...

Պարգևավճարը բարձրացավ, բայց մակարդակը մնաց նույնը՝ միլիցա-պեպելնիցա

Պարգևավճարը բարձրացավ, բայց մակարդակը մնաց նույնը՝ միլիցա-պեպելնիցա

ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի բռնության փաստին, որի տեսաձայնագրությունը երեկվանից հասանելի է հնարավոր բոլոր հարթակներում, արձագանքել է ՀՀ ՄԻՊ-ը։ «Հատկապես դատապարտելի է այն, որ Ոստիկանության ծառայողները ճանաչել են անձին, նրան դիմել անունով և դրանով հանդերձ փորձել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել»,- հայտարարել է ՄԻՊ-ը։ Իր հերթին «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը տեղեկացրել է, որ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանին բռնության ենթարկելու դեպքով հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել։ «Ցավով պետք է նշեմ, որ հիմքեր ունենք պնդելու, որ Արծվիկ Մինասյանի նկատմամբ ակնհայտ ապօրինի բռնությունը եղել է ոչ միայն տեսախցիկների առջև (որը բոլորս տեսել ենք), այլև Ոստիկանության «Գազելում»: Ընդ որում, դա արվում էր այն ժամանակ, երբ Մինասյանը պարզապես փորձում էր ոստիկանների ուշադրությունը գրավել այն հանգամանքի վրա, որ մի քաղաքացի ուշագնաց է եղել ու օգնության կարիք ունի»,- հայտարարել է Իոաննիսյանը՝ նշելով, որ «Արծվիկ Մինասյանի այսօրվա գործողություններում որևէ ապօրինի բան չենք տեսել»:

Իշխանական որևէ պատգամավոր չի դատապարտել տեղի ունեցածը։ ԱԺ նախագահը, որը պարբերաբար հատուկ ակնածանքով էր խոսում Մինասյանի մասին, լռության օր է հայտարարել։ Մինչդեռ տեղի ունեցածը առաջին հերթին հարվածում է ԱԺ հեղինակությանը, ապա իշխող խմբակցությանը, և վերջում՝ դրան ծառայող, վերջին ամիսների ընթացքում մի քանի միլիարդ պարգևավճար ստացած ոստիկանությանը։ Ուշադրություն դարձրեք՝ Մինասյանը փորձել է ոստիկանության ուշադրությունը սևեռել ուշագնաց քաղաքացուն օգնելու վրա։ Իսկ ոստիկանությունը ոչ միայն չի օգնել քաղաքացուն, այլև մի բան էլ բռնության է ենթարկել դրա մասին բարձրաձայնող պատգամավորին։ Այսինքն՝ ոստիկանության ծառայողները կրկնակի հանցանք են գործել՝ թիրախավորելով պետության երկու կարևորագույն օղակները՝ քաղաքացուն և օրենսդիր մարմնի ներկայացուցչին։ Նրանք երկուսն էլ ապօրինի բան չեն արել։ Իսկ այ ոստիկանությունը, մեղմ ասած, ինքն է դարձել ապօրինության հեղինակ։ Որովհետև ասել են՝ ինչ ուզում եք արեք, տեր ենք, նրանք էլ ծառայի նման գործում են։ Միլիցա-պեպելնիցա մակարդակից էդպես էլ չաճեցին, պարգևավճարն ու բարձր աշխատավարձն էլ չօգնեց։

Գոհար Վեզիրյան 

ՎԱՐԿԱՆԻՇ

   1652 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ