...

Արման Թաթոյանը փրկում էր իրավիճակը

Արման Թաթոյանը փրկում էր իրավիճակը

Երեկ ադրբեջանցիները կեսօրին գերեվարել են Սյունիքի Տեղ համայնքի 53-ամյա բնակիչ, հովիվ Սուրիկ Մաթևոսյանին։ Ըստ տեղեկությունների՝ ոչխարներից մի քանիսը հեռացել են, հովիվն էլ փորձել է վերադարձնել։ Հենց այդ պահին էլ նա գերեվարվել է։ Հակառակորդը տարել է նաև 400-450 ոչխար։ Ռուս խաղաղապահները տեղեկացված են, ընթանում են բանակցություններ ՀՀ գերեվարված քաղաքացուն հետ բերելու ուղղությամբ։ Ինչպես մնացած դեպքերում, այս անգամ ևս ՀՀ կառավարությունից, օրենսդիր մարմնից ու նախագահից ծպտուն անգամ չկա։ Ինչպես մնացած դեպքերում, այս անգամ էլ խոսել է ՄԻՊ-ը։ Վերջինս ահազանգ է ստացել, որ ադրբեջանական 4 զինված ծառայող առևանգել են ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները։ «Ըստ ահազանգի տվյալների՝ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150մ., և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է: Ահազանգը ճշգրտվել է. այս հանգամանքները ականատեսի տվյալներ են»,- նշել է Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան գրառման մեջ: Նա նաև հավելել է՝ «ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ Ադրբեջանական զինված ծառայողների չդադարող հանցանքները, որոնք գրեթե ամեն օր են, անհնարին են դարձնում մարդկանց նորմալ կյանքը, զրկում են ընտանիքի եկամուտը վաստակելու, գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից, պատճառում են սոցիալական խնդիրներ: Այս միջադեպն ապացուցում է, որ ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական որևէ ծառայող չպետք է լինի»: ՄԻՊ-ը նշել է, որ անհրաժեշտ է անվտանգության ապառազմականացված գոտի՝ կոչ անելով կառավարությանը օգտագործել այս փաստը, որը որպես ՀՀ ՄԻՊ առաջարկ ամրագրված է ԵԽԽՎ 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում: Հավելենք, որ ռուս խաղաղապահների ջանքերով գերեվարված ՀՀ քաղաքացին վերադարձել է տուն։ Գողացած ոչխարները դեռ չեն վերադարձվել։

Հաշված օրեր հետո, ամենայն հավանականությամբ, Արման Թաթոյանն այլևս կլքի ՄԻՊ պաշտոնը։ Երկուշաբթի օրը մեկնարկելիք ԱԺ նստաշրջանում պատգամավորները Մարդու իրավունքների պաշտպան են ընտրելու։ ՔՊ թեկնածուն Քրիստինե Գրիգորյանն է: Քվեարկությունը գաղտնի է լինելու։ ՔՊ-ին անհրաժեշտ է լինելու 64 ձայն Գրիգորյանին ՄԻՊ կարգելու համար։ Իսկ ՔՊ ԱԺ-ում ունի 71 պատգամավոր։ Այնպես որ՝ Արման Թաթոյանը մոտ ապագայում լքելու է ՄԻՊ պաշտոնը։ Ափսոս։ Գոնե կար մեկը, որն արագ արձագանքում էր սահմանային դեպքերին՝ դրսի համար տպավորություն ստեղծելով, թե պետություն ունենք, որը հետպատերազմական դեպրեսիան հաղթահարել ու սկսել է աշխատել։ 

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1355 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ