...

Ներքաղաքական լարվածության թուլացման ծիսակարգը Մոզամբիկում

Ներքաղաքական լարվածության թուլացման ծիսակարգը Մոզամբիկում

Մոզամբիկում ներքաղաքական իրավիճակը շարունակում էր լարված մնալ։ Ամեն անգամ, երբ Մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասան հերթական անգամ բարձրանում էր սարը, խարույկ վառում, հեռավար շփվում այլ երկրների վոժդերի հետ ու սփրթնած՝ իջնում ցեղակիցների մոտ, Ուսապապարկա ցեղախմբի ռազմիկները հարձակվում էին Լոխլավա Տունգայի ցեղակիցների վրա ու ծեծում, բայց դա չէր օգնում։ 

Այդ ժամանակ Մոզամբիկում այսպիսի ծիսակարգ սահմանվեց։ Նգիկոլոն դուրս էր գալիս Ցեղային մեծ խորհրդի խարույկի առաջ, Շիշ Բռնողի ձեռքից վերցնում դդումը, մի քանի կում խմում, աջ ունքը վեր բարձրացնելով դեմքին խիստ արտահայտություն տալիս, ապա ձեռքով նշան անում, որից հետո 200 հազար ուլունք արժողությամբ պատգարակի վրա բերում էին գլուխը ծիսական եղջյուրներով զարդարած ինչ-որ վոժդի։ Սա պարտավոր էր անմիջապես իջնել պատգարակից ու ինչ-որ անհոդաբաշխ հնչյուններ արտաբերել, որից հետո բոլորը սրա ուղղությամբ բանանի ու կոկոսի կեղևներ էին նետում։ Եվ ում նետածը դիպչում էր՝ մի հինգ րոպեով համարվում էր մոզամբ ժողովրդի ազգային հերոս։

Իսկ եթե դա նույնպես չէր օգնում, և կեղևները դիպչում էին Նգիկոլո Պապատուհասային, սա անմիջապես տեղից վեր էր ցատկում ու ճառ ասում․ «Թագաժառա՛նգա։ Ես պատրաստ եմ իմ որդուն փոխանակել գերիների հետ»։ Ու բոլորը պարտավոր էին գոռալ «Պապատուհասա հզո՛ր վոժդ»։ Իսկ եթե մոզամբ ժողովրդի հպարտ քաղաքացիները դժգոհ էին լինում ուտելիքի պակասից, Պապատուհասան այլ ճառ էր ասում․ «Թագաժառա՛նգա։ Ես պատրաստ եմ իմ որդուն փոխանակել 300 կիլո սորգոյի և 700 պարկ ալյուրի հետ»։ Ու ցեղակիցների արձագանքը նույնը պիտի լիներ։ Որովհետև ով չէր արձագանքում՝ Քայլա-Քայլա ցեղախմբի ռազմիկները մի-մի փղի ժանիք առած մոտ էին վազում, գոռում «պատվաստանյո՛ւթա» ու փորձում ծակծկել ըմբոստներին։ 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   77004 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ