...

Անորակ և ժամանակավրեպ հարցաշար

Անորակ և ժամանակավրեպ հարցաշար

Երեկվանից բուռն քննարկումներ են ծավալվել Ժիրայր Սեֆիլյանի հրապարակած հարցաշարի շուրջ: Նրա փոքրաթիվ կողմնակիցները (որոնց հետ իրենց ագրեսիվությամբ կարող են մրցակցել միայն Ռոբերտ Քոչարյանի աջակիցները) հայտարարում են, որ Սեֆիլյանը այս հարցաշարով երկրորդ անգամ է կանխում պետական դավաճանությունը: Իսկ մնացածը հակադարձում են, թե Սեֆիլյանը սրանով առնվազն հաստատում է, որ քաղաքականությունից և դիվանագիտությունից ոչինչ չի հասկանում:

2019 թվականի աշնանը Նիկոլ Փաշինյանը կառավարությունում ընդունեց Ժիրայր Սեֆիլյանին ու Գարեգին Չուգասզյանին: Հանդիպումը տևել էր մի քանի ժամ: Երբ դրսում հավաքված լրագրողները հարցեր ուղղեցին Սեֆիլյանին, թե ինչի մասին եք զրուցել, նա չմանրամասնեց՝ բավարարվելով պատասխանով, թե քննարկել ենք մի շարք հարցեր: Այսինքն՝ թափանցիկության մեծ ջատագովը չցանկացավ, որ ժողովուրդն իմանա, թե ինչ են քննարկել երկու քաղաքական ուժերի ղեկավարներ:

Ինչու հիշեցինք այս դրվագը: Գրեթե հարյուր տոկոսանոց համոզվածությամբ կարելի է պնդել. եթե Սեֆիլյանը իսկապես ցանկանար տեղեկանալ, թե հայկական կողմը ինչ բարձունքներ է վերցրել, կարող էր խորհրդապահական խողովակներով դիմել կառավարությանը և կստանար սպառիչ պատասխաններ: Եթե կառավարությունը թույլ է տալիս, որ ռուս բլոգերները գնան և նկարահանեն դիրքերը, այդ թվում՝ Անվախ կոչվող դիրքը, ապա հաստատ կմանրամասնեին նաև Սեֆիլյանի համար: Իսկ եթե, այնուամենայնիվ, Սեֆիլյանին չգոհացնեին պատասխանները, ապա այդ ժամանակ, գուցե արդարացված լիներ նրա՝ հրապարակային հարցեր հնչեցնելու քայլը:

Պաշտոնական հրադադար չկա, ՀԱՊԿ-ը և Հայաստանը պաշտոնապես հայտարարել են, որ մենք չենք դիմել այդ կառույցին օգնելու խնդրանքով. ինչ հրադադարի և միջնորդների մասին է հարցնում Սեֆիլյանը, կիմանա միայն ինքը և թերևս՝ Արա Պապյանը: Ինչ վերաբերում է պաշտոնական խոստովանությանը, որ վերցրել ենք այս կամ այն բարձրունքը, ապա դա կդառնա դիվանագիտական պարտությունների պատճառ: Միգուցե, հնարավոր է ներքին սպառման համար վկայակոչել ՄԱԿ-ի կանոնադրությունից ինչ-որ կետեր, թե իրավունք ունենք ապստամբության, բայց համաշխարհային հանրությունը լրիվ ուրիշ արձագանքի կարժանացնի, եթե պաշտոնապես խոստովանվի, թե վերցրել ենք այս կամ այն տարածքը: Շատերը շատ բան կարող են իմանալ կամ կասկածել, բայց լրիվ ուրիշ իրավիճակ կստեղծվի, եթե լինի պաշտոնական խոստովանություն:

Ի վերջո, հիմա բաց աղբյուրներում կան բազում տեղեկություններ, թե որ երկիրը ինչ ռազմական միջոցներ է գնել: Որքանով է գնել և ումից: Նույն հաջողությամբ Սեֆիլյանը կարող է պահանջել կառավարությունից, որպեսզի վերջինս հրապարակի մեր ռազմական արսենալի ողջ հզորությունը: Այդ պահանջը կարելի է ձևակերպել իբրև մտահոգություն, որ ցանկանում ենք իմանալ՝ Հայաստանը այսօր ինչ հնարավորություններ ունի իրեն պաշտպանելու: Արդյոք ժողովրդին չե՞ն խաբում, թե՞ զենք են գնել կամ ամեն ինչ վերահսկողության տակ է:

Թերևս Սեֆիլյանը պետք է վերանայի, թե ովքեր են իրեն նման հարցեր բարձրաձայնելու խորհուրդ տալիս: Գուցե գլխի ընկնի, թե ովքեր են փորձում իր միջոցով կրակից շագանակներ հանել:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1132 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ