...

Երբ երկիրդ անգլուխ է

Երբ երկիրդ անգլուխ է

2020-ի նոյեմբերի 9-ից անցել է մեկ տարի 3 ամիս 17 օր։ Ի՞նչ նպատակներ ենք ձևակերպել, ի՞նչ հարցեր ենք տվել ինքներս մեզ, ի՞նչ խնդիրներ ենք լուծել։

Մինչև այս հարցերին պատասխանելը հիշեցնենք, որ 2020-ին պատերազմ է եղել, և մենք պարտվել ենք։ Պարտվել ենք նախ և առաջ քաղաքական տկարամտության պատճառով։ Սա արձանագրենք, և անցնենք առաջ։

1․ Ի՞նչ նպատակներ ենք ձևակերպել։ Կարո՞ղ եք որևէ հոդաբաշխ սահմանում հիշել։ Չեք կարող։ Որովհետև այդպիսիք չկան։ Ինչո՞ւ չկան։ Որովհետև մեր երկրի քաղաքական վերնախավը՝ թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, ոչ մի կապ չունի պետական մտածողության հետ։ Օր․՝ մինչ իշխանությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը, հայտարարում է, որ ժողովրդավարությունն է Հայաստանի բրենդը, նրա հակառակորդները խոսում են ազգային պետության մասին։ Եվ սրանցից ոչ մեկը ապացույց, փաստարկ, սահմանում, ձևակերպում չունի։ Հարցրե՛ք ՔՊ-ականներին՝ ինչ է ժողովրդավարությունը, այն էլ՝ իրենց ժողովրդավարությունը, անմիջապես կհիշեն նախկիններին։ Ուրիշ «երգ» չգիտեն։ Հարցրե՛ք ընդդիմադիրներին՝ ինչ են հասկանում՝ ազգային պետություն ասելով, խնդրե՛ք, որ մեկ-երկու էջի սահմաններում ձևակերպեն իրենց «գաղափարը»։ Բացի հինավուրց առասպելներից՝ ուրիշ բան չեք լսի։

Իհարկե, այսպիսի վերնախավ ունեցող հասարակությունը չէր կարող անգամ մտածել պետության նպատակների մասին։

2․ Ի՞նչ հարցեր ենք տվել ինքներս մեզ։ Ճիշտ եք, առաջին տեղում էր «ինչո՞ւ պարտվեցինք»- ը, այնինչ պետք է լինեին «ինչո՞ւ հասանք պատերազմին» և «ի՞նչ անել երկիրը ոտքի կանգնեցնելու համար»-ը։ 

«Ինչո՞ւ պարտվեցինք»-ը չափազանց ձեռնտու հարց է մեր անպատասխանատու վերնախավի համար, որովհետև Փաշինյանին հնարավորություն է տալիս «նախկինների» թալանից խոսելու, իսկ քոչարյանականներին և մյուսներին՝ իշխանությանը դավաճան, հողատու, կապիտուլյանտ անվանելու։

Քիչ է մնում ասես՝ բոլորդ էլ ճիշտ եք, ապրե՛ք, բայց ստանում եք անբավարար և դուրս գալիս ասպարեզից։

Իհարկե, պատերազմից անմիջապես հետո (թեպետ դրանից առաջ էլ էր ակնհայտ) շատերը պարզորոշ տեսան, որ ՀՀ ղեկավարությունը, մեղմ ասած, համարժեք չէ, այսինքն՝ երկիրն իր պատմության դժվարագույն փուլում մնացել է անգլուխ։

3․ Ուրեմն առաջին խնդիրը, որ դրված էր հայ հասարակության առջև, պետությունը գլխատված վիճակից հանելն էր, այսինքն՝ մտածող, գործուն, իրատես իշխանություն ձևավորելը։ Խնդիրը չլուծվեց։

Եվ հիմա, երբ Հայաստանը նորանոր վտանգների առջև է կանգնած, երբ Արևմուտք-Ռուսաստան բախում է ծավալվել, մենք չունենք համարժեք իշխանություն, չունենք անգամ հույս ներշնչող վերնախավ, որ կկարողանար գոնե պահպանել մեր պետությունը։

Շատ լավ հասկանում ենք, որ պարտված, ջախջախված Հայաստանը որևէ դեր չի կարող խաղալ այս կոնֆլիկտում, սակայն անհրաժեշտ է արագ, շատ արագ լուծել անվտանգության խնդիրը տարբեր միջոցներով՝թե՛ դիվանագիտական, թե՛ ռազմական։ Բայց․․․

Երբ պատերազմից հետո ամիսներ շարունակ ոմանք կոնկրետ հարցեր էին տալիս փաշինյանական իշխանությանը մեր սահմանների անվտանգության մասին, ստանում էին անմեղսունակ պատասխան՝ ռուս խաղաղապահների հիշատակումով։ Այսինքն՝ կոնկրետ, շատ կոնկրետ խնդիրներ կան, որ պետք է լուծվեն։ Ամենակոնկրետը սահմանն ու բանակն են։ Իսկ ի՞նչ է անում մեր իշխանությունը։ Ճիշտ եք, ոչինչ չի անում։ Բանակն ամրապնդելու փոխարեն՝ զբաղված են Փաշինյանին պատերազմի մեղքից «մաքրագործելով», աղետի ամբողջ պատասխանատվությունը զինված ուժերի վրա գցելով։ Ահա սրա՛ համար էր պետք իբր ինքնակամ հանձնված գերիների և բանակում պեղված դավաճանների շոուն։ Կեղտոտ մեթոդներ են, որոնք, սակայն, համապատասխան արձագանքի չարժանացան, որովհետև մեր վերնախավն ավելի «կարևոր» հարցեր ունի։

Իսկ վերնախավի անլիարժեքության, տկարամտության պատասխանը, ցավոք, հասարակության դեգրադացիան է և ահագնացող արտագաղթը։

2020-ի նոյեմբերի 9-ից անցել է մեկ տարի 3 ամիս 17 օր։ Ժամանակը անողոք է, ոչինչ չի ներում, հատկապես՝ անուղեղությունը։ Աշխարհը ակտիվ պատերազմական փուլում է։ Որտե՞ղ ենք մենք, ի՞նչ նպատակներ ունենք, ի՞նչ խնդիրներ պետք է լուծենք, և ո՞վ է «զանգ կախողը»։

Զարուհի Գաբրիելյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1681 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ