...

Դեռ ինչքա՞ն եք ստորանալու

Դեռ ինչքա՞ն եք ստորանալու

Դիմում եմ Նիկոլի ուսապարկերին, կներեք՝ թիմակիցներին, իբր արևմտյան արժեքներ դավանող արբանյակ կուսակցությունների ներկայացուցիչներին, «հեղափոխությանն» առայժմ հավատացողներին: Ուշքի՛ եկեք, քանի դեռ կարող եք: Ուշքի՛ եկեք, որովհետև Աստծո անունը պատեհ-անպատեհ տվողը ոչ մի պատվիրան չգիտի, չի հասկանում: Բայց դուք գուցե հասկանում եք և գիտակցված մեղք եք գործում: Մի՛ դատիր, որ չդատվես-ը լսե՞լ եք: Լսել եք, բայց գլուխներդ չի մտել:

Մեջներդ պատմության մասնագետներ կան, նույնիսկ ուսուցիչներ, տեղական և արևմտյան կրթություն ստացած աղջիկներ ու տղաներ, ձեզ չե՞ն ասել, թե ինչ է դասակարգային պայքարը: Ձեզ չե՞ն պատմել, որ հեղափոխության պողպատե առաջնորդը՝ Ստալինը, առաջին հերթին զոհաբերեց իր զինակիցներին, կարկառուն հեղափոխականներին: Ձեզ չե՞ն պատմել, որ Խորհրդային անծայրածիր երկրում դասակարգային պայքարը էլիտաների դեմ էր՝ հոգևոր, մտավորական, տնտեսական, բայց հազարներով,միլիոններով բանտերում և սիբիրներում տանջամահ էին անում անստորագիր մատնագրերով դատապարտված բանվորների, գյուղացիների, զինվորականների և սովորական մտավորականների: Իսկ մատնագրերը շատ էին, որովհետև մատնագիր գրողի համար մի կով ավել ունեցողն արդեն էլիտա էր…

Այսինքն՝ դասակարգային պայքար ասվածը պողպատե լիդերը վերածել էր հաշվեհարդարի սովորական գործիքի, և մարդիկ, հետևելով ամենաստոր բնազդին, իրար մահվան էին ուղարկում: Մատնիչներին էլ չէին խնայում, քանի որ հաջորդ մատնագիրը մատնիչի դեմ գրում էր մեկ ուրիշը՝ հերթական ստորը կամ ստորացվածը:

Արևմտյան, արևելյան կամ տեղական կրթություն ստացած աղջիկներին և տղաներին բացատրենք, որ քաղաքացիական բախումներ հրահրելով՝ իրենց «առաջնորդը» հային հայի դեմ է հանում, հայի ձեռքով ուզում է մեկ ուրիշ հայի արյուն թափել: Այսինքն՝ եղբայրը՝ մի քիչ հարուստ եղբոր դեմ, համագյուղացին՝ քաղաքում գիտնական դարձած հայրենակցի դեմ, հայրը՝ որդու, որդին՝ հոր դեմ: Սա եղել է բազում ազգերի, նաև մեր պատմության մեջ, սա ամոթալի, խայտառակ էջ է, սա 21-րդ դարում տեսնում ենք վերացող պետություններում՝ Սոմալի, Իրաք, Սիրիա և այլն:

Հայաստանի համար սա՞ եք ուզում: Եթե ուզում եք, արա՛գ որոշեք, ով է լինելու Կիրովի, Զինովևի կամ Բուխարինի դերում: Հա՛, չգիտեք՝ ովքեր են: Ասեմ՝ Ստալինի զոհաբերված զինակիցներն են: Օրինակ՝ Կիրովին սպանեցին, որ սանձազերծեն 1937 թ. տեռորը, մյուսներին հազարավոր նվիրյալ հեղափոխականների հետ միասին դատեցին և գնդակահարեցին՝ որպես ժողովրդի թշնամիների:

Դե հիմա արա՛գ որոշեք՝ ով է զոհաբերվողների առաջին շարքում:

Եվ վերջապես: Ինքներդ ձեզնից չե՞ք զզվում, երբ ամեն օր լսում եք այս բառակույտերը, ոչ միայն լսում եք, այլև ծափահարում եք: Դեռ ինչքա՞ն եք ստորանալու…

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   850 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ