...

Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ

Ես գիտեմ, որ դու գիտես, որ ես գիտեմ

ՔՊ-ականները պնդում են, որ ս․թ․ հունիսի 3-ի բախումների պատասխանատուն ընդդիմությունն է։ Իսկ մենք միամտաբար կարծում էինք, թե իշխանությունն է պետության ներսում և դրսում կատարվող կարևոր իրադարձությունների պատասխանատուն։ Գուցե ՔՊ-ն իշխանությո՞ւն չէ։

Համենայն դեպս, մի բան պարզ է։ ՔՊ-ականները չեն հասկացել՝ ինչ է իշխանությունը։ Չեն հասկացել համարյա այնպես, ինչպես իրենց նախորդները։ 

ՔՊ-ի անմեղսունակությունից բնականաբար օգտվում է ընդդիմությունը, որի տարբեր ներկայացուցիչներ վերջին օրերին հաճախ են հիշում 2008 թ․-ի մարտի մեկը։ Իհարկե, այնպես, ինչպես իրենց է ձեռնտու։ Սրանց կարծիքով՝ արյունալի սպանդի մեղավորն այն ժամանակվա ընդդիմադիրներն էին, ի մասնավորի՝ Նիկոլ Փաշինյանը։ Հասկացա՞ք։ Այն ժամանակ էլ իշխանությունն անմեղ էր, ընդդիմությունը՝ մեղավոր։

Ստացվում է, որ մեր իշխանությունը միշտ անմեղսունակ է։ 

Իսկ հիմա լուրջ։ Տեսնենք՝ ո՞ւմ պատճառով 2008 թ․ մարտի մեկի ոճիրը մնաց անպատիժ, ո՞ւմ պատճառով է, որ այժմյան ընդդիմության ներկայացուցիչները լեզու են առել և հրապարակավ մեղադրում են ՀՀ այն քաղաքացիներին, որոնք 2008-ին փորձում էին պաշտպանել իրենց ընտրական իրավունքը։ Եվ վերջապես, ո՞վ էր 2018- ին պնդում, թե մարտի մեկն ամբողջությամբ բացահայտված է, իսկ այսօր ո՛չ ինքը, ո՛չ իր կուսակիցները հոդաբաշխ պատասխան չունեն այս առիթով։

Հիշենք․ 2018-ին Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրվեց մարտիմեկյան գործով։ Ի՛նչ խոսք, հեղափոխական  PR-ի քայլ էր, որի իրավական հիմքը, մեղմ ասած, պռատ էր։ Ավելին, քաղաքական ինչ-ինչ հաշվարկով Ռոբերտ Քոչրայանն այս գործով ազատվեց դատական հետապնդումից 2021-ի մարտին՝ ըստ Սահմանադրական դատարանի որոշման։ Ընդգծենք՝ սա արդեն նորացված Սահմանադրական դատարանն էր։ Այսինքն՝ նախկիններն այս որոշման հետ կապ չունեն։

2021-ի մարտից հետո 2008 թ․մարտի մեկի գործը «քնեց», մոռացության մատնվեց։ Անշուշտ, կարելի է կարծել, որ պատերազմից հետո այդպիսի գործերը դարձան երկրորդական։ Սակայն միայն դրանով չի կարելի բացատրել պետության հիմքերին ծանր հարված հասցրած ոճրի անպատիժ մնալը։ 

Կարծում ենք՝ Նիկոլ Փաշինյանը կա՛մ երբևէ մտադիր չէր այս գործը բացահայտելու, կա՛մ էլ շատ շուտ «ըմբռնեց» նախկին իշխանությունների դասերը։ Ինչպես ռուսներն են ասում՝ дурной пример заразителен (վատ օրինակը վարակիչ է)․․․

Ստացվում է, որ ոչ միայն օրվա ընդդիմությունն է փորձում կրկնել նախկին՝ 2018-ի ընդդիմության արածները, այլև իշխանությունն է դասեր առել նախկին՝ 2008-ի իշխանությունից։ 

Ուրեմն 2008-ի մարտիմեկյան դեպքերի այսօրվա խեղաթյուրումը ձեռնտու է ոչ միայն ընդդիմությանը, այլև օրվա իշխանությանը։ Մեկ էլ տեսար՝ պետք եղավ կրկնօրինակել։

Չի ստացվելու։ Չի ստացվելու այն ժամանակ հանուն սեփական իրավունքների պայքարող մարդկանց ներշնչել, որ իրենք խանութ թալանող խուլիգաններ էին կամ հակապետական տարրեր։ 

Չի ստացվելու, որովհետև պետության ներսում տիրող մթնոլորտի, ատելության խոսքի, կոռուպցիայի, անկարգությունների և մանավանդ Երևանի կենտրոնում իրականացվող բռնությունների և թափված արյան մեղավորը իշխանությունն էր և է։

Զարուհի Գաբրիելյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   2662 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ