...

Այնուամենայնիվ, քաղաքական է

Այնուամենայնիվ, քաղաքական է

Երիտասարդ կնոջ մահվան պատճառ դարձած վթարը, վարչապետի և նրա թիկնազորի պահվածքը դարձել են քննարկումների առարկա։ Արդեն քանի օր է՝ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը մաշկից դուրս է գալիս՝ շեֆին արդարացնելու համար։ Իշխանամերձ լրատվամիջոցներով տարածվում են հետևյալ լուրերը, թե Նիկոլ Փաշինյանը զանգել և ցավակցել է զոհվածի հորը, և վերջինս ասել է, որ ամեն ինչ կանի դեպքը չքաղաքականացնելու համար։

Համաձայն ենք՝ սարսափելի է երիտասարդ աղջկա մահը շահարկման առարկա դարձնելը։ Իհարկե, հայրը կարող էր և չցանկանալ դեպքի շուրջ աղմուկ բարձրացնել, այն էլ՝ քաղաքական։ 

Սակայն հասարակությունն իրավունք ունի ոչ միայն վրդովվելու, այլև մտահոգվելու և քննարկման առարկա դարձնելու երկրի ղեկավարի և նրա թիմի պահվածքը, որն ի ցույց է դնում ոչ միայն այս անձանց մանրախնդիր էությունը, այլև երկրի ժողովրդավարական մակարդակը։ Այ սա՛ է քաղաքական։

Բացատրենք։ Վթարի մեղավորը վարչապետին ուղեկցող մեքենայի վարորդն է։ Ո՛չ վարչապետն է կանգնել՝ զոհին օգնելու համար, ո՛չ էլ նրան ուղեկցողներից որևէ մեկը։ 

Իշխանական թիմը ամենաարտառոց պատճառաբանություններով փորձում է արդարացնել շեֆի հակամարդկային արարքը։ Սկսեցին «պրոտոկոլից», ավարտեցին Հովիկ Աղազարյանի «մտքով», թե 200 հոգի վխտում են, որ սպանեն վարչապետին, ու եթե նա կանգներ, հաստատ քիլլերները վրա կտային։ 

Էլ չենք խոսում սոցցանցային խայտառակ մեկնաբանությունների մասին, որտեղ ինչ ուզեք կա՝ «մեկ դավաճան էլ պակասեց» գարշելի արտահայտությունից մինչև «արյան վրա չի կարելի հոդված գրել» համարյա «սուրբ» մտահոգությունը։

Կրկնենք՝ վթարի փաստը չէր քաղաքականացվի, եթե երկրի ղեկավարն ու իր թիմը համարժեք պահվածք և արձագանք ապահովեին։

Տեսնում ենք ճիշտ հակառակը։ Նրանք արդարանում են այնպես, ինչպես 44-օրյա պատերազմից հետո են փորձում կոծկել իրենց մեղքը։
Նիկոլ Փաշինյանը ոչ վաղ անցյալում առիթ-անառիթ ներողություն էր խնդրում (օր․՝ Վազգեն Մանուկյանից), խոնարհվում, ծնկի գալիս։ 

Հիմա նա գոնե ներողություն պետք է հայցի ամբողջ հասարակությունից, որովհետև իր թիկնազորի անդամներից մեկի հանցանքը, վրաերթի ենթարկված կնոջը տեսնելը, չկանգնելը, օգնության չհասնելը որևէ արդարացում չունի։ Որովհետև ինքն անձա՛մբ է պատասխանատու թե՛ քաղաքացիների անվտանգության, թե՛ ուժային կառույցներում ծառայողների պահվածքի համար։

Իսկ գուցե վարչապետը քաղաքական պաշտո՞ն չէ։ Ասե՛ք՝ իմանանք։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   3434 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ