...

Բաց տեքստով

Բաց տեքստով

Էրդողանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարում է, թե Հայաստանը խոստացել է բացել «Զանգեզուրի միջանցքը», պետք է կատարի դա և մնացած խոստումները։ 

Արցախը բառիս բուն իմաստով զոհաբերած և Հայաստանի ճակատագիրը մեծ հարցականի տակ դրած իշխանությունը խոսում է ինքնիշխանությունից։ 

Ավելին, արցախյան ցեղասպանության դաժանագույն ժամերին իշխանության «համակիրները» գրում են՝ «եթե Հայաստանը ներքաշվի պատերազմի մեջ, կհաղթի Ռուսաստանը, Արևմուտքը կպարտվի»։ Հասկանո՞ւմ եք։ Ռեալ ցեղասպանություն է, իսկ մեր վերլուծագանգերը Ռուսաստանի կամ Արևմուտքի դարդն են քաշում։

Իսկ ի՞նչ է անում հայաստանյան «գլխավոր» ընդդիմությունը։ Այսինքն՝ այն ուժերը, որոնց դուք, սիրելի՛ հայ ժողովուրդ, ձայն տվեցիք և ընդդիմության տիտղոսով պսակեցիք 2021-ի արտահերթ ընտրությունների ժամանակ։ Նրանք ասում և անում են նույնը, ինչ 2020-ի 44-օրյայից անմիջապես հետո։ Փորձում են հրապարակում շատ մարդ հավաքել։

Չեն հավաքելու, որովհետև հիմա նույնիսկ այն ժամանակվա ընտրազանգվածը չունեն։ 

Իսկ չունեն, որովհետև 19-րդ դարի վերջի և 20-րդ դարի սկզբի լեզվով այսօր խոսել չի կարելի։ Հնամաշ ճառերը ոչ ոք լսել չի ուզում։ Բացի սրանից՝ մարդիկ կույր չեն, ամեն ինչ տեսան և տեսնում են։ Նրանք, օրինակ, տեսան, թե ինչպես են թունդ հայրենասիրական ճառերով քողարկված, հսկայական միջոցների տեր ընդդիմադիրներն ընկրկում, դասալքում, երբ թեթև վտանգվում է նրանց ունեցվածքը։ Տեսան, թե ինչպես է Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված ընկերությունը միլիոնավոր դոլարների պատվեր ստանում Նիկոլ Փաշինյանի իշխանությունից։ Այսինքն՝ տեսան, թե ինչ առևտրի մեջ եք։ Տեսան նաև, որ դուք երեք տարի ունեիք՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից երկիրն ազատելու համար, բայց ոչինչ չարեցիք։ Նույնիսկ ձեր խոսույթը չփոխվեց։ 2021-ին հասարակության մի մասը կուլ տվեց «նախկինների» խայծը և ձեր նկատմամբ ատելությունից դրդված՝ ընտրեց ազգակործան պատուհասին, մյուս մասը ձեզ քվե տվեց՝ մտածելով, որ անհաշտ ընդդիմություն եք, ուժեղ եք, ֆինանսական ռեսուրսներ ունեք և կփոխեք երկիրը պարտության տարածների իշխանությունը։ Սխալվեցին երկուստեք։ Հայաստանում նորմալ իշխանություն ունենալու շանսը կորավ։

2022-ի սեպտեմբերին՝ Վեհափառի հովանավորությամբ երեք նախագահների հանդիպումից հետո էլ ոչինչ չստացվեց, որովհետև չանսացիք Լևոն Տեր- Պետրոսյանի առաջարկին, պնդեցիք, որ Նիկոլի հետ քննարկելու բան չունեք։ Մեկ անգամ էլ հնարավորություն կորցրինք։

Հիմա ռեալ ժամանակում կորցնում ենք Արցախը։ Հաջորդը Հայաստանն է։ Դուք նույնն եք։

Ի՞նչ կարելի է անել։ Իհարկե, իշխանությունը պետք է փոխվի։ Բայց դրա համար բնավ չեն դիմում հիասթափված ժողովրդին, թե՝ եկե՛ք հրապարակ, որ շատ լինենք։ Շատ լինեն, որ ի՞նչ անեք կամ ի՞նչ ասեք։ Դրա համար մոբիլիզացնում են ազգային վերնախավը՝ գործարարներին և մտավորականներին։ Ազնվորեն խնդիր են դնում և լուծում։ 

Որովհետև ի տարբերություն ձեզ՝ թուրքը ազնվորեն հայտարարում է՝ սպանելու ենք։ Իսկ դուք առևտուր եք անում Նիկոլի հետ ճիշտ այնպես, ինչպես 1915- 20 թթ․ թուրքի հետ փորձում էին առևտուր անել մեր «ազգային ջոջերը»։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   589 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ