...

Յոթ քայլանոց կապիտուլյացիա․ առաջին քայլն արված է

Յոթ քայլանոց կապիտուլյացիա․ առաջին քայլն արված է

Հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի հատվածում տնկված «խաղաղության ստոլբայի»՝ իշխանական շրջանակներում հարուցած հորթային հրճվանքը տևեց ուղիղ երկու ժամ։ Նույն օրը Ալիևը հայտարարեց, թե դա քիչ է, խաղաղության համաձայնագրի ստորագրման այլ նախապայմաններ էլ կան։ Մասնավորապես՝ «հայերը պետք է փոխեն իրենց Սահմանադրությունը» և այնտեղից հանեն Անկախության հռչակագիրը, Հայաստանը պիտի փոխի իր զինանշանը և դրա վրա «Աղրիդաղի» փոխարեն այլ սար պատկերի, ինչպես նաև Ադրբեջանի արևելյան հատվածի և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցություն ապահովի, որը պիտի վերահսկի Ռուսաստանի սահմանապահ ծառայությունը։ Նույն օրը նույն ժամին Թուրքիայի նախագահն էլ հայտարարեց, թե ժամանակն է, որ հայերը հրաժարվեն «անհիմն հիշողություններից», ընդ որում՝ արագացված տեմպերով, որովհետև, ըստ նրա, «հնարավորությունների պատուհանը միշտ չէ, որ բաց է լինելու»։

Ինչո՞վ է տարօրինակ այս իրավիճակը։ Բանն այն է, որ միջազգային հարաբերություններում սովորաբար գործում է հետևյալ սկզբունքը՝ ստորագրվում է ինչ-որ համաձայնագիր, որից հետո կողմերը հստակ հերթականությամբ և ժամանակացույցով իրականացնում են այդ համաձայնագրի կետերը։ Իսկ մեր դեպքում հակառակն է՝ նախապես ստիպում են կետ առ կետ կատարել ենթադրաբար ապագա համաձայնագրում տեղ գտնելիք պահանջները, և միայն դրանից հետո են խոստանում (ընդամենը՝ խոստանում) ստորագրել համաձայնագիրը։ Հայաստանի իշխանություններն էլ, թշնամու բանավոր խոստումներից ոգևորված, հերթով կատարում են այդ պահանջներն ու ամեն անգամ դա ներկայացնում որպես մի չտեսնված-չլսված հաջողություն։

Իսկ ավելի կոնկրետ՝ իրավիճակն այսպիսին է․ Ադրբեջանն ու Թուրքիան տարածաշրջանում մեր գոյությունը հանդուրժելու դիմաց մեզանից 7 բան են պահանջում։ 1․Վերադարձնել «օկուպացված տարածքները», այդ թվում՝ երեք անկլավները, և ապահովել անխոչընդոտ կապը դրանց հետ։ 2․ Փոխել Սահմանադրությունը։ 3․ Փոխել պետական խորհրդանիշները։ 4․ Վերաշարադրել պատմությունը և պաշտոնապես հրաժարվել Ցեղասպանությունից։ 5․ Ապահովել անխոչընդոտ ցամաքային կապ Նախիջևանի հետ (պարզ ասած՝ «Զանգեզուրի միջանցք»)։ 6․ Ապահովել ադրբեջանցի փախստականների վերադարձը Հայաստան։ 7․ Փոխհատուցել «30-ամյա օկուպացիայի» համար։ 

Ընդ որում՝ այս յոթ կետերից առնվազն առաջին չորսը նրանք ներկայացնում են ոչ թե որպես խաղաղության համաձայնագրի բաղադրիչներ, այլ որպես նախապայմաններ՝ այդ համաձայնագրի շուրջ «առարկայական բանակցություններ սկսելու» համար։ Ավելին՝ մեծ հավանականությամբ, այդ չորս նախապայմանները կատարելուց հետո նրանք մյուս երեք պահանջները նույնպես կփորձեն ներկայացնել որպես նախապայմաններ։ Պարզապես հիմա չեն անում, որպեսզի հանկարծ մեր ժողովուրդը միանգամից շոկի մեջ չընկնի ու չքշի-տանի այս իշխանություններին։

Ուշադրություն դարձրեք՝ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջած յոթ կետերից առաջինն արդեն կիսով չափ կատարել է, 2-4 կետերի կատարումն էլ ոչ միայն «ցրցամ է տվել», այլև քարոզչական նախապատրաստումը համարյա ավարտին է հասցրել։ 5-րդ կետի շուրջ դեռ համառում է, բայց դրա պատճառն էլ ընդամենը այն է, որ Իրանն ու Ռուսաստանը կարող են միջամտել, թե չէ որ իրեն մնար՝ այդ պահանջը նույնպես սուսուփուս կկատարեր։ Ինչ վերաբերում է 6-րդ և 7-րդ կետերին, ապա Ադրբեջանը երևի այնքան էլ «չի նեղվի», եթե դրանք իրականացվեն ոչ թե նախքան խաղաղության համաձայնագրի ստորագրումը, այլ ընդամենը ֆիքսվեն այդ համաձայնագրում՝ որպես Հայաստանի ստանձնած պարտավորություն։

Սրանք են Նիկոլ Փաշինյանի ասած «ցավոտ, դժվարին ճանապարհի» յոթ քայլերը, ու Տավուշում հպարտորեն տնկված «խաղաղության ստոլբան» այդ ճանապարհի ընդամենը առաջին քայլի կեսն է։ Հիմա մեր որոշելիքն է՝ շարունակո՞ւմ ենք գնալ այդ ճանապարհով, թե՞ ոչ։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   4956 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ