...

Բարգավաճական ու լուսավորական բոլոլաներ

Բարգավաճական ու լուսավորական բոլոլաներ

Երեկ խորհրդարանում «բոլոլա» էին սարքել բարգավաճականները՝ ապաքաղաքական պահվածքով ու թեմաներով՝ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի նախագծի քննարկման ժամանակ դրսևորելով քրեական վարք ու հռետորաբանություն։

Այսօր խորհրդարանում սարքված «բոլոլայի» օրը լուսավորականներինն էր՝ կարծես թե քաղաքական թեմատիկայով ու քաղաքական տեքստով։ Նոր «բոլոլայի» առիթը Երևանի քաղաքապետարանում կոռուպցիոն ռիսկերն ուսումնասիրելու նպատակով ԱԺ քննիչ հանձնաժողովի ձևավորման հարցն էր, որին իմքայլական պատգամավորները չմասնակցեցին՝ այդպիսով չհաստատելով հանձնաժողովի կազմավորումը։ 

Երևանի քաղաքապետարանին նվիրաբերված Կամազների հարցը և այդ գործարքում, լուսավորականների կարծիքով, ենթադրվող կոռուպցիոն դրսևորումների խնդիրը «Լուսավոր Հայաստան» կուսակցության համար դարձել է ֆիկցիա ու ուղեղային մորմոք, ինչպես ասում են՝ յոթ երգ գիտեն, յոթն էլ Կամազների մասին և արդեն ամիսներ շարունակ տարբեր ամբիոններից՝ տարբեր փաթեթավորմամբ, այդ հոգնեցուցիչ երգն են մատուցում հանրությանը։

Հասկանալի է, որ ինչպես ԲՀԿ-ն, այնպես էլ ԼՀԿ-ն ընդդիմադիր դաշտում իրենց դիրքերն ամրացնելու խնդիր ունեն և այդտեսակ բոլոլաներով փորձում են լուծել հենց այդ հարցը. ԲՀԿ-ն իրեն հատուկ կիսաքաղաքական-կիսագողական կեցվածքով ու պատկերացումներով, ԼՀԿ-ն՝ «կլասիկ» քաղաքական գործունեությամբ, որի ետևից մեկումեջ ծիկրակում է «երրորդ ճանապարհի» ուրվականը։ Մի ճանապարհ, որը անվերադարձ դաջվել է ԼՀԿ-ի ճակատին։

Այսօրվա բոլոլայում և ընդհանրապես Կամազների պատմության՝ թեմա դառնալու հարցում իրենց մեղքի բաժինն ունեն նաև իշխանություններն ու իմքայլականները։ Նախ՝ իրենց միամտության ու ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով ժամանակին չբարձրաձայնեցին նվիրաբերված Կամազների մասին՝ այդպիսով ընդդիմախոսներին թույլ տալով շահարկել դա։ Եվ ապա՝ թերևս նույն ոչ պրոֆեսիոնալիզմի պատճառով, երբ խորհրդարանում օրենքի ուժով ստեղծվում էր քննիչ հանձնաժողովը, անմիջապես չխոսեցին այդտեղ առկա օրենքի հետ խնդիրների մասին և միայն այսօր են հայտարարում դա։

Համլետ Կիրակոսյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1737 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ