային առասպելաբանները հաղթական պատերազմի տարիներն անվանեցին «ցրտի ու մթի»՝ հագուրդ տալով հայ քաղքենի մտավորականության քիմքին, բայց իրականում վարկաբեկելով Արցախը, արցախյան շարժումը և, իհարկե, հաղթանակը։ Էժանագին կացնային քարոզչությանը փորձում էին դիմադրել մի երկու լրատվամիջոցներ, որոնք այդ համատարած աղմուկի մեջ որևէ կերպ եղանակ չէին փոխում։ Արցախի խնդրի, շարժման և հաղթանակի մասին իրականությունն ավելի ու ավելի հաստ շերտով էր փակվում հասարակության աչքերից, իսկ բարգավաճող ոչմիթիզականությունն իր գավառական թույնով մոտեցնում էր Նիկոլ Փաշինյան պատուհասին և կործանարար պատերազմը։ 

Մի օրինաչափություն էլ կա։ Ագիտպրոպը սպանում է հենց այն գաղափարը, որն իբր պաշտպանում է։ Այդպես էր միջնադարում, երբ մարդիկ ընդվզում էին կաթոլիկ եկեղեցու դոգմաների դեմ, այդպես էր Խորհրդային Միությունում, որտեղ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը վերջին տասնամյակներում ծաղրում էր թե՛ կոմունիզմի գաղափարը, թե՛ Հոկտեմբերյան հեղափոխությունը։ 

Եվ այսպես, հաղթանակը ապականողները, Արցախը իշխանությունը զավթելու միջոց դարձրածները, տասնամյակներով անվերահսկելի պրոպագանդայով բոլոր գաղափարները պղծողներն այսօր բողոքում են հակաարցախյան քարոզչությունից։ Ոմանք սլաքներն ուղղում են միայն Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի դեմ, ոմանք էլ վերադառնում են 90-ականներ և նույն երգն են երգում։ Օր․՝ կարկառուն դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, որը վստահաբար պատմական լիկբեզի* կարիք ունի, անդադար պնդում է, թե 98-ին իրենք կանխեցին Արցախի հանձնումը։ Իրականում իր շեֆերը 98-ին կանխորոշեցին թե՛ Նիկոլ Փաշինյանի պես «առաջնորդի» ծնունդը, թե՛ Արցախի և Հայաստանի գլխին եկած աղետները։ Բայց դե դաշնակ է։ Իսկ դաշնակներն ավանդաբար են կեղծում պատմությունը։ Հիշե՛ք 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի իրադարձությունները և հատկապես դաշնակա-երիտթուրքական սիրախաղը։ Բայց սա արդեն ուրիշ թեմա է․․․ 

Ամփոփենք․ մեր հասարակության մեծամասնությունը ձեզ չի վստահում, մեր հասարակության մեծամասնությունը զզվել է ձեր պրիմիտիվ ագիտպրոպից, դուք հիմա էլ եք վարկաբեկում Արցախը և նրա անկախության խնդիրը։ Այնպես որ վայելե՛ք ձեր իսկ քարոզչության հետևանքները՝ Նիկոլ Փաշինյանին և հասարակության անտարբերությունը։

  • Ագիտպրոպ- ագիտացիա և պրոպագանդա
  • Լիկբեզ- ликвидация безграмотности՝ անգրագիտության վերացում

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3243 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ