...

Եթե գործի փոխարեն զավզակություն ես անում

Եթե գործի փոխարեն զավզակություն ես անում

Տեղեկատվական դաշտում ամենահաճախականը հիմա հետևյալ արտահայտությունն է․ «Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը․ ՀՀ ՊՆ», երկրորդ տեղում են Հայաստանի և Արցախի այս կամ այն բնակավայրի վրա թշնամու կրակոցների մասին հաղորդագրությունները։ Իսկ վերջին երկու օրերին հատկապես սոցցանցերը լցված են նախապատրաստվող պատերազմի մասին լուրերով։ 

Հետևաբար մեր մնացած մանր-մունր կռիվները երկրորդական և երրորդական են։ Նշեմ՝ մի՛շտ են այդպիսին եղել։ Հատկապես 2020-ի 44-օրյայից հետո «ՉԻ»-ն այն հազվագյուտ լրատվամիջոցներից էր, որը պարբերաբար հիշեցնում էր մեր իրական խնդիրների մասին․ այն է՝ բանակը, պաշտպանական ենթակառուցվածքները, սահմանային ամրությունները և, իհարկե, անիշխանությունը։

Շուտով երեք տարին կլրանա, ինչ մենք ապրում ենք՝ հստակ հասկանալով, որ Հայաստանի գլխավոր խնդիրն անիշխանությունն է։ Ընդ որում, խնդիրն ավելի սուր դարձավ 2021-ի խորհրդարանական ընտրությունից հետո, որը կարող էր լավ հնարավորություն լինել Հայաստանում նորմալ կառավարություն ձևավորելու համար։ Չեղավ, չարեցինք։ Հիմա նոր աղետի առջև կանգնած՝ ինքներս մեզ հարց տանք՝ ինչո՞ւ։ Այստեղ բազմաթիվ պատասխաններ կարող են հնչել, բայց իրականը մեկն է։ Որովհետև տնտեսական մեծ հնարավորություններ ունեցողների համար այսրոպեական շահը Հայաստանից կարևոր էր։ Չեմ պարզաբանում․ լավ գիտեք՝ ում և ինչի մասին է խոսքը։

Կասեք՝ ընդդիմությունը, մեդիան պարապ չեն մնացել։

Իհարկե, պատերազմից հետո ֆեյսբուքում ծամելու բազմաթիվ նյութեր են եղել։ Մեր պսևդոիշխանությունը, ի դեպ, այդ ծամոնների լավագույն մատակարարն է։

Այնինչ կարևորը սահմանն էր և է։ Ի՞նչ ենք արել, ավելի ճիշտ՝ ի՞նչ չենք արել, որ 2020-ի նոյեմբերի 9-ից հետո թշնամին ամրապնդվել է Հայաստանի ռազմավարական բարձունքներում՝ պարբերաբար մեծ ու փոքր հարձակումներ ձեռնարկելով։ 

Ասեմ՝ ինչ ենք արել։ Մի երկու օր վրդովվել ենք, մի երկու օր ողբացել ու հայհոյել ենք, հետո «հունի մեջ ենք ընկել»՝ քննարկման առարկա դարձնելով Ալենի մեքենան կամ Նիկոլի պեռաշկին։ Այնինչ, երկուսն էլ 2020-ից հետո պետք է ոչ միայն իշխանական աթոռներին չլինեին, այլև ինքներդ եք հասկանում՝ որտեղ։

Ասում եք՝ Նիկոլ Փաշինյանն է մեղավոր։ Ճիշտ եք։ Իսկ մե՞նք, դո՞ւք, երկրիս մտածող հատվա՞ծը։

Հիմա ինչ-որ խմբեր կան, որոնք ռազմական վարժանքներ են անցկացնում։ Լա՛վ են անում։ Բայց 21-րդ դարում ֆիդայական կռիվներով հարց չի լուծվում։ Ի դեպ, ֆիդայական խմբերը հարց չլուծեցին ո՛չ 19-ի վերջում, ո՛չ էլ 20-ի սկզբում։ 

Այսինքն՝ մարդկանց ինքնագործունեությունը, երբ կա պետություն և պետական բանակ, ողբերգական է, ցավալի։ 

Կրկնեմ՝ մեր ամբողջ գործունեությունը պետք է ուղղված լիներ պետության հիմքը՝ բանակը ամրապնդելուն։ Կրկնեմ՝ դրա համար մեզ նորմալ կառավարություն էր պետք։ Երեք տարի անդադար այս կամ այն էկրանից զավզակություն անելով՝ միայն մի բան եք ապացուցել․ իշխանության խնդիր չեք դրել։ Որովհետև խնդիր դնողը այն լուծում է։ Իսկ մեր վերնախավը թիթեռ է նկարում։ 

Զարուհի Գաբրիելյան

Հ․Գ․ ֆուտուրիստական․ Օտար պատմաբանները հետո մեր մասին գրելու են, որ ուրիշներին դաս լինի։ Բայց անպայման արձանագրելու են, որ օրհասի պահին Հայաստանն ամենազավզակ տղամարդկանց երկիրն էր։

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   434 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ