...

Բարեփոխում, որ կստվերի մնացած ձախողումները

Բարեփոխում, որ կստվերի մնացած ձախողումները

Գործող իշխանությունը երկրի ղեկավարումը ստանձնելուց առաջ, գործընթացի ընթացքում և մինչև հիմա խոստանում է մեծ և փոքր բարեփոխումներ: Դրանց առյուծի բաժինը դեռևս հեռու է անգամ օրենքի նախագծի տեսք ստանալուց: Անցումային արդարադատության մասին խոսակցությունները մնացել են արդարադատության նախարարության վերելակի մեջ և չկա մի վերելակավար, որ բացի վերելակը:

Սահմանադրական փոփոխությունների նախագիծը կսկսվի քննարկվել 2020 թվականի գարնանը և Աստված գիտի, թե երբ կդառնա իրականություն: Կուսակցությունների մասին օրենքը մտել է ԱԺ աշխատասենյակներ, բայց դրանից հետո ոչ ոք չգիտի, թե հատկապես որ միջանցքում է մոլորվել: Ժամանակն է նրա գտնողին պարգևավճար խոստանալ: Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մասին մոռացել են, ինչպես կցանկանան մոռանալ պարտատիրոջը վճարվելիք մուրհակը:

Բայց կա ևս մեկ օրենքների փաթեթների փոփոխության նախագիծ, որ շատ շուտով կդառնա քննարկման առարկա ԱԺ լիագումար նիստում: Եվ վարչապետի ելույթներից պարզ է, որ այն ստանալու է ԱԺ-ի մեծամասնության հավանությունը: Առաջին հայացքից այն այնքան հնչեղ անուն չունի, ինչպես վերևում նշվածները, բայց երկրի ապագայի համար կարող է ունենալ շատ ավելի մեծ և դրական ազդեցություն: Խոսքը քրեական ենթամշակույթը քրեորեն հետապնդելու մասին է:

Ռևանշի ուժերը լավ են հասկանում, որ ճշգրիտ և որակյալ օրենք ունենալու դեպքում, նրանք զրկվելու են իրենց ամենամեծ սոցիալական հենարանից: Եվ դրանով է պայմանավորված որոշ պատգամավորների արդեն հնչող բացասական կարծիքները և հռետորական հարցապնդումները, թե ինչ են խանգարում այդ մարդիկ և դա ամենևին էլ կարևոր օրենք չէ:

Հայաստանում գողական աշխարհը, իր ազդեցությամբ և կառուցվածքով, պետություն է պետության մեջ: Իսկ ինչպես գիտենք, նման փորձերը տխուր ավարտ են ունենում: Գողական աշխարհը մինչև վերջերս եղել է իշխանության հավասար գործընկերը և փայատերը պետության ղեկավարումից ստացվելիք եկամուտների, արտոնությունների և բարիքների բաշխման գործում: Քոչարյանի և Սարգսյանի Հայաստանում, իշխանությունը և գողական աշխարհը փոխլրացնում և ապահովագրում էին միմյանց: Այնտեղ, որտեղ իշխանությունը չէր ցանկանում ձեռքերը կեղտոտել, դա անում էր հանցագործ աշխարհի միջոցով: Դրա դիմաց գողական աշխարհի վերնախավը ապահովագրված էր իրավապահ մարմինների հետապնդումից: Նրանք իրար հետ և լայն օրերի, և նեղ օրերի ընկերներ էին, իրար հետ սեղան էին նստում, հարսանիքների և թաղումների մասնակցում: 

Բայց խոսքը միայն վերնախավի մասին չէ: Հայաստանում օրենքը կարող է ամբողջովին գործել միմիայն մեկ դեպքում. պետք է ցանկացած բնագավառում բացառվի հանցագործ ներգործության յուրաքանչյուր դրսևորում օրենքը կիրառողների և օրենքին ապավինողների նկատմամբ: Մարդիկ պետք է ապահովագրված լինեն գողական հանրույթի կողմից մեղադրվելու և պատժվելու վտանգից, եթե որոշել են դիմել օրենքին:

Հեռու գնալ պետք չէ: Վարդերի հեղափոխությունից հետո, Վրաստանը գնաց այդ ճանապարհով և արդյունքները տեսանելի էին անգամ անզեն աչքով: Տնտեսական հեղափոխությունը հնարավոր չէ իրականություն դարձնել՝ չխարխլելով ու վերացնելով գողական աշխարհի դիրքերը: Այս բարեփոխումը չափազանց կարևոր է լինելու Հայաստանի հետագա ժողովրդավարացման և օրենքի երկիր դառնալու հեռանկարի առումով: Եթե իշխանությունը քաղաքական կամք ունենա այն ամբողջովին կյանքի կոչելու, Հայաստանի մոտակա ապագան կդառնա շատ խոստումնալից:

Արիս Վաղարշակյան

«Չորրորդ իշխանություն», թիվ 9, 2019

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1506 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ