...

Ֆիդայիզմը պետության մերժումն է

Ֆիդայիզմը պետության մերժումն է

2020-ի պատերազմի աղաղակող խայտառակություններից մեկը Նիկոլ Փաշինյանի կոչն էր։ ՀՀ վարչապետը, երկրի փաստացի միահեծան ղեկավարը 2020-ի հոկտեմբերի 5-ին հորդորում էր, որ բանակից վերջին տարում զորացրվածները կամավորագրվեն։ Նրա խոսքում կային, այսպես ասած, կոդային բառեր․ օրինակ՝ Սարդարապատը (Սա նոր Սարդարապատ է): Սակայն ստորացուցիչ մասը հետևյալն էր․ «Քանի որ այս հատվածի համար (վերջին տարում զորացրվածների- Զ․Գ․) պետությունը մոբիլիզացիոն պլան նախատեսած չի եղել, և ես հիմա խնդրում եմ դա կամավոր անել, խնդրում եմ նաև, որ ովքեր ունեն զինվորական հագուստ, ձմեռային բաճկոն, եթե հանկարծ այլ մարդիկ ունեն սաղավարտ, զրահաբաճկոն, նաև այս մարդկանց խնդրում եմ, որ դա որևէ ձևով ուղարկեն և կենտրոնացնեն զինվորական կենտրոնական հավաքակայան»։ Ուրեմն երկրի փաստացի միահեծան ղեկավարը ի լուր աշխարհի խոստովանում է, որ կամավորների համար հանդերձանք անգամ չունի։ Երկրի փաստացի միահեծան ղեկավարը էժան սպեկուլյացիայի դիմելով՝ ոչնչացնում է պետության հիմքը՝ կանոնավոր բանակը՝ տուրք տալով ֆիդայիզմի գաղափարին։ Ինչո՞ւ։ Որովհետև․

1․ Նիկոլ Փաշինյանը չէր պատկերացնում, թե ինչ է պատերազմը (համոզված ենք՝ հիմա էլ չի պատկերացնում)։

2․ Նիկոլ Փաշինյանին օդ ու ջրի պես անհարժեշտ էր սեփական որդու կամավորագրումը, որին օրենքով զորակոչելու իրավունք չուներ։

3․ Ենթադրում ենք, որ Արցախի հարցը պատերազմով լուծելու ավանտյուրան կար նրա գլխում, սակայն վստահ էր կամ վստահեցրել էին, թե հետևանքները ծանր չեն լինի։

4․ Սարդարապատի զուգահեռը կամ Նոր Սարդարապատի հեռանկարը կարող էր աննախադեպ դափնեպսակ ապահովել հենց իր համար։

Անդրադառնանք, սակայն, միայն 1-ին կետին։ 

Այո՛, Նիկոլ Փաշինյանը չէր պատկերացնում՝ ինչ է պատերազմը։ Չէին պատկերացնում նրա թիմակիցները, նրան սատարող վերլուծագանգերն ու մտավորականները, չէին պատկերացնում ԱԺ պատգամավորները։ Եվ գիտե՞ք՝ ինչու։ Որովհետև Արցախյան առաջին հաղթական պատերազմից հետո քարոզչական բոլոր միջոցներով հասարակության գլուխը լցրել էին ֆիդայիզմով։ Այսինքն՝ հաղթել էին դաշնակները, կամավորները, Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը, բայց ի հեճուկս հայոց պետության։ Օրինակ՝ ցայսօր տարածում են, թե Շուշին գրավել են Լևոն Տեր-Պետրոսյանի «ինադու»։ 1992-ին ստեղծված կանոնավոր բանակը, պետական դիվանագիտությունը, պատերազմի տնտեսական կողմը՝ զենք, հանդերձանք, վառելիք և այլն, ոչ մի նշանակություն չեն ունեցել։ Կարևորը հաղթանակը մեջ-մեջ անելն էր և դրա հիմքերը նենգափոխելը։ Նենգափոխման գործով են զբաղվել թե՛ քաղաքական գործիչները, թե՛ վերլուծագանգերը, թե՛ մտավորականները։ Անգամ պատմաբանները, որոնք իրենք իրենց գիտնական են հորջորջում, չեն կարողացել, ավելի ճիշտ՝ չեն կամեցել պատերազմի և հաղթանակի իրական կողմը ներկայացնել հանրությանը։ Ահա ա՛յս մթնոլորտում են աճել Նիկոլն ու նիկոլիստները։

Հիմա խոսենք ֆիդայիզմի վտանգի մասին, որ կախված է երկրի գլխին։

2020-ի նոյեմբերից անցել է երկու տարուց ավելի։ Պարտության պատճառները պատշաճորեն ուսումնասիրված չեն։ Պատերազմի և պարտության հետևանքները գույքագրված չեն։ Բանակը բարձիթողի վիճակում է։ Դիվանագիտություն չկա։ Ինչո՞ւ։ 

Որովհետև Հայաստանում փաստորեն անիշխանություն է։ Անիշխանությունը, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի չիշխանությունը սնվում է տգիտությունից և ֆիդայիզմի սին գաղափարից։ Տեսե՛ք, այժմ էլ զանազան խմբեր, որոնցում գուցե նաև շատ ազնիվ մարդիկ կան, զարգացնում են Նոր Սարդարապատի պատումը։ Նույն խմբերը, անհատները հանրային գիտակցության մեջ փորձում են ամրապնդել դավաճան ռուսների կերպարը, աշխարհի անարդարության գաղափարը և կոչ են անում ինքնակազմակերպվելու։

Որքան էլ հարգենք ռազմական, ինքնապաշտպանական դասընթացներ կազմակերպող մեր հայրենակիցներին, պետք է արձանագրենք, որ ժամանակակից պատերազմում հաղթում են հզոր զինտեխնիկայով, տեղեկատվական տեխնոլոգիաներով, հզոր տնտեսական ռեսուրսներով։ Ունե՞նք դրանք։ Կարո՞ղ են ինքնակազմակերպված ֆիդայիները ձեռք բերել անօդաչու սարքեր, ջավելիններ կամ հայմերսներ։ Հարցը, անշուշտ, հռետորական է։ 

Ուրեմն ֆիդայիզմի դատարկ գաղափարն ամրապնդում է Նիկոլ Փաշինյանի աղետաբեր չիշխանությունը, այսինքն՝ Հայաստանը օրհասական պահին զրկված է իշխանությունից։

Վերջում նշենք՝ պարտությունից հետո մենք մեկ կարևորագույն խնդիր պետք է լուծեինք․ ձևավորեինք երկիրը դժվարին վիճակից դուրս բերելու ունակ իշխանություն։ Չարեցինք։ 

Զարուհի Գաբրիելյան  

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   506 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ