...

Նիկոլի բեմադրած հիստերիան՝ Բաքվում գրված սցենարով

Նիկոլի բեմադրած հիստերիան՝ Բաքվում գրված սցենարով

Նիկոլ Փաշինյանն ու զոդման ապարատը մի նմանություն ունեն՝ երկուսի «աշխատանքային պրոցեսի» դեպքում էլ մի քանի վայրկյանից ավել նայելն առողջությանը վնաս է։ Մի դեպքում մարդու տեսողությունն է տուժում, մյուս դեպքում՝ հոգեկան վիճակը։ Բայց արդյո՞ք հնարավոր է առաջիկա ընտրություններում կողմնորոշվել՝ առանց Նիկոլ Փաշինյանի հիստերիաներին և ընդհանրապես՝ քարոզարշավին հետևելու։ Պատկերացրեք՝ հնարավոր է։ Դրա համար պետք է ընդամենը մի կողմ դնել էմոցիաները և գտնել այս ընտրությունների թերևս ամենակարևոր հարցի պատասխանը՝ ի վերջո ինչո՞ւ է Ադրբեջանը պաշտպանում նրա թեկնածությունը։

Իրականում սա ավելի բարդ հարց է, քան կարող է թվալ առաջին հայացքից։ Եվ խնդիրը միայն այն չէ, որ 2021-ից հետո Նիկոլը սուսուփուս կատարել է Ալիևի բոլոր պահանջները և այդպիսով դարձել նրա «աչքի լույսը»։

Բանն այն է, որ Բաքվում շատ լավ հասկանում են՝ այն, ինչ անցած 5 տարիներին արել է իրենց «աչքի լույս» Նիկոլը (վերջնականապես փակել է ղարաբաղյան խնդիրը, ղարաբաղյան շարժումն անվանել է «արկածախնդրություն» և դրանով իսկ արդարացրել Արցախի հայաթափումը, փաստացի հրաժարվել է Արաքսի երկայնքով ձգվող ՀՀ տարածքի նկատմամբ մեր լիարժեք ինքնիշխանությունից՝ որպես Ադրբեջանին սուվերեն միջանցք տրամադրելու առաջին միջանկյալ քայլ, և այլն), այդ ամենը լեգիտիմ չէ։ Լեգիտիմ չէ, որովհետև Հայաստանի ժողովուրդը նրան այդպիսի մանդատ չէր տվել, Նիկոլ Փաշինյանն այդ ամենը ինքնագլուխ է արել։ Բաքվում հասկանում են, որ 2021-ի և 2026-ի Նիկոլները բոլորովին տարբեր թեկնածուներ են, որովհետև 2021-ին վարչապետ է դարձել «Հադրութ ու Շուշի հետ բերել խոստացող» Նիկոլը, իսկ հիմա փորձում է վարչապետ դառնալ Ադրբեջանին նոր տարածքներ և «սուվերեն միջանցք» խոստացող Նիկոլը։ Եվ Ալիևի համար չափազանց կարևոր է, որ Հայաստանի ընտրություններում հաղթի հենց «2026-ի մոդիֆիկացիայի Նիկոլը», որովհետև այդ դեպքում արդեն լեգիտիմության հարց չի առաջանա։ Հայաստանում այլևս որևէ մեկը չի կարող ծպտուն հանել, թե «Նիկոլը մեզ խաբելով դարձավ վարչապետ ու հիմա հակառակն է անում», որովհետև Բաքվից (և ոչ միայն) անմիջապես կհակադարձեն՝ «հեքիաթներ մի՛ պատմեք, մարդը պարզ ասել է, որ տարածքներ էլ է տալու, միջանցք էլ է տալու, սեփական պատմությունն էլ է ուրանալու, ձեր միջի դիմադրողներին էլ հանցագործներ է անվանել, ու դուք այդքանից հետո ծափ-ծիծաղով ընտրել եք նրան»։ Ահա այս լեգիտիմությունն է պետք Ալիևին, որովհետև եթե հիմա նա մեզ անվանում է «կապիտուլացված ազգ», հետագայում կարող է հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները ներկայացնել որպես իր ասածի «փաստաթղթային հիմնավորում»։

Ի դեպ՝ սա նշանակում է նաև, որ ընտրողների վարքագիծը նույնպես պիտի փոխվի 2021-ի համեմատ։ Որովհետև Նիկոլ ընտրողներն առաջվա պես չեն կարողանալու արդարանալ, թե «դե մենք ի՞նչ իմանայինք, մենք Հադրութ ու Շուշի հետ բերողին էինք ձայն տվել»։ Նիկոլ Փաշինյանը հենց դրա համար էլ հիմա ամեն ինչ բաց տեքստով է ասում՝ այո՛, էլի եմ տարածքներ տալու, բոլոր դիմադրողներին էլ հատ-հատ կզացնելու եմ, «ու վաբշե դուք ո՞վ եք»։ Որպեսզի իրեն ձայն տվածներից որևէ մեկը հետագայում «ատմազկա» չունենա, ու ինքը հանգիստ ասի՝ «դո՛ւք եք մեղավոր, դո՛ւք եք ինձ ընտրել, ես ասում էի, չէ՞, թե ինչեր եմ անելու, չէիք ուզում՝ չընտրեիք»։

Նույնն էլ մենք ենք ասում, բայց ընտրություններից 20 օր առաջ․ «Նիկոլի անելիքները գիտեք, չեք ուզում՝ մի՛ ընտրեք»։

Մարկ Նշանյան

ՎԱՐԿԱՆԻՇ

   31 ԴԻՏՈՒՄ

Տարածեք

ՆՄԱՆԱՏԻՊ ՆՅՈՒԹԵՐ
Դեպի ՎԵՐ