...

Զբոսաշրջության զարգացումը Մոզամբիկում

Զբոսաշրջության զարգացումը Մոզամբիկում

Մոզամբիկում զբոսաշրջիկների ամենասիրած միջոցառումը տեղական եգիպտացորենի գարեջրի փառատոնն էր։ Արարողությունը սկսվում էր այսպես․ ծիսակարգի համաձայն՝ մեծ վոժդ Նգիկոլո Պապատուհասան, որը սովորաբար տոնախմբությունը սկսած էր լինում նախորդ օրը, հավատարիմ ռազմիկների ուղեկցությամբ դուրս էր գալիս վրանից ու մոտենում ցեղակիցներին, ու այդ պահին բոլորը պարտավոր էին գոռալ «օ՜ մեծ վոժդ Նգիկոլո, առաջնորդ մոզամբ ժողովրդի, Սրբազան Կրիա, որ շարժվում ես երկու մետր ժամ արագությամբ, խոնարհվո՛ւմ ենք քո առաջ»։ Դրանից հետո երկու ամենահավատարիմ ռազմիկները, որոնցից մեկի մեջքին եղնիկ էր դաջված, մյուսի մեջքին՝ քոռ խոզ, մոտենում էին Մոզամբիկի բարձր տեխնոլոգիաների վոժդին, ձեռքերից ու ոտքերից բռնում և երկու անգամ օդ շպրտում, իսկ նա, ամենաբարձր կետին հասնելով, գոռում էր «արբանյա՛կ ա», հաջորդ անգամ՝ «ընձառյուծը հասել ա Զիմբաբվե»։ 

Սպիտակ պլանտատորներին ու զբոսաշրջիկներին ամենաշատը այդ տեսարանն էր դուր գալիս, բայց ամեն անգամ մեծ վոժդ Նգիկոլոն գոռում էր «ավելորդ ծա՛խս ա, բյուջեի վատնո՛ւմ ա, մենք ուրիշ արբանյա՛կ ունենք», ու նիզակի ծայրով ցույց էր տալիս արտաքին գործերի վոժդին, որը սրբազան խոտի շնորհիվ համարյա միշտ երկնքում էր։ Դրանից հետո բոլորը գոռում էին «օ՜ Նգիկոլո, իմաստուն վոժդ», իսկ ցեղային ակադեմիայի անդամները շրջանաձև պարում էին ու պահանջում, որ ջուրը թաց լինի, ավազը՝ չոր, ծառերն էլ աճեն արմատներով դեպի ներքև։ 

Արարողության երկրորդ հատվածում, ծիսակարգի համաձայն, ընդդիմադիր ցեղախմբի ռազմիկները Մբունգա Լոխլավա Տունգայի և Դաշնակի-Կուանակիլկիի առաջնորդությամբ վազում էին դեպի սպիտակ պլանտատորները, շարվում նրանց առաջ ու ի նշան բողոքի բարձրացնում արմավենու տերևներից կարված գոտկակապերը։ Զբոսավարը բացատրում էր, որ դա վիրավորանք չէ, պարզապես նրանք վնասված ձվերն են ցուցադրում, որից հետո բոլոր զբոսաշրջիկները լուսանկարվում էին այդ ֆոնին։ Այնուհետև մեծ վոժդ Նգիկոլոն ձեռքով նշան էր անում, և կարմիր փետուրավոր ռազմիկները սկսում էին նիզակների կոթերով ծեծել ընդդիմադիր ցեղախմբի ռազմիկներին՝ գոռալով «պողպատե մանդա՛տ ա», որովհետև Մոզամբիկում արգելված էր Նգիկոլոյից բացի ուրիշ մեկի հետ լուսանկարվել։

ՎԱՐԿԱՆԻՇ

   73097 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ