...

Ծույլերը խնդիր չեն լուծում

Ծույլերը խնդիր չեն լուծում

Հանրության մի մասը վրդովված է, որ մեր իշխանություններն այս ճակատագրական օրերին զբաղված են ծխախոտի, աղի կամ սնդիկի հարցերով, համարյա չեն արձագանքում ադրբեջանցիների, ռուսների կամ ուկրաինացիների հայտարարություններին։ Իզուր։ Այսպես ավելի լավ է։ Որովհետև երբ հանկարծ կարծիք են հայտնում, Հայաստանի առանց այդ էլ բարդագույն խնդիրներին նորերն են ավելանում․․․

Ինչո՞ւ եք վրդովվում, սիրելի՛ հայրենակիցներ։ Ձեր ընտրած ընտիր իշխանությունն է, ձեր պատկերով և նմանությամբ կերտված՝ պոռոտախոս, մեծամիտ և ծույլ։ Ինչո՞ւ եք վրդովվում և պահանջում արձագանքել սրան-նրան, երբ կարող էիք, այո՛, գոնե 2020-ի խայտառակ պարտությունից հետո 2021-ի ընտրություններով ապահովել այլ իշխանություն և նրանից պահանջել ամենօրյա, անխոնջ աշխատանք։

Քանի՞ մտավորական կամ հանրային տիրույթում հայտնի մարդ կգտնեք, որ իշխանությանը գոնե հարց տար՝ ի՞նչ վիճակում են մեր սահմանների ամրությունները, ի՞նչ եք անում բանակը սպառազինելու համար, ինչպե՞ս են ապրում սահմանամերձ շրջանների մեր հայրենակիցները։ Պատասխանենք՝ այդ մարդիկ հատուկենտ են, նրանց ձայնը խլացնում է այն անասելի աղմուկը, որ ստեղծել են օրվա իշխանությունը և ընդդիմությունը։ 

2020-ի նոյեմբերից մեկուկես տարուց ավելի է անցել։ Ինչո՞վ ենք զբաղված ազգովի։ Մինչև հիմա նախկին-ներկա, թալանչի-դավաճան խայտառակ խոսույթից դուրս չենք գալիս։ Եվ գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև ոչ միայն մտավոր խնդիրներ ունենք, այլև ծույլ ենք։

Մի՛ նեղացեք։ Ծույլ ենք։ Կոնկրետ, շատ կոնկրետ խնդիրներ կան, որոնք մեր փոխարեն ոչ ոք չի լուծելու՝ ո՛չ Բայդենը, ո՛չ Պուտինը, ո՛չ էլ Հռոմի պապը։

Օր․՝ 2021-ի հունիսին կոնկրետ խնդիր պետք է լուծեինք․ Հայաստանի համար իշխանություն պետք է ընտրեինք։ Եվ ի՞նչ արեցինք։ Հեչ։ Գնացինք ծանոթ ու հեշտ ճանապարհով։ Ալարեցինք մտածել։ Ալարեցինք հասկանալ, որ դա մեր ամենակարևոր գործն է։ Մեր մի մասն այդպես էլ ընտրատեղամաս չհասավ, հասածներն էլ նաղդը թողած՝ նիսյան հո չէի՞ն ընտրելու։ Եվ որոշեցին, որ երկիրը ոչ միայն իշխանություն չի ունենալու, այլև նորմալ ընդդիմություն։ Այդպես հեշտ էր։ Հեշտ էր աչքերը փակել և ընտրել երկիրը պատերազմի և պարտության տարած Նիկոլ Փաշինյանին, որովհետև նրա ընդդիմությունը նախկիններն են։ Իսկ պատերա՞զմը։ Դեպք էր։ Եղավ-անցավ։ Կարևորը նախկինների ուրվականն էր։ Եվ ուրվականը իշխանության հետ ձեռք ձեռքի տված փակել է Հայաստանի կենսական բոլոր ճանապարհները, որովհետև անգործունակ ՔՊ-ականներին խոսելու առատ նյութ է տալիս, իսկ գործ անող չկա։

Այնպես որ մի՛ վրդովվեք։ Սա՛ է։ Խնդիրը դրված էր, չլուծեցիք։ Ո՛չ փող էիք ծախսելու, ո՛չ էլ քար էիք քաշելու, ընդամենը մտածելու էիք։ Ու հիմա «վայելում ենք» բոլորս։ Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Հայաստանի համար դժվարագույն այս պահին մենք ունենք ամենաանմեղսունակ իշխանությունը։ Եվ սա ոչ թե ճակատագրի հեգնանքն է, այլ տգետների և ծույլերի ընտրությունը։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1566 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ