...

«Ա՛խ դու կկու, հիմա՛ր կկու»

«Ա՛խ դու կկու, հիմա՛ր կկու»

Հովհ․ Թումանյանի «Չարի վերջը» կարդում են բոլորը, բայց արդյո՞ք հիշում են կամ ճի՞շտ են հիշում։ 

Թումանյանի կկուն զարմանալիորեն տարբեր է բնական կկվից։ Նա ծառի վրա սեփական բույն ունի, իսկ բնում՝ երեք ձագ։ Բնական կկուները, սակայն, իրենց ձվերը թողնում են «օտար» թռչունների բներում։ Բայց սա էական չէ, քանի որ մեր հեքիաթում կկուն բոլորովին այլ դեր ունի։ Նա խաբվածն է։ Աղվեսը՝ խաբողը, սպառնալով և պնդելով, որ սարն ու ծառը իրենն են, խլում է նրա երկու ձագերին և ամենայն հավանականությամբ ուտում։ Կկվին օգնության է գալիս ագռավը։ Տկարամիտ և խեղճ կկվին մի կերպ համոզում է, սա էլ երրորդ ձագին աղվեսին չի տալիս՝ պնդելով, որ սարն ու ծառը բնավ էլ խորամանկ գիշատչինը չեն, բայց մատնում է խելացի ագռավին։ Աղվեսը, բնականաբար, փորձում է պատժել իրեն կկվի երրորդ ձագից զրկողին, սակայն խելացի ագռավը խաբում է նրան և տալիս շան բերանը՝ բառիս բուն իմաստով։ Ահա այսպես՝ խելքի գործադրմամբ է կործանվում չարը։ 

Թումանյանի կկվի կերպարը շատերը զուգորդում են միամտության հետ և խղճում նրան։ Սակայն սա, մեր կարծիքով, կոպտագույն սխալ է։ Կկուն տկարամիտ է, այնքան տկարամիտ, որ զոհաբերում է սեփական զավակներին։ Եվ թող կկվի իրավունքների պաշտպանները չբողոքեն, քանի որ տկարամիտն ինքն է մեղավոր բոլոր դժբախտությունների համար։ 

Զուգահեռներ չե՞ք տեսնում։ 

Այո՛, կկուն մենք ենք, մեր հանրությունն է, որն ուղեղն աշխատեցնելու փոխարեն՝ առաջնորդվեց մանկամիտ զգացմունքներով և զոհաբերեց զավակներին։ Եվ քանի որ կյանքը հեքիաթ չէ, չարը հանգիստ կերավ նրանց և չպատժվեց։

Ավելին, նույնիսկ կկվի խելքը չունեցանք։ 2021-ի ընտրությունները մեր տկարամտության դասական ապացույցն են։ Հայ հասարակությունը քվեարկեց իր զավակներին զոհաբերողների օգտին։ 

Ու հիմա, երբ իսկապես ամբողջ աշխարհն է խառնվել իրար, մեր ժողովրդի թեթև ձեռամբ ունենք անկախ Հայաստանի պատմության մեջ ամենաանմեղսունակ և դրանով իսկ ամենավտանգավոր իշխանությունը։ Ունենք մազից կախված երկիր, որի վիճակի ողբերգականությունը կարծես չենք հասկանում։ Չենք հասկանում, որովհետև ապրում ենք երկնքի թռչունների նման՝ սպասելով Աստծո ողորմածությանը․․․ 

Ի դեպ, դատելով հայ քաղաքական գործիչների, վերլուծաբանների և մտավորականների մեծ մասի խոսքից՝ միամիտ, խեղճ և անօգնական լինելը մի տեսակ արդարացում է մեզ համար, քող է, որով փորձում ենք կոծկել սեփական տկարամտությունը։ Ավելին՝ հանրային խոսույթում տարածվող և ցավալիորեն ճշմարիտ միտքը, թե մեզանից այժմ ոչինչ կախված չէ, կարծես շատերին դուր է գալիս։ Եվ գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև եթե քեզանից ոչինչ կախված չէ, ուրեմն դու ազատված ես պատասխանատվությունից։ Այսքան բան։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1018 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ