«Դեպի Լառնակա 2 եվրոյով տոմս կա, թոշակառուն թոշակի՝ մեր բարձրացրած մասով կարող է 5 «տուդա-աբրատնի» տոմս առնի», հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։
«ՉԻ»․ Խորհրդային տարիների հայտնի անեկդոտը երևի հիշում եք։ Իմանալով, որ ԿԳԲ-ն կարդում է բոլոր նամակները՝ մեկը արտասահմանում ապրող բարեկամին գրում է․ «մեզ մոտ ամեն ինչ հրաշալի է, չտեսնված առատություն ու էժանություն, խանութում հնարավոր է անգամ փիղ գնել՝ 3 ռուբլով, բայց փիղը ինչի՞ս է պետք, 5 ռուբլի էլ կավելացնեմ՝ հավ կառնեմ»։ Հիմա մեր այս «Լառնակայի տոմսն» է․ թոշակառուի ինչի՞ն է պետք 1800 դրամով «տուդա-աբրատնի» տոմսը, դրա փոխարեն մի այդքան էլ կավելացնի ու 900 գրամ միս կառնի։
Բայց զուտ տեսականորեն Նիկոլ Փաշինյանն իրավացի է։ Որոշակի կատեգորիայի թոշակային տարիքի կանայք իսկապես էլ կարող են ընդամենը 1800 դրամով օդային ճանապարհով հասնել Լառնակա ու հետ գալ, որովհետև Հայաստանում դեռ հնարավոր է այդ գնով ցախավել առնել։
Ի դեպ՝ չզարմանաք, եթե հանկարծ ՔՊ-ն որոշի զարգացնել շեֆի գաղափարը և նախընտրական քարոզչական տեսահոլովակ նկարահանել, թե ինչպես է ինչ-որ թոշակառու տիկին (օրինակ՝ Ախուրյանից) հանգստանում Կիպրոսի լողափին։ Ֆինանսական հաշվետվության մեջ էլ երևի կգրեն․ «նկարահանող խմբի ճանապարհածախս և կեցության ծախսեր՝ 18, 4 մլն, տեսանյութի նկարահանում և մոնտաժ՝ 6,9 մլն, թոշակառուի «տուդա-աբրատնի» տոմս՝ 128 հազար․․․»։ Կգրեն, բայց չեն հրապարակի։ Բա հո թույլ չե՞ն տալու շեֆը խայտառակվի։