...

Ծիծաղում է նա, ով վերջինն է պատմություն գրում

Ծիծաղում է նա, ով վերջինն է պատմություն գրում

Խաչմերուկում մարգատն անջատեք

Շաբաթն ավարտվում է լավ եղանակով: Առավոտ էր: Արաբաթյան դաշտի լուսապայծառ առավոտներից մեկը: 

Մի մտածեք, թե ինչ-որ բան ենք շփոթել: Չէ, էս հիմիկվանից փորձում ենք հարմարվել կյանքի ու տարածաշրջանի նոր իրողություններին: Փորձարկումներ ենք անում, որ հետո շատ չնեղվենք: 

Հա, էդ Արարատ բառը ոնց որ ձկան փուշ լինի խաղաղության խաչմերուկի կոկորդում: Խեղճ Նիկոլն ի՞նչ անի, որ թուրքերը նրան ստիպում են Արարատ լեռը, գերբը, օրհներգը, պատմության դասագրքերը, կոնյակը, Արարատ-73-ը, այդ ամենը սրբագրել, խմբագրել, համապատասխանեցնել միջազգային թուրքիֆիկացիայի ստանդարտներին: 

Ի՞նչ անի, այ մարդ, Նիկոլի ձեռքն ի՞նչ կա, ի՞նչ եք ուզում իրենից: Կաշվից դուրս է գալիս, որ խաչմերուկը կառուցվի, գծերը գծվեն, լուսացույցները դրվեն, ինքն էլ, խաղաղության փայտիկը ձեռքին, կարգավորի խաչմերուկի լոգիստիկան: Ով որ էս գաղափարին դեմ է, ուրեմն.... եսիմ, ասենք՝ թուրք է, թուրքերը կնեղանան, հայ-թուրքական հարաբերությունների վրա ծանր քար կգցենք, կբռնեն խաչմերուկից ձախ կթեքվեն: Բայց ինչ-որ բանի հետ պետք է համեմատել, «թուրք» եզրույթն արդեն վախենալու չի, ոչ էլ վարկաբեկիչ: Հետո մենք հո դաշնակ չե՞նք:

Եվ ուրեմն, ով որ դեմ է խաղաղության խաչմերուկին, բադակտուցի տղա է: Հնարավորինս չեզոք, բայց շինիչ համեմատություն է: Չենք կարծում, որ բադակտուցները կնեղանան, համ էլ դրանք մի քիչ տրանսգենդերոտ կենդանիներ են: 

Պա´պ, ա՛յ պապ, ո՞վ է մեր հողերը տվել

Այնպես որ, պատմության դասագրքերը պետք է ծերից ծեր սրբագրել: Մանավանդ Պապ թագավորի մասը: Մեր վարչապետն ասում է. «Եթե պատմությունը գրի նույն ձեռքը, ինչ Պապ թագավորի մասին, պարզ է, որ ես պատմության մեջ կլինեմ հերթական հողատուն»...

Չգիտենք, թե այդ որ ձեռքն է Պապ թագավորին հողատու անվանել: Մեր պատմիչների հուշերում նման բան չենք հանդիպել, միգուցե «Հայկական ժամանակի» հավաստի աղբյուրներից է նման ինֆո ստացել: Բայց, բոլոր դեպքերում, չպետք է թույլ տալ, որ ինչ-որ անամոթ ձեռք Փաշինյանին հողատու ներկայացնի մեր սերունդների համար: 

Դրա համար ասենք, թե ոնց պետք է լինի: Պետք է այսպես գրել. «Մեր հպարտա-ազատագրական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը պատերազմում չի պարտվել: Այլ հաղթել է նենգ թշնամին: 

Փաշինյանը Արցախը չի հանձնել. այլ հեռահար նպատակներով ու ժամանակավորապես գցել է Ադրբեջանի ջեբը:

Նիկոլի օրոք Արցախը ոչ թե հայաթափվել է, այլ արցախցիներն այնքան էին պաշտում Փաշինյանին, որ գերադասեցին Արցախից հեռանալ և մաքսիմալ մոտիկ լինել նրան, ձեռքով կպչել, հետը սելֆի անել՝ դրա համար զոհաբերելով իրենց տուն-տեղը, ունեցվածքը, եղած-չեղածը:

Փաշինյանի օրոք Հայաստանի սահմանամերձ բազմաթիվ հատվածներ ոչ թե անցել են նենգ թշնամու տիրապետության տակ, այլ Նիկոլն այնպես է արել, որ հիմա մեր սահմանները վերահսկվում են նենգ ոսոխի պետբյուջեի ու զինվորների հաշվին, ինչի շնորհիվ ահռելի գումարներ ենք տնտեսում: 

Ու թող Էդուարդ Շարմազանովը վեր-վեր չթռչի: Դարձել է Պապ թագավորի փաստաբանն ու գրել. «Դու ավերածության, տգիտության ու քաոսի սիմվոլ ես,Նիկոլ։ Ապագա Հայոց պատմություն գրողները, կլինեն նրանք ապագա Խորենացի՞, Բուզա՞նդ, թե՞ Փարպեցի, քեզ ներկայացնելու են որպես հողատու և դավաճան»: 

Բա սա գրելու բա՞ն է, էս ի՞նչ ձև է, էս ի՞նչ ձեռք է: Կտրականապես համաձայն չենք պրն Շարմազանովի հետ: Կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում պատմությունը գրելու: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   658 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ