...

Արսեն Թորոսյանը Ադրբեջանի վերքերը լավացնելու մասին

Արսեն Թորոսյանը Ադրբեջանի վերքերը լավացնելու մասին

«Անվերջ սպանվելու վտանգի տա՞կ ենք ուզում մնալ, թե՞ կոնֆլիկտը պետք է լուծել»,- ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանն է նման հարցադրում արել  Factor TV-ի հետ զրույցում՝ նշելով, որ 2020 թվականի պատերազմից հետո ստեղծված ստատուս քվոն վտանգներով է հղի։ «Ադրբեջանը խոցվել է 94-ի պատերազմում՝ 25․000 զոհ տալով և 600․000 փախստական ունենալով, թե՞ միայն մենք ենք զոհը, վերքերը երկկողմանի պիտի լավացնենք»,- հավելել է Թորոսյանը։ Նա նաև նշել է․  «Արցախի անկախության ճանաչման շանս չկա և չի եղել»։ Եվ ուրեմն՝ Նիկոլ Փաշինյանն ու իր գործընկերներն աշխատում են, որ ական կամ հետաձգված պայթյուն չլինի Արցախի հարցի լուծումը։

Փաստորեն մի ողջ սերունդ պետք է կոտորվեր, հազարավորները պետք է անտուն մնային, Արցախի կեսը պետք է կորցնեինք,  որ Թորոսյանը հասկանար՝ կոնֆլիկտը պետք է լուծել։ Հիմա հասկացել են, բայց ընկել են մյուս ծայրահեղության մեջ։ Որոշել են վերքերը երկկողմանի լավացնել-բուժել։ Դրա համար էլ բնակավայրեր են հանձնում՝ վերանորոգված տներով ու տնամերձ այգիներով։ Ճանապարհների ու միջանցքների քննարկումների մեջ են։ Կոմպենսացնում են Ադրբեջանի կրած կորուստները։ Գերիներ ու նախորդ պատերազմներից հայկական կողմում մնացած աճյուններ են հանձնում մեծահոգաբար՝ մեկ բառ անգամ չակնարկելով գերեվարված հայ զինվորների մասին։ ՔՊ վարչության ներկայացուցիչը վստահորեն թշնամության վերացումից է խոսում՝ առանց մտածելու, որ իր ելույթը, հնարավոր է լսեն գերեվարված տղաների հարազատները, Եռաբլուրում հավերժացածների հայրերն ու մայրերը։ Սա ոչ թե համարձակության, այլ ավելի շատ սանձարձակության դրսևորում է։ Երբ պետք էր համարձակություն ցուցաբերել, Թորոսյանն ու ընկերները ընտրեցին պոպուլիզմը, լաչառ-անգրագետ տոնայնությամբ ազդարարվող հայրենասիրություն-ազգապահպանությունը։ Բոբիկ ու տկլոր էին գիտելիքի ու փորձառության տեսանկյունից։ Հիմա նույն բոբիկությունն ու տկլորությունն են ցուցաբերում հետպատերազմական տրավմաներից դեռ ուշքի չեկած հասարակության հետ խոսելիս։ 

Ինչ վերաբերում է Արցախի անկախության շանս ունենալ-չունենալուն, ապա սա առհասարակ Արսեն Թորոսյանի հագով խոսակցություն չէ։ Սա ՔՊ-ում ներկուլիսային մուտիլովկաներ հրահրել-կազմակերպելու ենթահարցերից չէ, որ Թորոսյանի մոտեցումները կարևորվեն կամ դրանց հետ հաշվի նստող լինի։ 

Գոհար Վեզիրյան 
 

ՎԱՐԿԱՆԻՇ

   290 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ