...

Ոչ մի թիզ Հայաստան

Ոչ մի թիզ Հայաստան

Հաղթողներին չեն դատում

Այս շաբաթ շարունակվեց ոչմիթիզականության հաղթարշավը: Մենք մինչև հիմա մտածում էինք, որ ոչմիթիզականները այն մարդիկ են, որոնք չեն ցանկանում և ոչ մի գնով, ոչ մի պարագայում ոչ մի թիզ հող զիջել հակառակորդին: Բայց որ նայում ես ոչմիթիզականների պատմությունը, ապա ստացվում է, որ այս գաղափարախոսության ջատագովները տանում են նրան, որ Հայաստանից ոչ մի թիզ չմնա: Այս դեպքում ամեն ինչ իսկապես տեղն է ընկնում:

1920-ին ոչմիթիզականները ոչ մի թիզ չթողեցին Արևմտյան Հայաստանից, հիմա հերթը հասել է Հայաստանին ու Արցախին:

Ճիշտը անհավանականն էր

1997 թվականին, երբ «պարտվողական», «հող հանձնող», «կապիտուլյանտ» իշխանությունը Արցախյան հակամարտության կարգավորման գործընթացում կարողացավ համաձայնության գալ մի լուծման շուրջ, ոչմիթիզականները... գիտեք՝ ինչ արեցին: Չէ որ չէ, ի՞նչ փոխզիջում, ինչ բան, ոչ մի թիզ, սաղ մերն է: 

Այն ժամանակ Ադրբեջանը համաձայնվել էր մի լուծման, համաձայն որի՝ Արցախի անվտանգությունը անվտանգության չորս մակարդակ էր ունենալու:

1. ԵԱՀԿ մի քանի հազարանոց ռազմական խաղաղապահ զորք, որը տեղակայվելու էր նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից դուրս;

2. Ադրբեջանական զորքերը ետ էին քաշվելու դեպի իրենց տարածքի խորք՝ գտնվելով Արցախի ուժերից մի քանի, իսկ որոշ դեպքերում՝ մի քանի տասնյակ կիլոմետր հեռավորության վրա:

3. Արցախի անվտանգությունը ապահովելու էին միջազգայնորեն ճանաչված ԼՂ զինված ուժերն ու անվտանգության կառույցները, ինչպես դա անում էին մինչև փաստաթղթի ստորագրելը, իսկ դրանից հետո անելու էին այլ՝ ավելի բարձր կարգավիճակով;

4. Փաստաթղթի ստորագրումով Լեռնային Ղարաբաղը, որպես անվտանգության ապահովման և բանակցությունների սուբյեկտ, ստանալու էր միջազգային ճանաչում, ինչը անվտանգության լրացուցիչ երաշխիք է: 

Շատերը, ովքեր տեղյակ չեն բանակցային գործընթացից, կարող է չհավատան, որ նման լուծում է եղել, ու որ Ադրբեջանը սրան համաձայն է եղել: Անհավանական է, չէ՞, թվում:

Հայկական տարբերակը

Իսկ ի՞նչ ունենք մենք հիմա. Արցախի հայաթափման 4 մակարդակ.

1. Ռուսական մի քանի հազարանոց ռազմական խաղաղապահ զորք, որը տեղակայվել է նախկին ԼՂԻՄ-ի սահմաններից ներս:

2. Ադրբեջանական զորքերը մտել են նախկին ԼՂԻՄ-ի տարածք, իսկ որոշ դեպքերում՝ մի քանի տասնյակ կիլոմետր խորության վրա:

3. Արցախի անվտանգությունը միջազգային և ոչ մի կառույց չի ապահովում, մի թեթև դրանով ռուսական խաղաղապահ ուժերն են զբաղված, բայց դա էլ՝ նայած եղանակի, իսկ այժմ դրված է Արցախի բանակի կազմալուծման հարցը:

4. Լեռնային Ղարաբաղը դադարել է լինել բանակցությունների սուբյեկտ, միջազգային ճանաչում չունի, նույնիսկ ԵԱՀԿ-ի հայտարարությունների մեջ «Լեռնային Ղարաբաղ» եզրույթը չի օգտագործվում: 

Եվ ինչն է հետաքրքիր. մինչև հիմա էլ լուծման առաջին փաթեթի համար մեղադրում են այդ լուծման հնարավորությունը ձեռք բերած իշխանությանը, ու մեղադրում են նրանք, ովքեր այս լուծումը այս երկրորդ փաթեթին են բերել, հասցրել: 

ՎԱՐԿԱՆԻՇ

   2637 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ