...

Քարոզչական տեսահոլովակների սցենարներ

Քարոզչական տեսահոլովակների սցենարներ

Քանի որ նախընտրական պայքարը կամաց-կամաց թևակոխում է ակտիվ փուլ, նախապես մասնակից ուժերին առաջարկում ենք քարոզչական հոլովակների մի քանի տիպային սցենարներ։ Մեզ էլ ինչ կտաք՝ կտաք։ Եվ այսպես․

ՔՊ-Նիկոլ Փաշինյան։

Ինքն ու Աննան հեծանիվով սլանում են սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատված միջգյուղական ճանապարհով։ Քշելու ընթացքում Աննան գիրք է կարդում և ինտենսիվորեն կրթվում, իսկ ինքն աջուձախ բոլորին երկու ձեռքով սրտիկի նշան է ցույց տալիս, եկեղեցի տեսնելիս՝ անպայման երեք անգամ խաչակնքվում, հեծանիվից իջնում, խոնարհվում, հավաքում ծխախոտների մնացուկները․․․

Հասնում են ինչ-որ սահմանամերձ գյուղ։ Մինչ Աննան գյուղամիջի սրճարանում ավելուկով կրուասան ու մոթալ պանիր է պատվիրում, որպեսզի տեղական արտադրության պլեդի մեջ փաթաթված՝ գիրք կարդա, գյուղացիները շրջապատում են իրենց (գյուղացիների երջանիկ ժպիտները՝ խոշոր պլանով)։ «Ո՞նց եք, ժողովուրդ ջան, խաղաղությունը ո՞նց ա», հարցնում է ինքը։ «Շատ լավ ա, բալա ջան», արցունքախառը ժպտում է մի տատիկ, «մենակ եմ ապրում, էն նախկին բեմուրազների վախտով տղաներս թողեցին-գնացին խոպան, բայց էն օրը ադրբեջանցի սալդաթները էկան, ասեցին՝ տատի, ինչո՞վ օգնենք, արտս վարեցին, ձմեռվա փետը ջարդեցին, մեկն էլ ծաղկեփունջ նվիրեց․․․»։ «Բալա՛ ջան, բա էն Ռոբին, Սերժին, Լևոնին, դաշնակներին, տերտերներին ե՞րբ ես բանտերը լցնելու-սատկացնես», հիացմունքից դողդողացող ձայնով ասում է մեկ այլ բարի տատիկ, իսկ կնճռոտ դեմքով ու վճիտ հայացքով մի պապիկ (աչքերը՝ խոշոր պլանով) իրեն է նվիրում եռագույն ժապավենով մի քլունգ։ «Ախր ա՛յ մայրիկ ջան, ա՛յ հայրիկ ջան, ես ի՞նչ իրավունք ունեմ խառնվեմ իրավապահների գործերին», խեղճացած ձայնով ու սեփական անզորությունից հուզված հայացքով շշնջում է ինքը։ «Լա՛վ, էլի, Նիկո՛լ, մի մերժի», գլուխը նրա ուսին դնելով՝ մտերմիկ շշնջում է Աննան։ «Դե լավ, մի բան կմտածենք», խոստանում է ինքը, ու միանգամից բոլորը ցնծում են․․․

«Հայաստան» դաշինք-Ռոբերտ Քոչարյան։

Ինքը, սրճարանում նստած, ուսումնասիրում է տարածաշրջանի քարտեզը, անգլերենով ինչ-որ գիրք կարդում ու մատիտով նշումներ անում։ Հանկարծ ներս է մտնում մոտավորապես իր տարիքի մի մարդ ու իրեն տեսնելով՝ ասում «պրիվե՛տ, Ռոբ»։ Ինքն իսկույն ճանաչում է ուսանողական տարիների իր ընկերոջը, տեղից վեր ցատկում, մոտենում, ջերմորեն ողջագուրվում․․․ «Հիշո՞ւմ ես մեր ուսանողական տարիները», ասում է ընկերը, «ախր դու այն տարիներին է՛լ և շատ համարձակ էիր, և շատ բարի։ Հիշո՞ւմ ես՝ մի անգամ, երբ մի տատիկի օգնում էիր անցնել փողոցը, նկատեցիր, որ մի փոքրիկ փիսիկ բարձրացել է ծառը ու չի կարողանում իջնել, անմիջապես բարձրացար և կյանքդ վտանգելով՝ իջեցրեցիր փիսոյին»։ «Իհարկե հիշում եմ», թախծոտ աչքերով ասում է ինքը, «բայց նախագահությանս առաջին տարիներն ավելի ծանր էին։ Գիշերները Բելլայից թաքուն կայարանում վագոն էի դատարկում, որ կարողանամ տղաներիս ուսման վարձը վճարել, հետո իմացա՝ այդ ժամերին ինքն էլ ինձանից թաքուն թխվածք էր թխում ու հանձնում խանութներին․․․»։

Պատկերը փոխվում է։ Այդ նույն ընկերոջ հետ իրենց տանն են։ Պատին իր լուսանկարն է՝ զինվորական համազգեստով, իր խոցած 12 ադրբեջանական տանկերի վրա նստած (խոշոր պլան), որդին թոռան հետ շախմատ է խաղում, տիկին Բելլան խոհանոցում ինչ-որ բան է պատրաստում․․․ Հեռախոսը զանգում է։ «Ռոբիկ, քեզ քո ընկեր Վոլոդյան է զանգում», ասում է տիկին Բելլան։ Ինքը վերցնում է լսափողը․ «ալո՛, Վլադիմիր Վլադիմիրովիչ․․․ ի՞նչ․․․ իհարկե մասնակցելու եմ․․․ ասում եք իմ հաղթելու դեպքում Արցախը կվերադարձնե՞ք․․․ դե իհարկե կհաղթեմ․․․»։

Պատկերը փոխվում է։ Ինքը սերֆինգ է քշում։ Նկարահանումներն Էգեյան ծովում են, բայց այնպես է նկարված, որ տպավորություն ստեղծվի, թե Սարսանգի ջրամբարն է։ «Վերադառնում եմ ես՝ վերադառնում ենք բոլորս», կադրից դուրս հնչում է հաղորդավարի ազդու ձայնը․․․ 

շարունակելի

ՎԱՐԿԱՆԻՇ

   166 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ