...

Դիմակայությունից առաջ Փաշինյանը նոր ուժեր է ներգրավում

Դիմակայությունից առաջ Փաշինյանը նոր ուժեր է ներգրավում

Վարչապետի խոսնակի պնդումը, թե արտախորհրդարանական ընդդիմությունը 20 հոգուց ավելի մարդ չի կարողանում հավաքել փողոցում, շատ մոտ է իրականությանը: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ խոստացված «թեժ աշունը» բացառվում է: Նախկին ռեժիմը բոլորից լավ է գիտակցում, որ երբևէ չի կարող հույս դնել տասնյակ հազարանոց հանրահավաքների վրա: Մի քանի տասնյակ կամ հարյուրանոց ակցիաները ընդամենը ֆոն են ապահովելու, դրանց նպատակն է ուշադրությունը շեղել խորքային գործընթացներից: Ներկայիս ընդդիմությունը խորապես տարբերվում է նախորդ ընդդդիմություններից թե՛ փիլիսոփայությամբ, թե՛ միջոցների մեջ խտրականություն չդնելով և թե՛ ֆինանսական ռեսուրսներով:

Ինչպես արդարացվում է 10 զոհերի և հարյուրավոր վիրավորների միջոցով իշխանությունը պահելու նպատակը, այնպես էլ կարդարացնեն զոհերի ու վիրավորների արյան գնով իշխանությունը զավթելը: Ռեցեդևիստի համար միևնույնն է, թե հանցագործությունը որերորդն է:

Վարչապետի սկսած հանդիպումների շարքը քաղաքական ուժերի հետ թերևս վկայում են, որ իշխանությունում էլ են սկսել գիտակցել վտանգի մասին: Մինչ այս պահը Նիկոլ Փաշինյանը միայնակ էր ստանձնել քաղաքական պատասխանատվությունը ռևանշի դեմն առնելու և չէր էլ փորձում այն ավելի ներառական դարձնելու: Կար համոզմունք, որ առաջին դեմքի վարկանիշը երկաթբետոնե արգելապատնեշ է ռևանշի ձգտող ուժերի համար: Մյուս բոլոր ուժերը, որ ոչ պակաս են շահագրգռված ռևանշի դեմն առնել, դուրս էին մղված գործընթացից: «Քաղաքացու որոշում» և «Սասնա ծռեր» կուսակցությունների հետ հանդիպումները վկայում են, որ Փաշինյանը նույնպես սկսել է գիտակցել մարտահրավերների լրջությունը: 

Իհարկե, կա տեսակետ, որ սա ընդամենը տակտիկական քայլ է իշխանությունների կողմից: Հանդիպելով հատկապես ծռերին՝ Փաշինյանը սանձազերծում է տեղեկատվական պատերազմ նրանց և նախկին ռեժիմի կողմնակիցների միջև: Վերջերս դա վերացել էր: Հանրապետականները և ծռերը գրեթե մոռացել էին միմյանց գոյության մասին և միակ թիրախը գործող իշխանություններն էին, բայց երեկվանից իրավիճակ է փոխվում:

Հանրապետականները նորից հիշեցին, որ ծռերը ահաբեկիչներ են, իսկ ծռերը մոռացան թավիշի կործանարար ազդեցությունը և նորից սկսեցին հիշել նախորդ իշխանության ազգադավ և հանցագործ էությունը: 

Հակված ենք կարծելու, որ սա տակտիկական քայլ չէ՝ կապված Ամուլսարի և այլ հնչեղություն ունեցող գործընթացներում ընդամենը մեղմելու քաղաքական ուժերի քննադատությունը: Փաշինյանը, թերևս, սկսեց գիտակցել, որ «ՔՊ»-ն շատ քիչ է ռևանշին դիմագրավելու համար: Թիմի շատ անդամներ խուսափում են քաղաքական պատասխանատվությունից այնպես, ինչպես կփախչեին էբոլա վիրուսից: Նրանք չեն ձգում և չեն ձգտում քաղաքական բանավեճի և պայքարի: Ուստի, ժամանակն է ներգրավելու նոր ուժերի, որոնք ավելի թրծված են քաղաքական պայքարում:

Արիս Վաղարշակյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   6170 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ