...

Իսկ ո՞վ է ժողովրդին զրկել չսխալվելու շանսից

Իսկ ո՞վ է ժողովրդին զրկել չսխալվելու շանսից

Քաղաքականության մեջ պատասխանատվության սեփական բաժնից խուսափելն ու մեղքն ուրիշների վրա բարդելը սովորական երևույթ է, բայց որպես կանոն՝ մեղքը բարդում են քաղաքական հակառակորդների վրա, թշնամու վրա, «5-րդ շարասյան» վրա, «միջազգային մութ ուժերի» վրա և այլն, իսկ ահա ամբողջ ժողովրդին մեղադրելը հազվադեպ երևույթ է։ Մեր դեպքում ամիսներ առաջ նման բան Նիկոլ Փաշինյանն ու իր տիկինն էին արել՝ զենք կրելու ունակ 600 հազար տղամարդկանց «պոտենցիալ դասալիքներ» անվանելով, մեկ էլ մի երկու օր առաջ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արեց․ հայտարարեց, թե «երբեք չասեք, թե ժողովուրդը չի սխալվում», հիշեցրեց, որ 2018-ին և 2021-ին «հայ ընտրողների մեծամասնությունը ձայն տվեց նիկոլիզմին» և զուգահեռներ անցկացրեց 1933-ի նոյեմբերին Գերմանիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների հետ, որտեղ Հիտլերի կուսակցությունը հավաքել էր 93 տոկոս։ 

Սա իսկապես չափազանց կարևոր թեմա է, ուստի արժե ավելի հանգամանորեն անդրադառնալ։ Այո, ստախոս պոպուլիստները շատ երկրների են աղետի հասցրել, բայց ամեն դեպքում հիշեցնենք, որ Հիտլերը Գերմանիայի կանցլեր է դարձել 1933-ի հունվարին, ընդ որում՝ ոչ թե ընտրվել է, այլ նշանակվել նախագահ Հինդենբուրգի կողմից, որովհետև դրանից երկու ամիս առաջ կայացած ընտրություններում ընդամենը 34 տոկոս էր հավաքել ու մեծամասնություն չուներ։ Իսկ 93 տոկոս ստացել է, երբ արդեն կանցլեր էր ու փաստացի զավթել էր իշխանական բոլոր լծակները։ Սա ձեզ ոչինչ չի՞ հիշեցնում։ Ուրեմն հիշեցնենք։

2018-ի խորհրդարանական ընտրություններում 70-ից ավելի տոկոս ստացել է ոչ թե փողոցային պոպուլիստ Նիկոլը, այլ արդեն վարչապետ դարձած ու իշխանությունն «իրենով արած» Նիկոլ Փաշինյանը։ Իսկ փողոցային պոպուլիստ Նիկոլին, որն ամիսներ առաջ ընդամենը 7,7 տոկոս էր ստացել, վարչապետ է կարգել խորհրդարանը՝ նաև ՀՀԿ-ի ձայներով, առանց որոնց դա պարզապես հնարավոր չէր լինի։ Պարզ ասած, Սերժ Սարգսյանը Նիկոլի համար կատարել է նույն դերը, ինչ Հինդենբուրգը՝ Հիտլերի համար, ու հայտնի ելույթում էլ չի ասել «Նիկոլը ճիշտ էր, ժողովուրդը սխալվեց», ասել է «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի»։  

Հիմա՝ 2021-ի ընտրությունների մասին, երբ «հայ ընտրողների մեծամասնությունը ձայն տվեց նիկոլիզմին, Արցախ հանձնածներին»։ Իսկ ինչո՞ւ այդպես եղավ, կանխելու հնար չկա՞ր, մեխանիզմներ չկայի՞ն։ Ասվել էր, չէ՞, որ նա տեղով մեկ պատուհաս է, «կեսը կործանել է, մյուս կեսն էլ կկործանի», ու դա կանխելու կոնկրետ մեխանիզմ էր առաջարկվել։ Բայց պարզվեց՝ «փրկիչներին» ոչ թե հետագա աղետները կանխելն էր հետաքրքրում, այլ իշխանությունը վերադարձնելը։ Ու քանի որ չստացվեց՝ եզրակացությունը մեկն է․ «ժողովուրդը սխալվեց»։ Ընդ որում՝ իրականում սա հնչում է ընդամենը որպես ափսոսանք, որ «ժողովուրդը հավատաց ոչ թե մեր, այլ ուրիշի՛ ստերին»։ 

Հետաքրքիր է՝ իսկ ուրիշ ի՞նչ էին ակնկալում 20-25 տարի շարունակ ժողովրդին ստերով կերակրած քաղաքական ուժերն ու «փրկիչները»՝ նրանք, ովքեր հավատացնում էին, թե Քոչարյանի նեկայացրած ԺԷԿ-ի տեղեկանքն իսկական է, նա երկու տարում վերացնելու է «աղետի գոտի» հասկացությունը, ունենալու ենք առնվազն 8 հազար քկմ տարածքով անկախ ԼՂՀ, դեռ 100 տարի զարգանալու ենք շրջափակման պայմաններում, 2040 թվականին ունենալու ենք 4 մլն բնակչություն, և այլն։ Եթե ի սկզբանե համատեղ ուժերով բացառել եք, որ մածունը սպիտակ է ու ժողովրդին այլ տարբերակներ եք առաջարկել՝ կարմիր է, կապույտ է, կանաչ է, ծաղկավոր է, հասկանալի է, չէ՞, որ ժողովուրդն ինչ տարբերակ էլ ընտրեր՝ սխալվելու էր։ Հիմա ումի՞ց եք բողոքում, և ինչո՞ւ եք նեղսրտել, որ ձե՛ր օգտին չի սխալվել։ 

Այնպես որ՝ ոչ թե ժողովուրդն է սխալվել, այլ դուք եք հին ու նոր պոպուլիստներով ամեն ինչ արել, որ հանկարծ չսխալվելու շանս չունենա։ Ու հիմա դրա հետևանքները բոլորս ենք «վայելում»։ 

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   1930 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ