...

Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու

Առաջիկա երկու-երեք ամիսները վճռորոշ են լինելու

Առաջիկա ամիսները դառնալու են վճռորոշ Հայաստանի ապագայի համար: ՍԴ-ի էպոպեան պետք է հագուցալուծվի երկու-երեք ամսվա մեջ: Եվ կախված նրանից, թե որ կողմը կհաղթի, ուժերի էական վերաբաշխում կլինի: Եթե ՍԴ ներկա կազմը մնա, ապա ճնշումն իշխանության նկատմամբ երկրաչափական պրոգրեսիայով կաճի: Քոչարյանը և Սարգսյանը կհասկանան, որ ընտրված մարտավարությունը իրեն արդարացնում է և նորանոր ֆինանսական ներարկումներ կանեն հակաքարոզչության ու դիմադրության օջախների ստեղծման գործում: ՍԴ ներկա կազմի մնալը նաև նշանակում է, որ Քոչարյանի՝ արդարադատությունից խուսափելը նույնպես ժամանակի հարց է, և դա լրացուցիչ նոր լիցք կհաղորդի իշխանությունների դեմ պայքարին: ՍԴ ներկա ստատուս-քվոյի պահպանումը նաև ենթադրում է, որ անգամ պետք է չսկսել Սերժ Սարգսյանին պատասխանատվության ենթարկելու գործը, քանի որ այն ի սկզբանե կլինի դատապարտված:

Այլ իրավիճակ կստեղծվի, եթե իշխանությունը կարողանա բեկում մտցնել ՍԴ ճգնաժամի հարցում: Վերջին բաստիոնի անկումը գրեթե խուճապ կստեղծի նախկինների ճամբարում, և շատերին կստիպի հեռու մնալ Քոչարյանից և Սարգսյանից:

Ստեղծված պայմաններում իշխանությունը պետք է ընկալի մարտահրավերները և իր գործունեությամբ չստեղծի լարվածության և դժգոհության նոր աղբյուրներ: Հասարակական նվազ աջակցություն ունեցող բարեփոխումները պետք է սառեցվեն, մինչև կգան ավելի կայուն ժամանակներ: Կնահանջի մթնոլորտը ապականող հակաքարոզչությունը: Սոցիալական նշանակության հիմնարկների օպտիմալացումը օրհասական խնդիր չէ, որ պետք է լուծվի հենց այսօր: Հատկապես, որ կառավարությունը հաճախ է ասում, թե փողի խնդիր չկա: Ծննդատները, մանկատները, ծերանոցները և մշակութային օջախները կարող են ևս մի քանի ամիս նույն կերպ աշխատել, բարեփոխումները դրանից էապես չեն տուժի: 

Ճակատամարտից առաջ չեն մտածում՝ ինչպես նոսրացնել սեփական բանակը, հատկապես եթե հակառակորդն ամեն ինչ անում է նոր ռեկրուտներ ունենալու համար:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   89450 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ