...

Առցանց ասուլիսի ծիսակարգը Մոզամբիկում

Առցանց ասուլիսի ծիսակարգը Մոզամբիկում

Մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասայի ասուլիսը կազմակերպվում է առցանց, որպեսզի հանկարծ վոժդը, անկախ իրենից, լրագրողների գրիչները չդնի գրպանը։ Իսկ ծիսակարգն այսպիսին է․ գտնում են մի մեծ բաոբաբ՝ անպայման փչակով, հետո լրագրողները նախապես թղթի կտորների վրա հարցեր են գրում ու գցում փչակը, հետո Մ1-ի ամենաճարպիկ լրագրողը մտնում է փչակի մեջ, ու երբ Նգիկոլոն, պատգարակի վրա նստած, դուրս է բերվում վրանից՝ այդ լրագրողը գլուխը հանում է փչակից ու հանդիսավոր ձայնով ասում «օ՛ Նգիկոլո, տիրակալ երկրի և երկնքի, ահա քո հպատակներից մեկը հարցնում է քեզ․․․»։ Եվ հնչեցնում է հարցը։ 

Պատասխանի փոխարեն Նգիկոլո Պապատուհասան ամեն անգամ անտիլոպի քյալլայի հերթական ոսկորը լպստում ու շպրտում է ընդդիմադիր ցեղախմբերի վոժդերի ուղղությամբ, ու եթե դիպչում է նշանակետին՝ համարվում է, որ հարցի պատասխանը հնչել է։ Բայց որպեսզի մոզամբ ժողովուրդը տեսնի, որ նա իր հպատակների նկատմամբ արդարացի է՝ ամեն անգամ դրանից հետո ձեռքով նշան է անում, ու ռազմիկները մոտ են բերում որդուն՝ պատառոտված շորերով, և ցուցադրում ամբոխին, որից հետո ամբոխը պարտավոր է երեք անգամ գոռալ «Նգիկոլո-վո՛ժդ»։ 

Սրան հաջորդում է պաշտոնների բաշխման ծիսակարգը։ Դա տեղի է ունենում այսպես․ Մեծ վոժդը գրպանից հանում է 40 գրիչներից մեկը, բանանի վրա գրում պաշտոնի անունը և թիկունքով շրջվելով դեպի ցեղակիցները՝ բանանը շպրտում նրանց ուղղությամբ։ Քայլա-քայլա ցեղից նախապես ընտրված թեկնածուն պարտավոր է անմիջապես որսալ բանանը, արագ-արագ ուտել, խոնարհվել վոժդի առաջ և գոռալ «արդարադատությունը իմ մե՛ջ ա» կամ «մշակույթը իմ մե՛ջ ա»՝ նայած, թե ինչ գրությամբ բանան է կերել։ Իսկ Գռզոզոն ու Ջհա-Նգիրանան, նիզակները վզներին դրած, հետևում են, որ ուրիշը չուտի բանանը։

Ծիսակարգն ավարտվում է այսպես․ հավատարիմ ռազմիկները ընդդիմադիր ցեղախմբերից մի քանիսին ոտներից բռնած քարշ տալով բերում են մեծ բաոբաբի տակ ու սկսում հատ-հատ քաշել մազերի մեջ խրված փետուրները՝ միաժամանակ բամբուկե ձողերով խփելով նրանց գլխներին, իսկ նրանք ամեն հարվածից հետո պարտավոր են գոռալ «բախշիր, լաո, մեռնիմ քըզի»։ Ծիսակարգի ավարտից հետո ներկաները մոտենում են Նգիկոլոյի պատգարակի կողքին դրված մեծ արկղին և մետաղադրամներ գցում դրա մեջ, ապա ինքնակամ տուգանվում՝ դա անկանխիկ եղանակով չանելու համար։

ՎԱՐԿԱՆԻՇ

   3454 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ