...

Բիզնես պարտնյորի ահազանգը՝ օգոստոսին, աղմուկը՝ հոկտեմբերին

Բիզնես պարտնյորի ահազանգը՝ օգոստոսին, աղմուկը՝ հոկտեմբերին

Օգոստոսի 8-ին «Բիզնես պարտնյորը Արսեն Թորոսյա՞նն է» հրապարակման ներքո անդրադարձել էինք Արագածոտնի մարզի Փարպի համայնքի բնակիչների բողոքին։ Բանն այն էր, որ համայնքը ոռոգման ջրի խնդրի առաջ էր կանգնած, քանի որ Փարպին սնուցող մայր առվի ջուրը ուղղվում էր դեպի նոր կառուցված ձկնաբուծարաններ և լողավազաններ։ Համայնքի բնակիչները մեզ անգամ լուսանկարներ էին տրամադրել, որոնցում երևում էին 6 ձկնաբուծարանները, ինչպես նաև դրանց կողքին ժամանցի համար նախատեսված լողավազանը։ «ՉԻ»-ի հետ զրույցում փարպեցիները նշեցին, որ բիզնեսի հետևում համայնքի ՔՊ-ական մի տղա է, որն ամենուրեք հայտարարում է, թե ՔՊ-ից Արսեն Թորոսյանն է իր բիզնես պարտնյորը։ Այդ օրերին ողջ Փարպին միայն Արսեն Թորոսյանի անունն էր տալիս, քանի որ «բուն գործ անողը» որտեղ նստում, ասում էր, թե Թորոսյանն էլ փայ ունի իր բիզնեսից։ 

«ՉԻ» այս հրապարակմանը Արսեն Թորոսյանը չարձագանքեց, դատախազությունն էլ միջոցներ չձեռնարկեց ահազանգի հետքերով։ Հրապարակումից երկու օր անց բնակիչները մեզ տեղեկացրին, որ հարցը լուծվել է։ 

Նախօրեին «Հետք»-ն է անդրադարձել հրապարակմանը՝ նշելով, որ Արսեն Թորոսյանի ընտանիքը ձկնաբուծական բիզնես է սկսել Արագածոտնի մարզի Ղազարավան գյուղում: ««Ֆիշ Ֆարմ Մենեջմենթ» ՍՊԸ-ի բաժնետերերից մեկը թեև պաշտոնյայի հայրն է՝ գյուղում ձկնաբուծարանն ավելի հայտնի է որպես «Արսեն Թորոսյանի ձկնաբուծարան», գրել է կայքը։ Ընկերության հիմնադիրը Շավարշ Գրիգորյանն ու նրա կինն են՝ Էդիտա Գուրօղլյանը: Գրիգորյանը Արսեն Թորոսյանի նախարար աշխատած ժամանակահատվածում զբաղեցրել է առողջապահության նախարարի տեղակալի պաշտոնը, այնուհետև աշխատել է որպես ՊԵԿ նախագահի խորհրդական:

«Իրականում շատ հասկանալի է, թե ինչու է դա արվում հենց հիմա՝ ՔՊ կուսակցության համաժողովին ընդառաջ»,- հակադարձել է Թորոսյանը։ «Հուսամ կգա այն օրը, երբ բաց աղբյուրներից վերցված և որևէ կերպ չթաքցված տեղեկատվությունն ու փաստերը հրապարակելը և դրանք որպես բացահայտում ներկայացնելը, իրար հետ չկապված անձանց և երևույթները մակերեսային դատողություններով իրար հետ կապելը, կդադարի համարվել «հետաքննական» լրագրություն». իր երկար ֆեյսբուքյան գրառման վերջում նշել է Թորոսյանը։ Ի դեպ՝ «Արսեն Թորոսյանի ընտանիքի ձկնաբուծական նոր բիզնեսը» վերտառությամբ հրապարակման առնչությամբ դատախազությունում ուսումնասիրություններ են սկսվել։ 

Երբ մի ամբողջ համայնք զրկված էր ոռոգման ջրից, երբ դրա մասին «ՉԻ»-ը բարձրաձայնում էր՝ դատախազությունը կողքից լուռ հետևում էր։ ՔՊ կուսակցության համաժողովի օրն էլ դեռ որոշված չէր, ուստի՝ Թորոսյանին մեկ էր՝ իրեն բիզնես կվերագրե՞ն, ջրի ակունք փակող վիշապի հետ կնույնականացնե՞ն, թե՞ պարզապես անունը կօգտագործեն՝ որպես քաղաքական տանիք։ Լռում էր։ Հիմա կողմերը իրար հերթ չտալով «արտահայտվում են»։ Թեմա է՝ կանցնի-կգնա, մինչև մի գեղեցիկ օր հարակից համայնքի բնակիչ կամ բնակիչներ կահազանգեն ու կխնդրեն լսել իրենց ու գրել, որ էլի ջուր չունեն։  

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   579 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ