...

Անկախության օրվա ծիսակարգը Մոզամբիկում

Անկախության օրվա ծիսակարգը Մոզամբիկում

Մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասան հրամայել էր չեղարկել Մոզամբիկի անկախությանը նվիրված բոլոր միջոցառումները՝ բացի բանկետից և անձնական նվերներ ընդունելու արարողակարգից, բայց Քայլա-Քայլա ցեղախմբի վոժդերը խորհուրդ էին տվել անպայման պահպանել գերեզման այցելելու ծիսակարգը։ Դա տեղի էր ունենում այսպես․ սկզբում մոտենում էին Նգիկոլոյի Կարմիր փետուրավոր ռազմիկները, նիզակներով քշում բոլոր նրանց, ովքեր գոռում էին «Նգիկոլո-ցեղակործան պապուա՛ս», հետո ավազին փռում գերեզմանոցում գտնվող կանանց, նիզակների կոթերով հարվածում այնքան, որ սրանք չկարողանան շարժվել, ու արդեն դրանից հետո Մեծ վոժդ Նգիկոլոն հերթով մոտենում էր ու խոնարհվում նրանց առաջ։ Այդ պահին բոլորը գոռում էին «Օ՛ Պապատուհասա, մեծ վոժդ», իսկ Մոզամբիկի ծիսակարգային նախագահը, որին սպիտակ պլանտատորները մի քանի տոննա փղոսկրի դիմաց մի կախարդական հարմարանք էին տվել (հենց որ մատը կպցնում էր՝ այդ հարմարանքը լուսանկարում էր), գետնին փռված կին տեսնելուն պես վազվզում էր շուրջը և ուղղանկյունի հարմարանքը գլխավերևում ճոճելով՝ գոռում «սելֆի՛ ա»։

Բայց Մեծ վոժդ Նգիկոլոն ուրիշ զբաղմունք էլ ուներ։ Սպիտակ պլանտատորները նրան հրավիրել էին Մեծ քաղաք ու զվարճանալու համար առաջարկել անգլերեն ելույթ ունենալ, Նգիկոլոն էլ անընդհատ մարզվում էր՝ ժամանակ առ ժամանակ տեղում ցատկելով ու գոռալով «դիիր ֆռե՛նդս»։ Բայց, չգիտես ինչու, ամեն անգամ այդ խոսքերից հետո մոտ էր վազում Ցեղային խորհրդի վոժդ Ալենչո Ուսապարկան, փռվում Նգիկոլոյի պատգարակի առաջ ու ասում «Օ՛ Մեծ վոժդ, կանչեցիր, և եկա»։ Եվ միայն այդ ծիսակարգը յոթ անգամ կրկնելուց հետո հավատարիմ ռազմիկներից մեկը Նգիկոլոյի ականջին շշնջում էր, որ սպիտակ պլանտատորների լեզվով «դիիր» նշանակում է եղնիկ, դրա համար էլ ամեն անգամ Ալենչոն մոտ է վազում։

Ծիսակարգն ավարտվում էր նրանով, որ Նգիկոլոն հրամայում էր մի նոր փոս փորել՝ խաղաղության դարաշրջանի հաջորդ փուլին պատրաստվելու համար, ու Կարմիր փետուրավորների ուղեկցությամբ գնում էր բանկետի։

ՎԱՐԿԱՆԻՇ

   50419 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ