...

Հայրենիքի փրկության ծիսակարգը Մոզամբիկում

Հայրենիքի փրկության ծիսակարգը Մոզամբիկում

Ընդունված ծիսակարգի համաձայն՝ Մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասան արտասահմանյան ուղևորություններից վերադառնում էր չաղացած, ու ամեն անգամ նրա պատգարակը տեղափոխողների թիվն ավելանում էր։ Նգիկոլոն դուրս էր գալիս հրապարակ, հրամայում, որ պատգարակի նշաձողը իջեցնեն, ապա դդումի շշից մի քանի կում կրակե հեղուկ խմում ու խոնարհվում մոզամբ ժողովրդի առաջ։ Իսկ երբ ցեղակիցները նկատում էին աչքի տակի կապտուկը՝ գոռում էր «դրական ազդա՛կ ա», որից հետո նրան շրջապատող կարմիր բմբուլավոր ռազմիկներն ու Ցեղափոխության պահապանները գոռում էին «Նգիկոլո-վո՛ժդ»։

Դրանից հետո տարբեր կողմերից հրապարակին էին մոտենում Մբունգա Լոխլավա-Տունգան ու Սերժիկի Կուանակիկին՝ ոսկով ու արծաթով զարդարված փղոսկրե գահավորակների վրա, ցեղակիցներով շրջապատված, ու գոռում «Առանց բուշմեն Մոզամբի՛կ», որից հետո վազելով մոտենում էր Դաշնա-Դաշնա ցեղախմբի պուճուր վոժդը, որը, չգիտես ինչու, ահավոր վախենում էր ձկնկուլներից, զնգզնգացնում վզից որպես ուլունք կախված դատարկ կրակայրիչները, որպեսզի Լաո-Լաոն զարթնի, ու գոռում «օ մոզամբ ժողովուրդ, վերադարձնելո՛ւ ենք նախկինների թալանածը»։ Բայց, չգիտես ինչու, դրանից հետո նիզակի կոթերով նրա գլխին խփում էին և՛ Նգիկոլո Պապատուհասայի, և՛ Մբունգա Լոխլավա-Տունգայի ու Սերժիկի Կուանակիկիի ռազմիկները։ Ապա Մեծ վոժդ Նգիկոլոն ձեռքով նշան էր անում, և իրազեկ ցեղակիցների վոժդը բարձրանում էր մոտակա բաոբաբի վրա ու այնտեղից գոռում, որ ժամը 39-ի տվյալներով հավաքին մասնակցում է 4 հոգի։ 

Դրանից հետո ընդդիմադիր վոժդերը արմավենու ճյուղերից վրաններ էին սարքում Բուրկինա Ֆասոյի հրապարակում, փակում կածաններն ու ժենգյալով խաշլամայի փառատոն կազմակերպում, իսկ եթե դա էլ չէր օգնում՝ մարդկանց զվարճացնելու համար հրելով հրապարակ էին բերում Վազգա-Վազգա ցեղի վոժդ Իդիոտոտոյին ու գոռում «ժամանակավո՛ր ա»։ Նրան տեսնելուն պես Նգիկոլո Պապատուհասան ևս մի քանի կում էր խմում դդումի շշից ու ներողություն խնդրում, ապա անտիլոպի կաշվից պատրաստված դհոլ խփողին հրամայում խլել Լոխլավա-Տունգայի ոսկե գահավորակը ու տալ իրեն՝ գոռալով «ապօրինի՛ ա»։ Ու քանի որ այն ավելի ծանր էր՝ տեղափոխողների թիվն ու պարգևավճարները ավելացնում էր ևս մի քանի անգամ։ Այդպիսով Հայրենիքի փրկության ծիսակարգը համարվում էր ավարտված՝ մինչև նշաձողի հաջորդ իջեցումը։ 

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ