...

Դրո՞շ տնկել, թե՞ սահմանային ամրություններ կառուցել․ սա՛ է խնդիրը

Դրո՞շ տնկել, թե՞ սահմանային ամրություններ կառուցել․ սա՛ է խնդիրը

Մղձավանջը շարունակվում է։ Ձեզ համար այդքա՜ն ատելի 90-ականներին ո՞վ կպատկերացներ, որ 2022 թ․ հայկական խրոխտ ընդդիմությունը, որի կազմում քիչ չեն ֆինանսական մեծ կարողությունների տեր մարդիկ, կզբաղվի Հայաստանի տարբեր քաղաքներում Արցախի դրոշը տեղադրելու խիստ «հերոսական» գործով։ Ի՞նչ է սա․ ծա՞ղր է, թե՞ անկարողության ցուցիչ։ Կասեք՝ Արցախի դրոշը սիմվոլ է։ Լա՛վ, եթե այդքան սիրում եք սիմվոլներ, ինչո՞ւ ոչ մեկդ հարց չտվեց իշխանությանը՝ ՀՀ բանակի 30-ամյակը նշելու կապակցությամբ կոլեկտիվ կորոնավիրուսը դեռ չի՞ բուժվել, իսկ եթե բուժվել է, ե՞րբ եք նշելու այդ կարևոր, նաև խորհրդանշական տոնը։ 

Որովհետև շատ լավ հասկանում եք, որ մեր պետության միակ երաշխավորի՝ բանակի այսօրվա վիճակը բոլորիդ կոլեկտիվ մեղքն է։ Որովհետև շատ ավելի հեշտ է դատարկաբանությամբ «զբաղվելը», քան կոնկրետ գործ անելը։

Եվ այսպես․

1․ Իշխանությունը իբր խաղաղության դարաշրջան է բացում, իբր զբաղված է դիվանագիտական աշխատանքով։ Իբր։ Միայն նայե՛ք իշխանավորների հորթային ուրախությամբ լցված դեմքերին աշխարհիս այս կամ այն «մեծերի» հետ հանդիպումների ժամանակ և ամեն ինչ կհասկանաք։ Բազմիցս ենք նշել, հիմա կրկնում ենք՝ Նիկոլ Փաշինյանի՝ իզմեր, հայերեն՝ սկզբունքներ չունեցող իշխանությունը պատուհաս է, որովհետև ընդունակ չէ ո՛չ ռացիոնալ մտածելու, ո՛չ էլ գործելու։ Պատերազմից 1, 5 տարի անց, բացի էժանագին քարոզչությունից, ուրիշ բան չեն արել։ Կարևոր գործը՝ բանակի արդիականացումը, սահմանային ամրությունների կառուցումը, թողած՝ մուրճ են ճոճել, տեղական ընտրություններն են այլանդակել միայն մեկ նպատակով՝ ամրապնդել սեփական իշխանությունը։ Եվ սա արվել է Հայաստանի պետականության հաշվին։

2․ Ընդդիմությունը «դավաճան, հողատու, թուրք» և այլ բառեր գործածելու «հերոսական» ջանքերին հիմա գումարել է Արցախի դրոշը շահարկելու անպտուղ ցուցքը։ Ընդդիմությունը, չհաշված մեկ-երկու հոգու, գրեթե չի խոսել սահմանների և բանակի մասին։ Իսկ եթե խոսել է, ապա դատարկամիտ լոզունգներից զատ՝ ոչինչ չի ասել։ Կարո՞ղ էին արդյոք ընդդիմության մեծահարուստները գոնե մի քանի կմ սահման կահավորել կամ դա անելու հայտ ներկայացնել։ Կարող էին։ Եվ այդ ժամանակ թող իշխանությունը հակառակվեր։ Միանգամից կերևար՝ ով ինչ արժե։ Չեն արել, չեն էլ անելու։ Գենետիկ կոդում դա՛ է գրած։ Ցավոտ է, բայց հիշեցնում ենք․ 1914-15 թթ․ այսպես էին վարվում հայ մեծահարուստները, նույնքան տկարամիտ էին նաև ազգային կուսակցությունները, հատկապես դրանցից գլխավորը՝ երիտթուրքերի դաշնակիցը։ Դատարկ ճառերից բացի՝ ոչինչ չէին անում հայ բնակչության ֆիզիկական գոյությունը պաշտպանելու համար։ Իսկ հետո ինչ եղավ, գիտեք (Իսկ թե ինչ էին անում Ցեղասպանության աղետից հետո երիտթուրքերի հայ դաշնակիցները, առանձին խոսակցության նյութ է, որին կանդրադառնանք առաջիկայում)։

Նորից ու նորից ասենք՝ խաղաղությո՞ւն, թե՞ պատերազմ երկընտրանքում, իհարկե, խաղաղությունն է ցանկացած նորմալ մարդու ձգտումը։ Բայց սա բնավ կապ չունի բանակն անտեսելու, սահմաններն անտեր թողնելու հետ։ 90-ականներին՝ Արցախյան հաղթական պատերազմի ժամանակ, բանակ ստեղծեցինք, որովհետև դա՛ էր ապագա խաղաղության կարևոր երաշխիքներից մեկը։ Բանակը և հմուտ դիվանագիտությունը մտավոր բարձր կարողություններ են պահանջում, ամենօրյա աշխատանք և, իհարկե, տնտեսական միջոցներ։ Հիմա ո՞րն ունենք․․․

Եվ այնուամենայնիվ, ե՞րբ ենք նշելու հայոց բանակի 30-ամյակը, կորոնավիրուսից բուժվե՞լ եք։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1066 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ