...

Երկիրը պետք է վտանգից ազատել

Երկիրը պետք է վտանգից ազատել

Դժվար է թերագնահատել ռուս-ուկրաինական պատերազմի նշանակությունը մեր տարածաշրջանի, գուցե և ամբողջ աշխարհի համար։ Անշուշտ, չափազանց անկայուն, խառնակ ժամանակ է, բարդ իրավիճակ, որից գլուխ հանելու համար անհրաժեշտ են խելք, զգուշավորություն, պետությանը մեծագույն նվիրվածություն։ Ցավոք, ինչպես բազմիցս ենք ընդգծել, Հայաստանը չունի համարժեք իշխանություն։ Ուստի հասարակության հիմնական խնդիրը այն ձևավորելն է։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը Հայաստանի և Արցախի համար ծայրահեղ վտանգավոր է։ Հիմա բացատրենք՝ ինչու։
Նախ մի քանի փաստեր դնենք իրար կողքի։ 

1․ 2020-ի պատերազմի պատճառով Հայաստանը տարածաշրջանում կորցրեց իր կարգավիճակը։

2․ Արցախի բնակչությունը ֆիզիկական ոչնչացումից խուսափեց ռուս խաղաղապահների շնորհիվ։ Սա փաստ է, որի հետ հաշվի չնստել չենք կարող։

3․ Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում հաղթողի դիրքերից՝ թիկունքում ունենալով Թուրքիայի պես դաշնակցի, իսկ տնտեսական ասպարեզում՝ Արևմուտքին այնքա՜ն անհրաժեշտ էներգակիրներ։

4․ Թուրքիան ռուս-ուկրաինական պատերազմում արտաքուստ ստանձնել է միջնորդի դեր, սակայն զինամթերք է մատակարարում Ուկրաինային, Ղրիմը ռուսական չի համարում, իսկ երեկ արդեն թույլ չի տվել, որ զինամթերք տեղափոխող ռուսական նավերը հասնեն Սիրիա։

5․ Թուրքիան խաղում է իր խաղը՝ անհրաժեշտ դառնալով թե՛ Արևմուտքի, թե՛ Ռուսաստանի համար։

6․ Հայաստանը ․․․․

Հայաստանի «իշխանությունը» 2020-ի պատերազմից հետո երկրի համար կարևորագույն հարցերում կա՛մ ոչինչ չի անում, կա՛մ մտնում է կասկածելի խաղի մեջ։

Այսպես, ՀՀ ռազմական ներուժը վերականգնված չէ, սահմանները բարձիթողի վիճակում են, չունենք ԳՇ պետ։ 

Ապրիլի 24-ին պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը սահմանների մասին լրագրողի հարցին ինֆանտիլ պատասխան է տալիս՝ պնդելով, թե դիրքերում ամրություններ կառուցելը երկարատև գործ է։ Գոնե անտեղյակությունը ցույց չտա։ Կամ չալարի և ճշտի, թե Ադրբեջանը քանի օրում է նոր դիրքեր կահավորում։

Արտաքին հարաբերությունների ոլորտում վտանգների պակաս չկա։ Նիկոլ Փաշինյանը հանգիստ հայտարարում է, որ ընդունել է Ադրբեջանի 5 պահանջները։ Գնում է Բրյուսել, այնտեղ գլուխը շոյում են, հետո մեկնում է Մոսկվա և ինչ-որ երկար-բարակ համաձայնագիր ստորագրում, որտեղ մեզ հուզող խնդիրների մասին գրեթե ոչինչ չկա։ Ս․թ․ ապրիլի 13-ին, ԱԺ ամբիոնից պնդում է, որ պետք է իջեցնենք Արցախի կարգավիճակի նշաձողը։ Երեկ Ալիևը Շառլ Միշելին զեկուցել է, որ իր երկիրը կատարել է բրյուսելյան պայմանավորվածությունները։ Այսօր՝ ապրիլի 24-ին, Ադրբեջանի ՊՆ-ը դարձյալ հաղորդագրություն է տարածել, թե հայկական զինուժը դիվերսիայի փորձ է կատարել։ Դրանից մի քանի ժամ հետո լրատվամիջոցներում տագնապալի լուրեր են հայտնվում Ստեփանակերտը տարհանելու մասին, հերքվում են։ Առայժմ։

Նիկոլ Փաշինյանը, աշխատելով գոհացնել բոլորին, ֆռռացնել աշխարհիս մեծերին, փորձում է պահպանել իշխանությունը, որը, կրկնենք, վտանգ է Հայաստանի համար։ Որովհետև․

1․ Ռուս-ուկրաինական կոնֆլիկտը ձգձգվում է, Արևմուտքը փորձում է դուրս մղել Ռուսաստանը որտեղից ասես, նաև Կովկասից։ Արցախյան խնդրի շուտափույթ լուծումը հնարավորություն կտա կրճատելու ռուսական զինված ներկայությունը մեր տարածաշրջանում, այսինքն՝ Արցախում խաղաղապահների կարիք չի լինի, եթե մենք իջեցնենք նշաձողը։ Հետո հերթը կհասնի Հայաստանում ռուսական 102-րդ բազային։ Չկասկածեք՝ Ն․ Փաշինյանի շրջապատի արևմտամետները երազում են սրա մասին։ Նրանք դա չեն էլ թաքցնում, սակայն «խասիաթի» համաձայն՝ հանրությանը չեն ասում, որ մեր տարածաշրջանի Արևմուտքը Թուրքիան է։ 

2․ Ուկրաինայի նախագահ Զելենսկին պարբերաբար մուննաթ է գալիս Ադրբեջանի վրա՝ նշելով, թե բարեկամ երկրից ավելին էր սպասում, իսկ ուկրաինական որոշ քաղգործիչներ չեն թաքցնում՝ կուզենային, որ Կովկասում ռուսների դեմ երկրորդ ճակատ բացվեր։ Թե ում հաշվին, նրանց բնականաբար չի հուզում։ 

3․ Մենք ոչ մի երաշխիք չունենք, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան և նրա դաշնակից Ադրբեջանը Զելենսկու երազանքն իրականություն չեն դարձնի՝ որպես դաշնակից ունենալով ՀՀ անմեղսունակ իշխանությանը։

Արևմտամետներին և ռուսամետներին խորհուրդ ենք տալիս շատ չոգևորվել։ Մեզ համար կարևորը եղել և մնում են Հայաստանն ու Արցախը։ Ուստի ամեն ջանք պետք է թափենք երկիրը վտանգից ազատելու համար։

Զարուհի Գաբրիելյան
 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2587 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ