...

Հայրենիքի փրկության ծիսակարգը Մոզամբիկում

Հայրենիքի փրկության ծիսակարգը Մոզամբիկում

Ամեն անգամ, երբ Մոզամբիկի Մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասան վերադառնում էր սպիտակ պլանտատորների հետ հանդիպումից, Քայլա-Քայլա ցեղախումբը մի քանի դժգույն-դժբախտ զոհեր էր մատուցում աստվածներին, որ Առաջնորդը ողջ-առողջ է վերադարձել, իսկ ինքը՝ Նգիկոլոն, ելույթ էր ունենում ցեղակիցների առաջ և բացատրում, որ աչքի տակի կապտուկը խորհրդանշում է կապույտ երկինքն ու խաղաղությունը, գլխի վրայի ուռուցքները խորհրդանշում են Մոզամբիկի հպարտ լեռները, իսկ թշի կարմիրը ոչ թե չափալախի հետք է, այլ հանուն խաղաղության մոզամբ ժողովրդի զավակների թափած արյան խորհրդանիշը։ Դրանից հետո մոզամբիկցիները պարտավոր էին երեք անգամ խոնարհվել ու գոռալ «Նգիկոլո-վո՛ժդ», այնուհետև նիզակներն օդում ճոճելով չորսուկես ամիս վազել վոժդի վրանի շուրջ, ապա վճարել 24 միլիոն գըմփ ու գնալ տուն, իսկ ովքեր չէին ցանկանում վճարել՝ պիտի վազեին երկու տարի։ Իսկ եթե վճարել ցանկացողները քիչ էին լինում, իրականացվում էր հետևյալ ծիսակարգը։ Մատաղացու անտիլոպի կերպարանքով Կանեփիտիկոն, որը մեծ երևալու համար երեսին ածուխով մորուք էր նկարում, նիզակի պոչով խփում էր Մապուտուի քաղաքապետ Ոչմիբանայի գլխին, ու սա անմիջապես ճառ էր ասում․ «օ՛ մոզամբ ժողովուրդ, սրանից հետո բանանի կեղև շպրտողները պիտի վճարեն ոչ թե 30, այլ 200 հազար գըմփ։ Նգիկոլո-վո՛ժդ»։ 

Այդ ընթացքում Քայլա-Քայլա ցեղախմբի ռազմիկները շրջում էին մարդկանց մեջ, ու եթե որևէ մեկը դժգոհում էր՝ անմիջապես պոկում էին վզի զարդերն ու մազերի մեջ խրած փետուրները և գոռում «ապօրինի գո՛ւյք ա», իսկ եթե դժգոհողները շատ էին լինում, անմիջապես զեկուցում էին Պապատուհասային։ Հաջորդ օրը Պապատուհասան իրականացնում էր թեժ աշնան ծիսակարգը․ ձեռքով նշան էր անում Մբունգա Լոխլավա-Տունգային, Սերժիկի Կուանակիկիին ու Դաշնակիլկիին, սրանք էլ անմիջապես իրենց ցեղակիցների հետ հավաքվում էին Մեծ վոժդի վրանի առաջ ու գոռում․ «օ՛ Պապատուհասա, իշխանությունը մե՛զ տուր»։ Վոժդը ասում էր «չե՛մ տալիս», որից հետո սրանք շրջվում էին, բարձրանում սարը, երկրպագություն անում Մեծ բաոբաբի առաջ, ասում «օ՛ Բենապուկի, ազգակործա՛նա» ու գնում տուն։ 

Այդպիսով հայրենիքը համարվում էր ժամանակավորապես փրկված՝ մինչև զոհաբերության հաջորդ ծիսակարգը։

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ