...

Գոլորշին էլ նշաձող ունի

Գոլորշին էլ նշաձող ունի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ԼՂ կարգավիճակի հարցում նշաձող իջեցնելու վերաբերյալ միջազգային հորդորների մասին իր հայտարարությանը հաջորդած քննարկումներին, ասել է. «ԼՂ կարգավորման վերաբերյալ 2016թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ներկայացրած առաջարկությունները ոչ այլ ինչ են, քան նշաձողն իջեցնելու փաստաթուղթ, որովհետև դրա առանցքային իմաստը ԼՂ կարգավիճակի հարցի հետաձգումն էր՝ անորոշ ժամանակով... Նշաձողն իջեցնելու հորդոր էր՝ ԵԱՀԿ 1996թ. լիսաբոնյան գագաթնաժողովը, նշաձողն իջեցնելու հորդոր էր 1999թ. ընդհանուր պետության գաղափարը, նշաձողն իջեցնելու հորդոր էր 2001թ. քիվեսթյան գործընթացը, 2007թ. մադրիդյան սկզբունքները....»:

«ՉԻ». Այս ամենն արդեն վաղուց հիշեցնում է համաշխարհային ջրապտույտը. անձրև-գոլորշի-ամպ, անձրև-գոլորշի-ամպ: Հիմա որ իշխանությունների հասցեին անձրև ես տեղում, գոլորշի են բաց թողնում, հասցնում մինչև 1990-ականները, էդ գոլորշին 1998-ով, 1999-ով, 2001-ով հավաքվում, ամպ է դառնում, հասնում մինչև մեր օրերը, հետո նորից հետ գնում: 

Ուղղակի 1996-ին մենք իշխանություն ունեինք, որն իրեն կարող էր թույլ տալ մերժել Արցախի կարգավիճակում ցանկացած նշաձողի իջեցում: Ու դրա արդյունքը 1997-ի փուլային տարբերակն էր, որտեղ որևէ նշաձողի մասին խոսք չկար: Հետաքրքիր է, որ Նիկոլ Փաշինյանը գոնե այստեղ 1997-ի մասին չի հիշատակել: Իսկ եթե նշաձողի մասին խոսք չկար, հետևաբար, չեղած բանը հնարավոր չէր թաքցնել:

Բայց դա՝ 1996-ին: Իսկ հիմա Փաշինյանը չի կարող մերժել նշաձողն իջեցնելու մասին հորդորը: Շատ պարզ պատճառով. որովհետև 1996-ին ապազգային իշխանություն էր, ոնց որ Տեր-Պետրոսյանին հաջորդած բոլոր ղեկավարների օրոք էին պնդում, իսկ նրանից հետո միայն ազգային իշխանություններ են եղել: Փաշինյանը այդ ազգային հայրենասիրական իշխանություններից ամենաազգայինը դուրս եկավ, դրա համար չի կարող մերժել: 

 

#Tags / Պիտակներ

ՎԱՐԿԱՆԻՇ

   1592 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ