...

Գժե՛ր, գժվեք. Հ1-ում «աբխոդ» է

Գժե՛ր, գժվեք. Հ1-ում «աբխոդ» է

Իշխանությունները շատ են սիրում փիլիսոփայել իրենց դեմ սանձազերծված հիբրիդային մեդիա պատերազմի մասին: Սիրում են ասել, որ իրենք այդ պատերազմի զոհերն են:

Չգիտենք՝ կա՞, թե՞ չկա հիբրիդային պատերազմ, բայց երեկվա Հ1-ի ռեպորտաժից կարելի է հետևություն անել, որ գործող իշխանությունները տառապում են Ստոկհոլմյան սինդրոմով: Նրանք արդեն անթաքույց սիրում են իրենց նկատմամբ մեդիա պատերազմ հայտարարածներին:

Մի քանի օր առաջ համացանցում դեկտեմբերի 27-ին Էջմիածին գնալու և Կաթողիկոսի հրաժարականը պահանջելու ինչ-որ կոչ հայտնվեց: Կոնկրետ չպարզվեց, թե ովքեր են նախաձեռնել, քաղաքական և հասարակական հայտնի ուժերից և ոչ մեկը իր պատրաստակամությունը չհայտնեց աջակցելու այդ միջոցառմանը, բայց ռևանշի ուժերը լավագույնս օգտագործեցին իրենց իսկ կողմից նետված խայծի հասարակական արձագանքները և երեկ Էջմիածնում բեմադրեցին շոու, թե իբր եկել և պաշտպանում են մեր եկեղեցին:

Ի՞նչ է անում Հ1-ը: Փոխարենը հասարակությանը բացատրի, որ կոչը ֆեյք նյուզ էր, բացատրի, որ իշխանությունները որևէ կապ չունեն այդ ֆեյք կոչի հետ, որ ընդդիմադիրները փորձում են պիառվել չեղած օրակարգի միջոցով, հարցազրույցներ է վերցնում տարբեր «շահագրգիռ» անձանցից, որոնք կոկորդները պատռելով ներկայացնում են, որ եկել են պաշտպանելու եկեղեցին ու Կաթողիկոսին: Ումից և ինչից՝ հայտնի չէ:

Բայց սա ամենը չէ, ինչ Հ1-ը որոշել էր անել այդ թեմայի շուրջ: Հ1-ը գնաց ավելի առաջ և թեման օգտագործելով՝ լավագույնս հաստատեց ընդդիմադիրների պնդումը, թե պետություն չկա:

Հարցազրույց են վերցնում Ղրիմի աշխարհազորայինների ղեկավար ներկայացած Սամվել Մարդոյանից, որը պնդում է, թե եթե ժողովուրդը չգար, ինքը կզանգեր Ղրիմ և այնտեղից 5 ինքնաթիռ վարձկաններ կբերեր, որոնք կպաշտպանեին մեր հավատքը:

Ահա այսպիսի հիբրիդային մեդիա պատերազմներ: Այսինքն՝ չկա պետություն, չկա իրավապահ համակարգ, գործող իշխանությունը չունի հնարավորություն պաշտպանելու իր քաղաքացիներին, և դա անհրաժեշտության դեպքում կանի ինչ-որ ֆեյք աշխարհազորայինների խումբ իր 5 ինքնաթիռներով:

Մյուս անգամ 5-րդ ալիքից ու մնացածից դժգոհելուց առաջ նայեք, թե դուք ինչ եք անում: 5-րդ ալիքը և մնացածը գոնե ազնիվ են, չեն թաքցնում, թե ում են ծառայում:

Արիս Վաղարշակյան

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1057 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ